ԻՆՉՈՒ ԵՆ ՄԵՐԿԱՆՈՒՄ ՍՈՒՍԵՐՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան








Եթե Հին Աթենք և Հին Հռոմ ժամանած դեսպաններն օրերով պետք է ապրեին նվաստացուցիչ և հակասանիտարական պայմաններում` վստահ չլինելով իրենց առաքելության հաջողությանը, ապա Վերածննդի շրջանում նրանց սպասում էին այլ կարգի փորձություններ: Շաբաթներ ու ամիսներ էր տևում ժամանող և ընդունող կողմերի միջև ծիսակարգի մանրամասները համաձայնեցնելու գործընթացը: Երկար-բարակ քննարկվում էին թագավորի պահելաձևն օտար դեսպանի ներկայությամբ: Հավատարմագրերն ընդունելիս տիրակալը պետք է իջնի՞ գահից, թե՞ շարժի ոտքի թաթը: Թագավորը բարեհաճելո՞ւ է հրավիրել դեսպանին նստել թեկուզ մի պահ: Իսկ դեսպանը ե՞րբ պետք է գլխարկը հանի: Կամ` եթե նա իր խոսքն ասելու է լատիներենով, ի՞նչ լեզվով է պատասխանելու թագավորը, և հազար ու մի այլ հարցեր: 

Իսկ դիվանագիտական կորպուսի համար ամենակարևորը, թերևս, եղել է ավագության խնդիրը` ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս: Ի դեպ, այն այսօր էլ այժմեական է միջազգային էթիկայի առումով: 1504 թվականին Հռոմի Հուլիոս II պապը կազմել է դեսպանների ավագության ցուցակ: Բնականաբար, առաջինն այնտեղ Հռոմեական սրբազան կայսրության կայսրն էր, երկրորդը` Ֆրանսիայի թագավորը, երրորդը` Իսպանիայի թագավորը, իսկ Անգլիայի թագավորը յոթերորդն էր` Պորտուգալիայի թագավորից հետո: Պապի իշխանության թուլացումը և միջազգային նոր իրադրությունը ավագության վերանայման անհրաժեշտություն առաջացրին: Վիճահարույց էր ավագության հերթականությունը, ուրեմն նույնը պետք է լիներ միջազգային պայմանագրեր ստորագրելիս: Հետո այն փորձեցին լուծել նույնիսկ զվարճալի տարբերակով` տիտղոսակիր իշխանավորի անվան փոխարեն դնել օղակաձև նշան: Բայց դա էլ չօգնեց: Այնժամ որոշեցին ունենալ նույն փաստաթղթից այնքան օրինակ, որ մեկական տրվի կողմերից յուրաքանչյուրին, և նա ստորագրի այն: Ավագության խառնափնթորությանը Եվրոպայում վերջ դրվեց 1815 թվականին` Վիեննայի կանոնակարգով ռեգլամենտ. հիմք ընդունվեց այբբենական կարգը: Մինչդեռ դիվանագիտության պատմության մեջ տեղի են ունեցել արյունալի միջադեպեր արարողակարգային միջոցառումների ժամանակ, երբ խախտվել է դեսպաններից մեկնումեկի տեղը սեղանի շուրջ, շարասյան մեջ կամ այլուր: Ըստ իս` այստեղ հնարավոր են երկու հիմնավոր պատճառներ: Նախ` դեսպանը միշտ զգայուն է, երբ խոսքը վերաբերում է իր պետության հեղինակությանը և նրա խորհրդանշաններին` դրոշին, զինանշանին և օրհներգին: Երկրորդ` դեսպանները, որոնցից շատերն ունեն բարձր, ես կասեի անգամ հիվանդագին արժանապատվություն, չեն հանդուրժում իրենց հասցված անձնական վիրավորանքը: Հիշենք նման դեպքերից մեկ-երկուսը:
1661 թվականի սեպտեմբերի 30-ին հրաշքով է կանխվում պատերազմը Ֆրանսիայի և Իսպանիայի միջև: Ի՞նչ էր պատահել: Անգլիա է ժամանում Շվեդիայի դեսպանը: Արարողակարգի համաձայն` Լոնդոնի դիվանագիտական կորպուսը դիմավորում է նրան: Թափորում տեղերի համար վեճ է ծագում Ֆրանսիայի դեսպան դ’Էստրադային և Իսպանիայի դեսպան Վատևիլիային ուղեկցողների միջև: Արարողակարգի ղեկավարի միջամտությունը բանի տեղ չի անցնում: Դեսպանները, ըստ երևույթին, հեռու են եղել դիվանագետներին հատուկ սառնարյունությունից: Սկսվում է իսկական փողոցային ճակատամարտ, հետևանքը` տասնյակ դիակներ և հարյուրավոր վիրավորներ: Արյունահեղությանը վերջ տալու համար անգլիացիները զորք են հանում փողոց: Լյուդովիկոս XIV-ը ցանկանում է պատերազմ հայտարարել Իսպանիային և հանդարտվում է միայն այն բանից հետո, երբ Իսպանիայի թագավորը հետ է կանչում իր դեսպանին և պատժում: Ավելին` բոլոր երկրներում Իսպանայի դեսպաններին ուղարկվում է շրջաբերական առ այն, որ նրանք ամենուր ճանապարհը զիջեն Ֆրանսիայի դեսպանին: 

Տեղի պատճառով եղել են բազմաթիվ միջադեպեր: Ֆրանս-իսպանական արյունալի «ռազբորկայից» հարյուր տարի անց, 1768 թվականի տարեմուտին, Լոնդոնում արքունիքը կազմակերպել է մեծ պարահանդես: Համաձայն կարգի` դեսպանները շարք են կանգնել թագուհուն ողջունելու համար: Ֆրանսիայի դեսպանն ուշանում է (իսկ դա ինքնին էթիկետի խախտում է) և, տեսնելով, որ արարողակարգով իրեն հատկացված տեղը Ավստրիայի դեսպանի կողքին զբաղեցրել է Ռուսաստանի դեսպան Չեռնիշևը, նա կոպտորեն խցկվել է նրանց արանքը: Ի պատիվ իրենց` վերջիններս չեն կորցրել ինքնատիրապետումը: Սակայն արարողակարգից հետո, երբ ֆրանսիացին իջել է աստիճաններից, Չեռնիշևը նրան դիմավորել է մերկացրած սուսերը ձեռքին: Դրան հետևել է կատաղի մենամարտը: Ռուս դեսպանը վիրավորվել է: Մենամարտը դադարեցվել է պալատականների միջամտության շնորհիվ:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1759 reads | 28.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com