ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ ՄԱՀԱԲԵՐ Է
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Այժմ տեսնենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ դիվանագետները ոտնահարում են օտար երկրի օրենքները, չարամտորեն վիրավորում հյուրընկալողի արժանապատվությունը:

…Այսպես` Պարսից արքայից արքա Դարեհն իր դեսպաններին «հողի ու ջրի» է ուղարկում Մակեդոնիա: Սա պարսիկների սիրած դիվանագիտական դեմարշներից էր, որը նշանակում էր տվյալ պետության քաղաքական ու տնտեսական անկախությունը վտանգող վերջնագիր, որի մերժմանը սովորաբար հետևում էին պարսիկների ռազմական ներխուժումը, ավերածությունները, բռնազավթումը և հակառակորդի ստրկացումը: Հայտնվելով մահացու վտանգի դեմ հանդիման` մակեդոնացիները խոստանում են բավարարել պարսիկների պահանջը: Կառավարիչ Ամյունտասը դեսպաններին հրավիրում է մեծաշուք ընթրիքի:



Հելլադայի բոլոր պոլիսներում հյուրընկալության օրենքն ամենահարգալից ավանդույթներից է, ինչպես մեզ մոտ` Արևելքում է: Հյուրն Աստծունն էր համարվում և արժանանում մեծամեծ պատիվների: Կերուխումից հետո պարսիկները, շարունակելով գինարբուքը, ասում են հետևյալը. «Մակեդոնացի բարեկամներ, պարսիկներիս մեջ ընդունված է խնջույքից հետո սեղանի մոտ բերել նաև մեր հարճերին և օրինական կանանց: Այժմ դուք նույնպես, որ մեզ այսքան սիրալիր ընդունեցիք ու ճոխ հյուրասիրեցիք և միաժամանակ արքային խոստացաք տալ «հող և ջուր», հետևեք մեր այդ սովորությանը»: Ամյունտասը նրանց պատասխանում է այսպես. «Ով պարսիկներ. մեր կարգն այլ է. տղամարդիկ խնջույքի նստում են կանանցից առանձին: Բայց քանի որ դուք մեր տերերն եք, և այդպես է ձեր կամքը, ապա այդ ամենը ձեզ կտրամադրվի»: Այդ ասելով` կառավարիչը պատվիրում է հրավիրել կանանց: Նրանք շարքով նստում են պարսիկների դիմաց: Գեղեցիկ կանանց տեսքից գինին և մեկ այլ՝ ներքին հեղուկը խփում են պարսիկների գլխին, նրանք փորձում են տեղում բռնաբարել մակեդոնուհիներին: Ամյունտասի որդին` Ալեքսանդրը (չշփոթել Ալեքսանդր Մակեդոնացու հետ), հազիվ զսպելով իրեն, դիմում է պարսիկներին. «Ով հյուրեր. այս կանայք լիովին մատչելի են ձեզ, և դուք ձեր ցանկությամբ կարող եք ունենալ նրանց բոլորին: Ուստի, եթե ձեզ հաճելի է, թույլ տվեք կանանց գնալ լվացվելու, որից հետո նրանց կընդունեք»: Պարսիկները համաձայնում են, իսկ Ալեքսանդրը կանանց ուղարկում է իրենց կացարանները: Ապա նույնքան անմորուք երիտասարդների կանացի զգեստներ է հագցնում, զինում դաշույններով, ներս բերում և ասում պարսիկներին. «Ով պարսիկներ, կարծում եմ՝ դուք շքեղ խրախճանք վայելեցիք: Այն ամենը, ինչը մենք ունեինք, դուք տեսաք: Մենք, առանց խնայելու, ձեզ ենք տրամադրել մեր ամենաթանկը` մեր մայրերին ու քույրերին, որպեսզի դուք հաստատ համոզվեք, որ ձեզ արժանի պատիվներ մատուցեցինք, և որպեսզի հաղորդեք ձեզ ուղարկած արքային, թե Մակեդոնիայի հելլեն կառավարիչն ինչ սիրալիրությամբ ձեզ հյուրընկալեց և՜ խնջույքով, և՜ անկողնով»: Այդ ասելով` Ալեքսանդրը յուրաքանչյուր պարսիկի կողքին նստեցնում է մի «մակեդոնուհու»: Կատարները տաքացած պարսիկները փորձում են իրագործել իրենց մտադրությունը հենց սեղաների վրա: Մակեդոնացիներն էլ հենց այդ սեղանների վրա մորթում են բոլոր դեսպաններին: Հետո սպանում են դրսում նրանց սպասող ծառաներին, ձիերին և բոլորին միասին, կառքերով ու կահ-կարասիով հանդերձ, թաղում: Որոշ ժամանակ անց Դարեհի մարդիկ ջանադիր փնտրում են իրենց դեսպաններին, բայց ապարդյուն: Ալեքսանդրը խելամտորեն թաքցնում է կատարվածի հետքերը: Անհետացածներին գտնելու համար ուղարկվածների զորապետ Բուբարիսին էլ մեծ կաշառք է տալիս: Այսպիսով՝ դեսպանների հարցն առհավետ թաղվում է նրանց հետ: Նույն բախտին են արժանանում նաև Պարսից դեսպանների երկու այլ պատվիրակություններ, որոնցից մեկը մեկնում է Աթենք, մյուսը` Սպարտա, անամոթաբար պահանջելով «հող և ջուր»: Հույները` դիվանագիտական անձեռնմխելիության «գյուտարարները», թքում են իրենց իսկ «գյուտի» վրա և դաժան դատաստան տեսնում դեսպանների հետ: Աթենացիները պարսիկներին դատում և գլորում են անդունդը: Սպարտացիները նման ձևականության հետևից չեն ընկնում. դեսպաններին նետում են ջրհորը և իրենց հատուկ հակիրճ ոճով ասում. «Ջուրը խմեք, տակի հողն էլ կերեք»:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1963 reads | 13.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com