ՄԱՏՈՒՑՈՂ ՊԱՏՐԻԿԸ` ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







1990-ական թվականների սկզբներին Բաղրամյան փողոցին հարող բարձունքում` «Անտառային» քնարական անունը կրող նրբանցքի երկհարկանի առանձնատներից մեկում, ժամանակավորապես հանգրվանել էր նորանկախ հանրապետության ԱԳՆ-ն: Այստեղ մշտապես ոգևորախառն եռուզեռ էր, փոքր-ինչ ավելին, քան սովորաբար լինում է պետական գերատեսչությունների միջանցքներում: Պատճառը Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման ոգևորող, անգամ արբեցնող մթնոլորտն էր: Յուրաքանչյուր երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը ընկալվում էր (միամտաբար) որպես հայկական դիվանագիտական մտքի փայլուն հաղթանակ: Պոռթկումների ժամանակ էր: Երկիրն ասես որոշել էր փոխադրվել դիվանագիտական ռելսերին: Դիվանագետ դառնալ ցանկանում էին շատերը, իսկ մասնագետներ չկային: Մի օր պետական ազդեցիկ այրերից մեկը, որ իրավասու էր նաև ԱԳՆ-ի համար, զանգահարում է փոխնախարարներից մեկին.
– Դուք ստեղծելո՞ւ եք արարողակարգային բաժին,– հարցնում է նա:
– Անշուշտ,– լսվում է պատասխանը:
– Ես ունեմ այդ բաժնի ղեկավարի թեկնածու: «Արմենիա» հյուրանոցի մատուցող Պատրիկը,– անառարկելի տոնով ասում է պետական այրը:

Փոխնախարարը գիտեր Պատրիկին, որը սուրճ էր մատուցում կառավարական ընդունելությունների ժամանակ: Բարեկիրթ և փորձված մատուցող էր: Բայց ընդամենը մատուցող:
Կախվում է պաուզա: Հետո փոխնախարարը, առանց որոշակի պատասխան տալու, ընդունելություն է խնդրում պաշտոնյայից: Զրույցը վերջինիս աշխատասենյակում բավական երկար է տևել: Փոխնախարարը պրոֆեսիոնալ էր, պետական այրը` ոչ: Նրան մեղմ, բայց համոզիչ բացատրվել է, որ արտգործնախարարության շրջանակներում արարողակարգը քաղաքական աշխատանք է, ոչ պակաս, քան այդ գերատեսչության մյուս բոլոր գործառույթները: Փոխնախարարը նշել է, որ արարողակարգի ղեկավարները, որպես կանոն, փորձառու դիվանագետներ են` արտակարգ և լիազոր դեսպանների մակարդակով, որոնք վայրէջքից անմիջապես հետո ինքնաթիռում դիմավորում և նույն կերպ ճանապարհում են երկիր ժամանող օտար պետությունների ղեկավարներին, այցի ընթացքում չեն հեռանում նրանցից և ոչ միայն հետևում են, որ ամեն ինչ լինի տեղը տեղին, այլև ծրագրված ու նպատակամղված քաղաքական աշխատանք են կատարում` երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու և խորացնելու նպատակով, լուծում են արտաքին քաղաքական որոշակի խնդիրներ, ձեռք բերում ինֆորմացիա: Մի խոսքով` նպաստում են իրենց պետականության ամրապնդմանը: Նույնը նաև արարողակարգի մյուս բոլոր աշխատակիցները` մեծից փոքր: Պետական այրն ուշադիր ունկնդրել է զրուցակցին և, ի պատիվ իրեն, հանել Պատրիկի թեկնածությունը: Այսպիսով` ԱԳՆ-ն փրկվել է հասարակական սննդի օբյեկտ դառնալու վտանգից:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1975 reads | 21.02.2013
|
avatar

avatar
1
Ուշագրավ բացահայտում էր, բայց քանի որ տարիքս և աշխատանքային փորձս ներում է ինձ ասել, որ Խորհրդային Միության տարիներին, այնպիսի հյուրանոցում, ինչպիսն «ԱՐՄԵՆԻԱ»-ն էր, որտեղ աշխատում էր Պատրիկը, ով հետագայում դարձավ նաև ՀՀ 1-ին Նախագահի անձնական սպասարկողը, սպասարկող անձնակազմն ուներ բարձր պատրաստվածության մակարդակ, ոչ այնպիսին, ինչպես հիմա ասենք Պռոշյանի որևէ «օբեկտում»: Իհարկե, արարողակարգի աշխատակիցը պետք է ունենա շատ գիտելիքներ ու հմտություններ՝ գրեթե դեսպանի մակարդակի, սակայն պետք չէ մոռանալ նաև նրա մասին, որ նորանկախ Հայաստանը դեռևս չուներ նման մասնագետներ և ի պատիվ նրանցից շատերի, նրանք փորձում էին ստեղծել նման ծառայություն և մասնագետներ: Իսկ Պատրիկին կամ նրան առաջարկող պաշտոնյաին պետք չէ ծաղրել, քանի որ Պատրիկի գիտելիքները՝ դիմավորել, հյուրասիրել, իմանալ որևէ ազգի ներկայացուցչի նախընտրությունները, գործնական էին, ոչ թե գրքային ու տեսական: Պատրիկը որ ՍՄՈՔԻՆԳ ու ՖՐԱԿ էր տեսնում, մյուսները ՍԿԻ դրա տեսքին ու հագնելու ձևին տեղյակ չէին.....Չնայած էլի եմ պնդում, որ գործի մասնագետ լինելը կարևոր պայման է:
P.S.- Պատրիկը ոչ իմ մտերիմն է եղել, ոչ իմ բարեկամն ու ուսուցիչը, պարզապես առիթ եմ ունեցել տարբեր ընդունելությունների ժամանակ հետևել նրա աշխատանքին: Աստված հոգին լուսավորի... չնայած այն ժամանակ էլ նրան շատերը չէին սիրում և չարախոսում էին.... Ներկայումս ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ցուցակին որ նայեք, էլի կգտնեք մարդկանց, ովքեր չունեն համապատասխան կրթություն և որակավորում, բայց կարծես թե իրենց գործը վատ չեն անում
avatar
2
Հարգելի Գևորգ Մանուկյան
Շնորհակալ եմ հոդվածին արձագանքելու և մեկնաբանության կապակցությամբ: Ցավում եմ Պատրիկի համար, որի մասին տեղեկացա Ձեզնից: Նա, իրոք, բարձրակարգ պրոֆեսիոնալ էր և պատիվ էր բերում նորանկախ Հայաստանի պետական արարողակարգին: Ճիշտ եք նկատում, որ ‹‹արարողակարգի աշխատակիցը պետք է ունենա շատ գիտելիքներ ու հմտություններ գրեթե դեսպանի մակարդակի»: Հենց այս իրողությունից ելնելով է, որ Պատրիկի մասին էսսեում մենք շեշտում ենք ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ աներկբա կարևորությունը դիվանագիտության բոլոր ուղղություններում, ներառյալ արարողակարգում: ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ և ոչինչ ավելի: Սա է մեր նշանաբանը: ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ, որը ոչ մի աղերս չունի անձի մարդկային հատկանիշների և բարոյակամային հատկությունների հետ, ով էլ որ նա լինի: Մեկ էլ Դուք ճիշտ եք, երբ նշում եք, որ Հայաստանի ներկայիս դեսպանների մեծ մասը չունեն ‹‹համապատասխան կրթություն և որակավորում››: Սա շատ վատ է: Իսկ Ձեր այն եզրահանգումը, որ նրանք ‹‹կարծես թե իրենց գործը վատ չեն անում›› խիստ վիճահարույց է:
Հարգանքով`
Արման Նավասարդյան
avatar
3
Եթե մարդ ինչ որ պրեֆեսիոնալ մակարդակ ունի ինչ որ ոլորտում, ապա դա չի նշանակում որ նա պրոֆեսիոնալ է մեկ այլ անգամ կից ոլորտում: Իսկ դիվանագիտությունը բազմակողմանի զարգացվածության դրսևորում պահանջող ոլորտ է:

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com