ԹԵ ԻՆՉՊԵՍ ԴԵՍՊԱՆԻ ԽՈՀԱՐԱՐԸ ԴԱՐՁԱՎ «ԽԱԲԵԲԱ» ՈՒ «ՍՐԻԿԱ»
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Խորհրդային ԱԳՆ-ում կար մի այսպիսի թևավոր արտահայտություն-կատակ. «Դիվանագետ աշխատելու համար պետք է իմանալ ընդամենը երկու բան` օտար լեզու և ավտոմեքենա վարել»: Դրա հիմքում ընկած էր այն իրողությունը, որ օտար լեզուների իմացությանը Սմոլենսկի հրապարակում տալիս էին առաջնային նշանակություն:

Փորձառու դասախոսները շաբաթը երկու անգամ աշխատանքային ժամերին պարտադիր պարապում էին դիվանագետների հետ: Նույնը` արտասահմանում աշխատելիս: Տարին մեկ անգամ վերջիններս քննություն էին հանձնում` բանավոր և գրավոր, ամենայն խստությամբ: Եվ ստանում էին հավելյալ գումար` եվրոպական լեզուների համար` 10 %, այլ լեզուների համար` 20 %: Արտաքին գործերի նախարար դառնալուց հետո Էդուարդ Շևարդնաձեն իմանում է այդ մասին և կարգադրում. «Տոկոսները թողեք նույնը, իսկ վրացերենի իմացության համար սահմանեք 30 % հավելավճար» (1980-ական թվականների ԱԳՆ-ի հումոր): Կարծում եմ` օտար լեզուներով դպրոցներ բացելու փոխարեն մեր իշխանությունները կարող են այդպիսի օրենք ընդունել հանրապետության պետական հիմնարկներում` հայոց լեզվի գոնե բավարար իմացության համար սահմանելով որոշակի հավելավճար:

…Սենեգալում ԽՍՀՄ-ի դեսպանը հավատարմագրված էր նաև հարևան փոքր երկրում` Գամբիայում: Առաջինը նախկին ֆրանսիական գաղութ էր, երկրորդը` բրիտանական: Նրանց պետական լեզուներն իրենց մետրոպոլիաների լեզուներն էին մնացել` ֆրանսերենը և անգլերենը: Մոսկվան Գամբիայի մայրաքաղաք Բանջուլում նստավայր չուներ, և ամիսը գոնե մեկ անգամ ԽՍՀՄ-ի դեսպանը, վերջինիս խորհրդականը, վարորդը և խոհարարն այցելում էին այդ երկիր, որտեղ մի քանի օր աշխատում էին տեղական իշխանությունների և դիվանագիտական կորպուսի հետ:

Գամբիան, լինելով արևմտամետ (կարդացեք` անգլիամետ) երկիր, խորհրդային դիվանագետներին մշտական վիզա չէր տալիս և ամեն այցելությունից առաջ պահանջում էր նոտա` ժամանակավոր վիզաներ հատկացնելու համար: Եվ դա անում էր չկամությամբ, ուշացումով: Պատճառը նաև այն էր, որ 1981 թվականին Բանջուլի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո նախագահ Դաուդա Ջավարան դրանում համառ կերպով փնտրում էր Մոսկվայի «հետքը», չնայած այդ հարցում «սովետները» մեղք չունեին, բայց, ինչպես ասում են, ավելի լավ է աչքը դուրս գա, քան անունը: Եվ ահա փոխհյուպատոս Վիկտոր Պետրովը հերթական վիզա խնդրելու համար նոտա է ուղարկում Գամբիայի բարձր կոմիսարիատ, այսինքն ԱԳՆ` նշելով համապատասխան անձանց անուն-ազգանունները և պաշտոնները:

Պետրովը պրոֆեսիոնալ դիվանագետ չէր և անգլերեն վատ գիտեր: Նա աններելի անփութություն է անում: Խոհարար Ալեքսեյ Դենիսովի անվան դիմաց «cook»-ի` «խոհարարի» փոխարեն գրում է «crook», որն անգլիական ժարգոնով` սլենգով, նշանակում է խաբեբա, սրիկա, խարդախ: Թե ինչպես այն ընկալեցին գամբիացիները, միայն կարելի է գուշակել: Սակայն Դենիսովը վիզա չստացավ, իսկ դեսպանությունն այլևս այն չպահանջեց: Դեսպանն այդ առիթով գրավոր նկատողություն արեց փոխհյուպատոսին և պարտադրեց լրջորեն պարապել անգլերեն:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1373 reads | 20.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com