ՆԵԱՊՈԼԻՏԱՆԱԿԱՆ ՍԵՐԵՆԱ՞Դ, ԹԵ՞ ՄՈՑԱՐՏՅԱՆ ՌԵՔՎԻԵՄ` Ի ՊԱՏԻՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան








Նստելու, կանգնելու, ճաշելու տեղն իրոք լուրջ խնդիր է, քաղաքական-դիվանագիտական էթիկետ բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում:

…Երբևիցե կմտածե՞ր աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոն, որ 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում իր միակ համերգն ունենալու է քաղաքական հետևանքներ այդ երկրի համար: Հազիվ թե: Նման բան, անշուշտ, չի անցել նաև այդ համերգը կազմակերպողների մտքով: Եվ ի՞նչ իմանային հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի երիտասարդ չինովնիկները, որ այդ ճակատագրական համերգի ժամանակ իրենց սովորական արարողակարգային աշխատանքը վերջանալու է սկանդալով և դառնալու է ներքաղաքական լարվածության պատճառ:

Իսկ ինչի՞ց սկսվեց այդ ամենը:

Տուրք տալով առավելապես պետական արարողակարգին, քան գեղագիտական պահանջին` համերգին ներկա էր Հայաստանի Հանրապետության ողջ քաղաքական վերնախավը բոմոնդ: Բնականաբար, այնտեղ պետք է լիներ նաև քաղաքագլուխ Գագիկ Բեգլարյանը: Պետական սույն այրը տենորի սպասված համերգին պետք է նստեր երկրի առաջնորդի կողքին` իր տիկնոջ հետ: Սակայն ճակատագրական այդ օրը նա որոշում է իրեն զրկել գեղագիտական հաճույքից ու չգնալ համերգի: Եվ նրա կինը հրավիրում է ընկերուհուն. հո տոմսը չէ՞ր կորելու: Սրանք էլ, չիմանալով պալատական նիստուկացի նրբերանգները, փորձում են տեղ զբաղեցնել նախագահի անմիջական հարևանությամբ: Այստեղ է, որ զգոնություն ցուցաբերած արարողակարգի պատասխանատուն գործի է անցնում և «կարգազանց» տիկնանց ցույց տալիս իրենց տեղը: Միջադեպը խիստ զայրացրել է քաղաքապետին: «Ոնց թե դու իմ կնոջն անպատվես, դե անպատվելը հիմի դու տես»,– մտածում է նա և դիմում բովանդակությամբ` հակադիվանագիտական, ձևով` միջնադարյան մեթոդի. նա բռնում ու ծեծում է կնոջ բազկաթոռը փոխած նախագահի աշխատակազմի չինովնիկնին...

Սկանդալ…

Նախագահի զայրույթը գերակշռում է քաղաքապետի հավատարմության գործակիցը, որի հետևանքով նախկին պաշտոնյան հայտնվում է փողոցում: Ֆրանսիացիները հենց այնպես չեն ասել. «Chercher la femme»՝ «Փնտրիր կնոջ մեջ»: Նկարագրելու համար, թե ինչ կատարվեց հետո, անհրաժեշտ է գրչի վարպետություն և վերլուծաբանի ճկունություն: Փոքր Հայաստանի Հանրապետության նույնքան փոքր քաղաքական թատերաբեմում խաղարկվում է իսկական քաղաքական տրագիկոմեդիա: Փոթորիկ մի բաժակ ջրում: Տեղում է կարծիքների տարափ: Հզոր քաղաքապետի երեկվա երկրպագուներն ու պնակալեզ «բարեկամները» տենչում են անվանարկված գործչին տեսնել եթե ոչ ինկվիզիցիայի բոցկլտացող խարույկի վրա, ապա գոնե բանտի ճաղերի հետևում: Ուրիշները նախագահին մեղադրում են երախտամոռության ու անշնորհակալության համար` հիշելով նախագահական ընտրություններում հօգուտ վերջինիս՝ քաղաքապետի իրականացրած մեքենայությունները: Առավել ուշագրավ են կատարվածի՝ ներքին և արտաքին քաղաքականության մեջ հնարավոր հետևանքների վերաբերյալ գլոբալ վերլուծություններն ու կանխագուշակումները: Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը խորհրդավոր հայտարարեց, թե Բեգլարյանի հրաժարականը պայմանավորված է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությամբ: Նույնիսկ կանխատեսեցին, թե Դոմինգոյի այցը կունենա դոմինոյի էֆեկտ, այսինքն` կառավարությունը հրաժարական կտա, հետո կլինի իշխանափոխություն: Ավելի համարձակ վերլուծաբանները վախեցրին տարածաշրջանային ճգնաժամով և նման այլ սարսափելի բաներով: Իսկ այս ամենի հետնախորքին հայտնված անեկդոտը կրկին փաստեց, որ սուր հումորը գյումրեցիների ժառանգական հատկանիշներից է: «Խնդրում ենք համերգ տաս Գյումրիում»,– Դոմինգոյին դիմեցին գյումրեցիք` հուսալով, որ այն նույնպիսի հետևանքներ կունենա նաև իրենց քաղաքում…

«Տեղի սինդրոմը» ուշագրավ դիվանագիտական-հոգեբանական երևույթ է: Հայկական քաղաքական իրականության առումով` այն դուրս է եկել միջպետական հարաբերությունների շրջանակներից և ներթափանցել Հայաստան-Սփյուռք կապերի ոլորտ: Ես նկատի ունեմ այն, որ նստելու, կանգնելու կամ սեղանային էթիկայի համար մեր հայրենակիցներն իրենց պատվամոլության և հավակնությունների պատճառով լուրջ ներանձնային խնդիրներ, անասելի ապրումներ են ունենում. նեղվում են իրենք, նեղում են շրջապատին: Բեյրութում, օրինակ, եթե դեսպանության որևէ միջոցառման ժամանակ լիբանանահայ մեր հայրենակիցը չի նստում դեսպանի կողքին կամ այն աթոռին, որին, նրա կարծիքով, արժանի է ինքը, հետևանքները կարող են անկանխատեսելի լինել և՜ դեսպանի, և՜ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների համար: Պարոնյանը, իրոք, անմահ է: Նրա կերտած հյութեղ կերպարները գրեթե ոչնչով չեն տարբերվում իրենց այսօրվա հայրենակիցներից` լինի Սփյուռքում, թե Հայրենիքում: Նույն թատրոնն է, միայն բուտաֆորիան է փոխված. կառքի փոխարեն` ավտո, մոմի փոխարեն` էլեկտրական լույս, նամակի փոխարեն` հեռախոս և այլն:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1680 reads | 04.03.2013
բախում, դիվանագիտական ընթերցումներ, քաղաքապետ, Արման Նավասարդյան, Գագիկ Բեգլարյան |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com