ԳԼԽԱՏՎՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Եթե մեր պետական այրն իմանար, թե ինչ փշոտ ճանապարհ է կտրել դիվանագիտական արարողակարգը մինչև մեզ հասնելը և թե երբեմն ինչ դժվարություններ է հաղթահարում այսօր, նա հավանաբար կխնայեր Պատրիկին և չէր ուզենա նրան տեսնել որպես այդ ծառայության ղեկավար: Սպիտակ տան արարողակարգի պետն իր ստորաբաժանումը համեմատել է սակրավորների գումարտակի հետ: Քանի դեռ ամեն ինչ լավ է ընթանում, ոչ ոք ոչինչ չի նկատում, սակայն բավական է մի սխալ, որ տեղի ունենա պայթյուն: Դիվանագիտական արարողակարգը ժամանակին կարևորել է Ալեքսանդր Պուշկինը. «Որտեղ էթիկետ չկա, այնտեղ պալատականները կարող են վայրկենաբար ինչ-որ անշնորհքություն անել»:

Արարողակարգը երես չի տվել դիվանագետներին իր ձևավորման արշալույսից ի վեր: Աթենք այցելած դեսպաններին, օրինակ, քաղաք չեն թողել. տեղավորել են պարիսպներից դուրս` պանդոկներում, որտեղ պայմաններն ավելի վատ էին, քան այժմյան մեր ցածրակարգ հյուրանոցներում: Որոշ ժամանակ անց օտար դեսպանները կանգնում էին Ժողովրդական ժողովի առաջ, որտեղ նրանք բավական բարդ «քննություն» էին հանձնում: Ովքեր այն «անցնում» էին, նրանց ընդունում էին պատվով և մեծ շուքով. այցելություն թատրոններ, մասնակցություն տոնակատարությունների, այդ թվում` օլիմպիական խաղերի հանդիսությունների, տալիս էին թանկարժեք նվերներ: Իսկ այն դեսպանները, որոնք չէին ստանում այդ բարձրագույն օրգանի հավանությունը, հայտնվում էին աննախանձելի վիճակում. նրանց խայտառակ ձևով վռնդում էին երկրից: Լինում էին դեպքեր, երբ կասկածում էին լրտեսության մեջ և մահապատժի ենթարկում: Որքան էլ Աթենքը հպարտանար իր դեմոկրատիայով, այս ամենի մեջ, անշուշտ, էական դեր էին խաղում քաղաքական շարժառիթները, հարաբերությունների մակարդակը` դեսպանի ներկայացրած պետության հետ, վերջինիս տնտեսական և ռազմական ներուժը: Արարողակարգային խստությունների առումով Հռոմն ավելի հեռուն գնաց: Դեսպաններն այստեղ այցելելուց առաջ պարտավոր էին ստանալ ռազմական և ֆինանսական մարմինների հավանությունը:

Աթենքի օրինակով դեսպաններն իջևանում էին տարրական հարմարություններից զուրկ, կեղտի մեջ կորած որջերում, որտեղ վխտում էին առնետները: Երկար սպասումներից հետո նրանց տանում էին կուրիա՝ այսինքն այն վայրը, որտեղ գումարվում էր Սենատը: Աթենքի օրինակով այստեղ նույնպես տեղի էր ունենում նման «քննություն». տարբերությունն այն էր, որ օտար դեսպաններին ավելի հաճախ էին մերժում և դատապարտում մահվան: Ք. ա. 205 թվականին Հռոմում գլխատել են Կարթագենի բոլոր դեսպաններին: Որքան աճում էր Հռոմի հզորությունը, այնքան խստացվում էր նրա արարողակարգը` առանց մյուս պետությունների հետ փոխադարձության սկզբունքի: Իրավապայմանագրային փաստաթղթեր ստորագրելիս Հռոմը թելադրում էր իր կամքը:

Ք. հ. 197 թվականին Հռոմ ժամանած մակեդոնացի դեսպաններին ներկայացվել է վերջնագիր. եթե 60 օրվա ընթացքում չավարտվեն բանակցությունները, և պայմանագիրը չստորագրվի, դեսպանները կկորցնեն անձեռնմխելիությունը, կհամարվեն լրտեսներ և կկախվեն: Այդպես էլ եղավ, քանի որ հռոմեական կողմը դիտավորյալ ձգձգեց բանակցությունները: Երբ խոսում ենք անտիկ աշխարհի դիվանագիտական արարողակարգի մասին, չենք կարող լռության մատնել Տրդատ Ա-ի այցը Հռոմ, 65 թվականին` Ներոնի ձեռքից Մեծ Հայքի թագը ստանալու համար: Տրդատի «գործուղումը» ընտանիքի և շքախմբի ուղեկցությամբ (3000 մարդ) տևել է ինը ամիս: Հայոց թագավորին ընդունելու համար Հռոմեական գանձարանն օրական ծախսել է 200.000 ոսկի ֆրանկ, և միջոցառումների ճոխությունը ապշեցրել է անգամ շփացած պատրիկներին: Անշուշտ, այդ ամենը Տրդատի գեղեցիկ աչքերի համար չի արվել: Հռոմը և Պարսկաստանը ճգնում էին իրենց կողմը գրավել Մեծ Հայքը, որը, նրանց ռազմական գործողությունների մերձեփրատյան թևում էր և հավասարազոր ռազմավարական նշանակություն ուներ թե՜ մեկի, թե՜ մյուսի համար: Եվ հայերը ցուցաբերում են դիվանագիտական ճկունություն երկու հսկաների միջև մանևրելու արվեստում: Իսկ թագադրությունից հետո հռոմեական բանակը դուրս է բերվում Հայաստանից, և երկիրը փաստորեն լիակատար անկախություն է ձեռք բերում: Վերջնականապես հաստատվում է Արշակունիների իշխանությունը: Երկրում սկսվում է լիակատար խաղաղության տևական շրջան: Այնպես որ մենք ևս իրավունք ունենք պարծենալու մեր նախնիների դիվանագիտական հաղթանակներով…

Եթե այսօր սկսնակ դիվանագետին հարցնեն, թե որն է նրա երազանքը, պատասխանը կլինի` դառնալ դեսպան: Հին Հունաստանում և Հռոմում մոտեցումը մի քիչ այլ է եղել: Ասել, թե մարդիկ չէին ուզում դեսպան դառնալ, այնքան էլ ճիշտ չի լինի. չնայած վերը նշված «սարսափներին», այդ մասնագիտությունը միշտ էլ եղել է գրավիչ ու գայթակղիչ: Սակայն դեսպանի «փորձությունները» անտիկ շրջանում չեն ավարտվել. փոխանցվել են միջնադար: Վենետիկի դեսպաններին, օրինակ, արգելվում էր սեփականություն ունենալ այն երկրում, որտեղ նրանք նշանակվում էին: Տուն դառնալիս դեսպանը պարտավոր էր ստացած նվերները վերադարձնել սինյորին: Դեսպանին արձակուրդ չէր հասնում, բայց խոհարար հասնում էր, քանի որ դիվանագետներին թունավորելու սպառնալիքը միշտ կար: Դեսպանն իրավունք չուներ կնոջը հետը տանելու արտասահման, որպեսզի այնտեղ նա չտրվի բամբասանքի: Մեր նախնիները կարո՞ղ էին գուշակել, որ դարեր անց դեսպանների կանայք շարունակելու էին զբաղվել խառնակչություններով` նկատելիորեն վնասելով դեսպանության գործունեությանը: Գործուղման ավարտից հետո` 15 օրվա ընթացքում, դեսպանը պարտավոր էր ներկայացնել ամփոփիչ հաշվետվություն: Իսկ եթե թերանում էր իր պարտականությունների մեջ, հարազատ պետությունը նրա դեմ կիրառում էր տարբեր պատժամիջոցներ, ընդհուպ մինչև քաղաքացիությունից զրկելը:

Դեսպանի ժամանումը նշանակված երկիր ենթադրում էր մեծ ծախսեր: Նա իր հետ պետք է տաներ կահ-կարասի, գորգեր, ամանեղեն, ծառայողներ, ամեն ինչ, և այդ ամենը` իր հաշվին: Ճանապարհի դժվարություններ, ելուզակների հարձակումներ, պանդոկային անտանելի պայմաններ, վարակիչ հիվանդություններ. ահա դեսպանների «անբաժան ուղեկիցների» ոչ լրիվ ցանկը: Եվ բնական է, որ մարդիկ խուսափում էին նման նշանակումից: Մանավանդ, եթե նրանք որոշակի դիրքեր էին գրավում «տանը»: Ինչպես բոլոր ժամանակներում, միջնադարում նույնպես դեսպանի աշխատանքը հավասարազոր էր քաղաքական խաղից նրան դուրս մղելուն: Վենետիկը, դիվանագիտական ծառայությունը կադրերով ապահովելու մտահոգությունից ելնելով, 1271 թվականին հրապարակեց օրենք, ըստ որի` դեսպանությունից հրաժարվող յուրաքանչյուր վենետիկցի պարտավոր էր վճարել մեծ տուգանքներ, շատ ավելի, քան դեսպան լինելու դեպքում նրա ծախսերն էին: Հետո թյուր կարծիք գոյություն ունի, թե լրտեսամոլությունը պատմության նոր շրջանի երևույթ է: Այն գալիս է դարերի խորքից: Ընդ որում՝ մարդկանց աչքին ամենուր լրտեսներ են երևացել` և՜ տանը, և՜ արտասահմանում: Հատուկ օրենքով վենետիկցիներին արգելում էին շփվել օտար դիվանագետների հետ: Խախտողներին տուգանում էին 2 հազար սկուդոյով և արտաքսում երկրից: Վենետիկն իր դեսպաններին արգելում էր արտասահմանում մասնավոր անձանց հետ քննարկել քաղաքական հարցեր և նամակներում անդրադառնալ քաղաքականությանը: Անհեթեթություն անհեթեթությանց: Էլ ինչպե՞ս աշխատեին խեղճ դեսպանները:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1688 reads | 25.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com