ՑՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱԼԻՆԻ, ՉԵՐՉԻԼԻ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Սոցիալիզմի կենսունակության, ԽՍՀՄ-ի արտաքին քաղաքականության և դիվանագիտության առավելության անժխտելի ապացույցը լենինյան ազգային քաղաքականության «հաղթանակն» էր, որը խորհրդային ժողովուրդներին «ապահովել» էր եղբայրություն ու հավերժական բարեկամություն: Կայսրության փլուզումն ի հայտ բերեց այդ «բարեկամության» արատները, սրեց ժողովուրդների քողարկված հակամարտություններն ու հակասությունները` տարածքային, պատմական, տնտեսական, մշակութային:

…Հայկական կոնյակը լավն է: Բարձր են գնահատել ամենուր, նաև կոնյակի հայրենիքում` Ֆրանսիայում: Մասնագետների կարծիքով, գոյություն ունի կոնյակի երկու տեսակ` ֆրանսիական և հայկական: Մնացած բոլոր կոնյակները միասին մտնում են երրորդ տեսակի մեջ: Եվ ինչպես ամեն մի հանրահայտ երևույթի, այնպես էլ հայկական կոնյակի շուրջ պտտվում են իսկական, բայց ավելի հաճախ` մտացածին պատմություններ: Ըստ դրանցից մեկի` 1943 թվականին` Թեհրանում հակահիտլերյան կոալիցիայի երեք մեծ տերությունների ղեկավարների խորհրդաժողովի օրերին, իբր Ստալինը Չերչիլին հայկական «Դվին» կոնյակ է հյուրասիրում, իսկ վերջինս այնքան է հավանում այն, որ մինչև կյանքի վերջը օրական խմում է մեկ շիշ «Դվին»:

Ազգային հպարտությունը շոյող այս առասպելով ոգևորողներին պետք է հիասթափեցնեմ: Թեհրանի խորհրդաժողովի վերաբերյալ գրականության մեջ նման դիպված համենայնդեպս չի հիշատակվում: Նման վկայություն չկա նաև թե Ստալինի թարգմանիչ Վալենտին Բերեժկովի գրքերում, թե Չերչիլի հուշերում: Սա առասպելի քնարական մասն է, որը, սակայն, ամենևին էլ չի նսեմացնում հայկական ազնվագույն ըմպելիքի արժանիքները: Բայց որ Չերչիլն իրոք օգտագործել է մեր մյուս տեսակավոր կոնյակներից տարբերվող աստիճանի «Դվին» կոնյակը, փաստ է: Երբ և ինչպես է Անգլիայի պրեմիերը համտեսել ու հավանել այն, դժվար է ասել: Վերջին հաշվով` էականը դա չէ: Այսօր էլ Երևանում ապրում են մարդիկ, որոնք անցյալ դարի 60-ականների սկզբներին, զբաղեցնելով բարձր պաշտոններ, միութենական «Սոյուզպլոդիմպորտ» կազմակերպությանը պարբերաբար առաքել են «Դվին» կոնյակ` Չերչիլին փոխանցելու համար:

…Մեր բարեկամ վրացիները, հավանաբար քաջատեղյակ լինելով այս ամենին, 70 տարի անց հայկական առասպելի հենքի վրա ստեղծել են վրացական լեգենդ-շոու` նույն միզանսցենով և նույն հերոսներով: Եթե իրերն անվանելու լինենք իրենց անուններով, սա էժանագին պլագիատ է` գրագողություն: Խոսքը վերաբերում է այսօր Նյու Յորքում հեռուստատեսությամբ և մամուլում լայնորեն գովազդվող վրացական «Ենիսելի» և «Գռամնի» կոնյակներին:

Փորձեմ հնարավորինս ձեզ ծանոթացնել այդ «ներկայացման» մանրամասներին, որտեղ առկա են փաստերի այնպիսի աղավաղումներ, գրոտեսկային այնպիսի շարահյուսություն, որ հանրահայտ գերմանացի բարոնի հեքիաթները դրանց համեմատությամբ երեխայի թոթովանք կարող են թվալ: Խե¯ղճ ֆրանսիացիներ, խե¯ղճ Նիկոլայ Լվովիչ Շուստով` հայկական կոնյակի նախահայր, խե¯ղճ լուսահոգի Մարգար Սեդրակի Մարգարյան` Սոցիալիստական աշխատանքի հերոս, տարբեր տեսակավոր կոնյակների հեղինակ: Թբիլիսիում ստեղծված և Նյու Յորք հասած գովազդի հնչյունների ներքո ֆրանսիացի և հայ կոնյակագործներն այն աշխարհում, հավանաբար, պտտվում են իրենց առանցքի շուրջը ռեակտիվ արագությամբ…

Հայտնի է, որ կոնյակն առաջին անգամ պատրաստել են 1836 թվականին, Ֆրանսիայի Շարանտա դեպարտամենտի կենտրոնում` Կոնյակ քաղաքում: Իսկ դեռ խորհրդային տարիներին վրացիները հայտարարեցին, որ իրենց կոնյակի արտադրությունը 1885 թվականին հիմնադրել է Սարաջևը (կարող եք կարդալ` Սարաջյան): Մոռանալով իրենց իսկ հայտարարած այս տարեթիվը` «Ենիսելիի» և «Գռամնիի» քարոզիչները վրացական կոնյակի արտադրության սկիզբը տանում են անհիշելի ժամանակներ, երբ նման խմիչք դեռևս գոյություն իսկ չի ունեցել: Հետո մենք տեղեկանում ենք, որ տարիներ շարունակ Կրեմլում խմել են միայն վրացական կոնյակ: Դա այն դեպքում, երբ պետական արարողակարգի խորհրդային դիվանագետների գնահատմամբ` վրացական «Սամտրեստի» կոնյակը մեծ համարում չուներ: Սակայն գովազդի մեխը Ստալին-Չերչիլ հանդիպումն է: Կրկին Թեհրան, ընթրիք` խորհրդային դեսպանությունում, կոնյակ, բայց այս անգամ` այլ: Քեռի Ջոն, նույն ինքը` Ստալինը, Չերչիլին հյուրասիրում է ֆրանսիական կոնյակ` առանց պիտակի հախճապակե շշով: Անգլիացու ռեակցիան զրոյական է: Հետո նրան նույն կերպ հրամցնում են վրացական կոնյակ: Չերչիլի դեմքը պայծառանում է.
– Սա իսկական ֆրանսիական կոնյակ է,– նկատում է նա: Ստալինը խորամանկ ժպտում է բեղի տակ:
– Ոչ, դա վրացական կոնյակ է:

Ընթերցողի թույլտվությամբ, կարտահայտվեմ երևանյան ժարգոնով: Չերչիլն այդ խոսքի վրա «խփնվում» է: Հետո, ուշքի գալով, խնդրում է, որ Ստալինն իրեն մշտապես ուղարկի այդ հրաշք խմիչքից: Խնդրանքը, բնականաբար, կատարվում է: Հետո գովազդի հեղինակները քաղաքական «խորիմաստ» եզրահանգում են անում: Մոռանալով Սոսոյի բարի ժպիտի մասին ասվածը` նրանք այն «փայլուն» միտքն են հայտնում, որ Չերչիլն ակամա փրկել է վրաց կոնյակագործների կյանքը: Նշում են, որ, եթե չլիներ նրան կոնյակ ուղարկելու խնդիրը, ժողովուրդների հայրը բոլորին աքսորելու էր Սիբիր, և վրացական կոնյակը դադարելու էր գոյություն ունենալուց:

Եվ վերջինը, որն ուղեղի իսկական «սալտո-մորտալե» է, եթե, իհարկե, այն լուրջ է ասված: Պարզվում է, որ Իոսիֆը հենց այնպես չի տվել Ուինստոնին համտեսելու իր «ազգային» խմիչքը: Նա դաժան խաղ է խաղացել միամիտ անգլիացու գլխին: Մի խոսքով` Չերչիլին «քաշել» է: Բռնապետը նրան նստեցրել է վրացական կոնյակի «ասեղի» վրա և այնքան հիմնավոր ու խորը, որ Ուինստոնը, մոռանալով իր սիրելի Կլեմանտինային էլ, հետպատերազմյան Ալբիոնի բազմաթիվ հոգսերն էլ, ամեն-ամեն բան, անընդհատ խմել է վրացական կոնյակ: Եվ զարհուրելին այն է, որ նրան մշտապես հետապնդել է այն կպչուն միտքը, թե կոնյակը կարող է թունավոր լինել: Մտածել է, բայց չի հրաժարվել խմելուց. անզոր է եղել: Չի կարողացել մարդը և վերջ: Կատարյալ մազոխիզմ:
ՎՈՒՅ ՄԵ¯:

...Գովազդը պատրաստել են դուդուկի մելամաղձոտ, մեղրածոր մեղեդու նվագակցությամբ: Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչու հաղորդավարը մոռանում է ասել, որ դուդուկը վրացական «ավանդական» երաժշտական գործիք է և որ այն ծնվել է շատ դարեր առաջ Քուռի ափերում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
2068 reads | 15.05.2013
|
avatar

avatar
1
Hetaqrqir njut e, shnorhakalutjun.

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com