ԵՐԲ ՅՈՒՐԱՅԻՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՅՈՒՐԱՅԻՆԻ ԴԵՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Բիսմարկը գրել է, թե երբեք չի հավատացել իր հետախույզներին, որովհետև նրանք ժամանակի մեծ մասը վատնում են պատմություններ հորինելու համար, որպեսզի հաստատեն իրենց անփոխարինելիությունը և ապացուցեն, թե իրենց հատկացված փողերն իզուր չեն ծախսվել: Իսկ ամերիկացի հայտնի գեներալ Դուգլաս Մակարթուրն ասել է. «Պետք է հաշտվել այն մտքի հետ, որ հետախուզական տվյալների ընդամենը 5 %-ն է համապատասխանում իրականությանը»: Ե՜վ կանցլերը, և՜ գեներալն ակներևաբար չափազանցում են:

Իրականում, անգնահատելի է հետախուզության դերը երկրի պետականության պահպանման գործում՝ նրա արտաքին քաղաքականության իրականացման առումով: Այժմ` դիվանագիտության և հետախուզության հարաբերությունների մասին: Սրանք սիմբիոզ են: Միանշանակ: Սակայն կա մի հանգամանք, որը լրջորեն խոչընդոտում է պետական այդ մարմինների արդյունավետ փոխգործակցությանը: Խոսքը վերաբերում է այսպես կոչված արտաքին հակահետախուզությանը, որը գոյություն ունի բոլոր երկրների դեսպանություններում: Այդ կառույցի խնդիրը արտասահմանում դիվանագետների, լեգալ հետախույզների, ինչպես նաև իր երկրի բոլոր ֆիզիկական անձանց անվտանգությունն ապահովելն է և օտար երկրների հատուկ ծառայությունների կողմից նրանց հավաքագրումը կանխարգելելը: Մինչդեռ խորհրդային տարիներին այդ ծառայությունը որդեգրել էր միանգամայն արատավոր և պարադոքսալ գործելակերպ: Նա հետապնդում էր նրանց, ում կոչված էր պաշտպանելու:

ՊԱԿ-ն ստեղծել էր արտաքին հակահետախուզության «K» վարչությունը` գեներալ Օլեգ Կալուգինի գլխավորությամբ: Եվ այդ վարչությունը դարձել էր սեփական քաղաքացիներին լրտեսելու գործիք, վերածվել բարքերի պահպանման ոստիկանության: «K» վարչությունն առաջնորդվում էր այն վտանգաշատ փիլիսոփայությամբ, թե թշնամական հակահետախուզությունը կարող է հավաքագրել արտասահմանում հայտնված խորհրդային յուրաքանչյուր քաղաքացու: Հավաքագրման «օբյեկտ» կարող էր լինել ամեն ոք` սկսած դեսպանից: Ուշագրավն այն է, որ «կասկածյալների» ցուցակում ընդգրկված էին լինում հենց նույն հակահետախույզների գործընկերները` նույն ՊԱԿ-ից, որոնք անձնազոհ ու նվիրված աշխատում էին իրենց երկրի համար: Նրանք հիմնականում բարձր իմացականություն, վերլուծական ունակություններ ունեցող և օտար լեզուների տիրապետող պրոֆեսիոնալներ էին, որոնք տարբերվում էին բռի ոստիկանի մակարդակից չբարձրացած հակահետախույզներից, որոնք ամեն կերպ պետք է արդարացնեին իրենց գործուղումը արտասահման: Սրան գումարվում էին մարդկային պարզունակ նախանձն ու չարությունը: Նախանձի օբյեկտը, օրինակ, կարող է քեզնից խելոք և հաջողակ լինել, պաշտոնով ու կարգավիճակով` ավելի բարձր: Նրա կինը կարող է ավելի երիտասարդ և հրապուրիչ լինել, քան քոնը: Նրա մեքենան կարող է ավելի բարձրակարգ մակնիշի լինել, քան քոնը: Նրա բնակարանն ավելի մեծ կամ շքեղ կարող է լինել, քան քոնը և այլն, և այլն:

Իսկ նախանձը չարագործության ստնտու մայրն է: Եվ երբ զոհի շուրջը հյուսվում է զրպարտության ու ստի սարդոստայնը, և համապատասխան «թուղթ» է ուղարկվում Կենտրոն, թե գիտցեք, որ այսինչ «օբյեկտը» կապ ունի օտարերկրացիների հետ, նրա երգը երգված է:

Վե՜րջ: Լավագույն դեպքում ընդհատվում է գործուղումը, վատագույն դեպքում նա հեռացվում է համակարգից: «K» վարչությունը ենթարկվում էր ՊԱԿ-ի հակահետախուզության երկրորդ գլխավոր վարչությանը, որի մասին նրա փոխնախագահ, բանակի գեներալ Ֆյոդոր Բաբկովն իր «ՊԱԿ և իշխանություն» գրքում ասում է. «Ենթադրենք` դեսպանությունում ինչ-որ մեկը ինչ-որ մեկին դուր չի եկել: Նա ամբաստանում է ռեզիդենտին, որ այդ ինչ-որ մեկը շփվում է կասկածելի անձանց հետ: Այդ պահից նա արդեն հաշվառման մեջ է: Եվ ամենաանհեթեթն այն է, որ նման մատնության խեղճ զոհը գաղտնի ամբաստանությունը ո՜չ փաստել, ո՜չ էլ ժխտել չի կարող: Եվ մարդը երբեք էլ չի իմանա, թե իր որ մեղքի համար է ինքը պատժվել»:

Իսկ դառն իրականությունն այն է, որ այդ «K» վարչությունը հաճախ չի կարողանում հաշվարկել և հայտնաբերել իսկական դավաճաններին ու լրտեսներին: Մեծ Բրիտանիայում խորհրդային դեպանության «տանիքի» տակ աշխատող ՊԱԿ-ի գնդապետ Օլեգ Գորդիևսկին կրկնակի գործակալ էր (duble-cross), և երբ եկավ ժամանակը, հանգիստ հեռացավ իր մյուս տերերի` անգլիացիների մոտ` ահռելի վնաս հասցնելով ԽՍՀՄ-ի պետական շահերին: Մոսկվան նրան հեռակա դատապարտեց մահվան:

Բանակի ռազմական գլխավոր հետախուզության ռեզիդենտ գեներալ-մայոր Դմիտրի Պոլյակովը ԿՀՎ-ի լրտես էր Հնդկաստանում և հայտնաբերվել է միայն թոշակի անցնելուց հետո, այն էլ՝ շնորհիվ նույն վարչության աշխատակից Օլդրիջ Էյմսի, որին խոշոր գումարով հավաքագրել էր խորհրդային հետախուզությունը: Վերջապես, ինչպես կարող էր նշված «K» վարչությունը արդյունավետ և անաչառ գործել, երբ ինքը՝ նրա շեֆը` գեներալ Օլեգ Կալուգինը, դավաճանել է հայրենիքին և այժմ թաքնվում է ԱՄՆ-ում: Նա նույնպես հեռակա դատապարտվել է մահվան: Եվ երբ մարդիկ համեմատում են դիվանագիտությունը հետախուզության հետ, տեսնում են, որ ԽՍՀՄ-ի ողջ պատմության մեջ միայն մի դեսպան չի վերադարձել հայրենիք` Ֆյոդոր Ռասկոլնիկովը, որը 1938 թվականին քննադատել է Ստալինի բռնությունները և մնացել Սոֆիայում: Այնտեղ էլ կնքել է իր մահկանացուն` չեկիստների «օգնությամբ»: Իսկ հետախույզների կորպուսում դավաճանության, մատնության և փախուստի դեպքերը, դժբախտաբար, շատ-շատ են:

Առաջին հետախույզներից մեկը, մեր հայրենակից Գեորգի Աղաբեկովը, որը Խորհրդային Միության կազմավորման առաջին տարիներին դավաճանել է հայրենիքին և «փախել» Արևմուտք, եղել է ռեզիդենտ Աֆղանստանում, Իրանում և Թուրքիայում: (Հո միայն լավերի մեջ առաջինները չպետք է լինենք): Եթե խորհրդային դիվանագիտությունը և արտաքին հետախուզությունը որոշ վերապահումներով հանդերձ արել են նույն գործը, ապա դիվանագետների և հակահետախույզների հարաբերությունները երբեք հարթ ու անամպ չեն եղել` սկսած ԽՍՀՄ-ի ստեղծման օրից: Վերջերս հրապարակվել է խորհրդային առաջին արտգործնախարար Վալերի Չիչերինի «Ծառայողական գրությունը», որտեղ կարդում ենք. «Քաղաքական գլխավոր վարչությունը (ռուսերեն հապավումը` ԳՊՈՒ) արտաքին գործերի ժողկոմիսարիատին (ռուսերեն հապավումը` ՆԿԻԴ) վերաբերվում է որպես դասակարգային թշնամու: ԳՊՈՒ-ի ղեկավարները կուրորեն հավատում են յուրաքանչյուր հիմարի և ստահակի, որոնց սարքում են իրենց գործակալներ: ՆԿԻԴ-ի նկատմամբ ԳՊՈՒ-ի հսկողությունը լիազոր ներկայացուցչություններում, լրտեսությունն իմ լիազոր ներկայացուցիչների, աշխատակիցների դեմ իրագործվում են ամենաանհեթեթ և բարբարոսական ձևերով: ԳՊՈՒ-ի գործակալներն ինձ համարում են թշնամի: Շրջաբերականները, որոնք, անկասկած, այդ գործակալների ստահոդ աշխատանքի արդյունք են, մտացածին զրպարտանքներ են պարունակում իմ դեմ»:

Այդ ազգավնաս քաղաքականության հետևանքով 1930-ական թվականներին ոչնչացվել են գործուն և շնորհալի դիվանագետներից շատերը, որոնց թվում փոխարտգործնախարար Լևոն Կարախանյանը (Կարախան): Ինքը՝ Չիչերինը, ենթարկվեց սպանիչ քննադատության և հալածանքի: Անգամ Գրոմիկոյի խմբագրությամբ 1985 թվականին լույս տեսած եռահատոր «Դիվանագիտական բառարանում» տեղ չգտնվեց նրա համար...

Պետությունը երբեմն մոռացկոտ և անշնորհակալ է, երբ խոսքը վերաբերում է իրեն հավատարմորեն ծառայած մարդկանց:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1325 reads | 27.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com