ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Դիվանագիտությունը, ի թիվս այլ ոլորտների, սերտորեն կապված է ռազմական արարողակարգի հետ: Թվում է, թե դրանք ոչ մի ընդհանուր բան չեն կարող ունենալ. մեկը խորհրդանշում է խաղաղություն, մյուսը` պատերազմ: Մինչդեռ այդ կապն առկա է, և դիվանագիտությունն այն լավագույնս օգտագործում է իր նպատակների համար: Այսպես` բոլոր հասարակարգերում զինվորական շքերթները հետապնդում են երկու հիմնական քարոզչական խնդիրներ` ներքին և արտաքին. համոզել սեփական ժողովրդին, որ նրա անվտանգությունը վստահելի ձեռքերում է (փող մի խնայեք այդ նպատակի համար), և ընդհակառակը` ուժի ցուցադրումով սարսափեցնել ում որ հարկն է: Բոլշևիկները գերազանցորեն են օգտագործել այս մեթոդը` սկսած 1918 թվականից. պետության ղեկավարները Կարմիր հրապարակում շքերթն ընդունում էին փայտաշեն տրիբունաներից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չորս տարի անընդմեջ` 1991–1995 թվականներին, ՌԴ-ի նախագահ Բորիս Ելցինի և արտգործնախարար Անդրեյ Կոզիրևի ժամանակ Մոսկվայում շքերթներ չկազմակերպվեցին, որը մեկնաբանվեց որպես Արևմուտքի հանդեպ թուլության և կրավորական դիվանագիտության արտահայտություն: Հետո Վլադիմիր Պուտինի երկաթե ձեռքն ուղղեց այդ «սխալը». հեռուստաէկրանն երին կրկին կարելի է տեսնել զինվորական շքերթներին ներկա արևմտյան պետությունների ռազմական կցորդների մտահոգ դեմքերը` ռուսական նորագույն ռազմական տեխնիկայի դեմ հանդիման:

Զինվորական շքերթները Ռուսաստանում սկզբնավորվել են Պետրոս Մեծի ժամանակներից, երբ նա ոսկեզօծ կառքով անցավ զորքի առջևով` հետևից գետնատարած քարշ տալով պարտված շվեդների դրոշները: Շքերթների կազմակերպման ավանդույթը տարածվել է նաև Արևմտյան Եվրոպայում, մասնավորապես ռազմատենչ և կռվազան Պրուսիայում: Անգլիայում զինվորական շքերթը տեղի է ունենում միայն Եղիսաբեթ II թագուհու ծննդյան օրվա առիթով: Այնտեղ գլխավորը թագավորական դրոշների ցուցադրումն է Հեծելազորային գվարդիայի զորանոցի դիմաց` Ուայթհոլում: Հանդիսավոր ցուցադրումներին, որն իսկական շոու է, բացի այդ գվարդիայից, մասնակցում են թագավորական հրետանին և ռազմաօդային ուժերը: Զինվորական շքերթների և տոնակատարությունների իսկական մոլեռանդներ են ամերիկացիները: ԱՄՆ-ում շքերթներ հաճախ են կազմակերպում: Չնայած հարյուրհազարավոր զինվորների՝ Իրաքում և Աֆղանստանում «զբաղվածությունը» որոշ չափով նվազեցրել է «շքերթամոլությունը», բոլոր դեպքերում այդ միջոցառումների համար ամերիկացիների խելքն իրենցը չէ: Նահանգների վարչակազմը հաճախ է խնդրում տեղի զինվորական իշխանություններին հանդիսավոր քայլել քաղաքի փողոցներում ոչ միայն տոներին, այլև հենց այնպես` ժողովրդին ոգևորելու համար: Իսկական ռազմական տոնը` նոյեմբերի 11-ին է` Վետերանների օրը: Եթե հետադարձ հայացք նետենք պատմության խորքերը, ապա կտեսնենք, որ ռազմական ուժը նախապես ցուցադրել են Հին Եգիպտոսում, Պարսկաստանում, Աթենքում և Հռոմում: Հետագայում դրանց առանձնահատուկ նշանակություն են տվել օսմանյան թուրքերը, հատկապես՝ իրենց «դոնանմայով» ռազմածովային նավատորմ:

Սակայն զինված ուժերի ցուցադրումը` որպես դիվանագիտական զենք, ոչ ոք այնպես չի գործարկել, ինչպես Բյուզանդիան: Այն բաղկացած է եղել միջոցառումների ողջ շարանից: Նախ դեսպանին ընդունել է կայսրը, որի ոտքերի տակ փռվում էին կենդանի առյուծներից գրեթե չտարբերվող խրտվիլակներ: Եվ այն պահին, երբ դեսպանը, արևելյան ծիսակատարության համաձայն, խոնարհվում էր մինչև գետին, «առյուծները» հանկարծ սկսում էին ահարկու «մռնչոցներ» արձակել, և գահավորակին բազմած տիրակալը հատուկ մեխանիզմի միջոցով դանդաղ բարձրանում էր վեր: Այս արարողությունից հետո սահմռկած դեսպանին հրավիրում էին զինվորական անվերջանալի շքերթի: Non-stop. Շշմած դեսպանի աչքի առաջ նույն զորամիավորումները դուրս էին գալիս մի դարպասից և ներս մտնում մյուսից` փոխելով միայն զենքի տեսակները: Ինչե՛ր չեն արել տիրակալները տպավորություն ստեղծելու և զարմացնելու համար…

1960-ական թվականներին Սիրիայի հանրապետությունում ԽՍՀՄ-ի զինվորական կցորդը գնդապետ Ալեքսանդր Մնացականյանն էր: Դամասկոսում աշխատելու տարիներին նա ստացել էր գեներալի զինվորական աստիճան, որը հազվադեպ է պատահում կցորդների` արտասահմանում աշխատելու ժամանակ: Մի անգամ Մնացականյանին հրավիրում են հարևան երկիր` Լիբանան, ներկա լինելու զինվորական շքերթին, որը հեռավոր աղերս իսկ չուներ նման միջոցառումների հետ, քանի որ լիբանանյան զինված ուժերը սոսկ անունով էին զինված ուժեր: Եղած-չեղածը հին մոդելի մի քանի զրահամեքենա էր: Երբ այդ տեխնիկան անցնում է տրիբունաների մոտով, կցորդի կողքին կանգնած պաշտպանության նախարարը թեքվում է նրա ականջին և խորհրդավոր-գաղտնի տոնով ասում.
-Գնդապետ, Լիբանանը Խորհրդային Միության բարեկամ պետություն է:
–Ի՛նչ լավ է: Երբ վերադառնամ դեսպանություն, անմիջապես կհեռագրեմ Մոսկվա, որպեսզի այնտեղ հանգիստ քնեն,– նույն տոնով պատասխանում է Մնացականյանը:

Այս երկխոսությունը` որպես «Հայկական ռադիոյի» անեկդոտ, երկար պտտվում էր Բեյրութի և Դամասկոսի դիվանագիտական կորպուսներում:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1393 reads | 17.02.2013
Լիբանան, զինվորական շքերթ, ԽՍՀՄ, դիվանագիտական ընթերցումներ, Բյուզանդիա |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com