«ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ», ԱՍԱՑ ՆԱ ԵՎ ԸՆԿԱՎ ԱՆՇՆՉԱՑԱԾ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Հույն-պարսկական դիվանագիտական բանակցությունները վերջնական անհաջողության մատնվեցին: Ճիշտն ասած` պարսկական կողմը մտադրություն էլ չուներ երկկողմ հարաբերություններին հաղորդել բարիդրացիական բնույթ: Նա հույների հետ խոսում էր ուժի դիրքերից: Իսկ երբ շառաչում են զենքերը, դիվանագետները լռում են: Եվ այսպես` Ք. ա. 480 թվական: Օգոստոս: Պարսկական հատուկ (էքսպեդիցիոն) զորքերը Կիլիկիայի ափերից ուղղվում են դեպի Հունաստան: 

600 ռազմանավ հովհարաձև մխրճվում են Էգեյանի ջրերը` Սամոս-Եվբեա կղզիների երկարությամբ` իրենց հետ տանելով 25 հազար ցամաքային ծանրազեն մարտիկներ, ծովային հետևակ, հեծելազոր, օժանդակ զորքեր, մեծ քանակությամբ պարեն և խմելու ջուր: Զորքերի հրամատարները մեդիացի նենգամիտ ու երեսպաշտ Դատիսը և Սարդեսի սատրապ, արքայի զարմիկ Արտափրենեսն էին: Վերջինս հատկապես հայտնի էր իր դաժանությամբ, խորամանկությամբ և կաշառակերությամբ: Զորքերին ուղեկցում և խորհուրդներ էր տալիս տխրահռչակ Հիպիասը, որը հիսուն տարի առաջ, լինելով Աթենքի բռնապետը, մազապուրծ էր եղել ժողովրդի դատաստանից, ապաստանել էր Պարսկաստանում և ծառայում էր արքայից արքային: Հիպիասը, բացի դավաճան լինելուց, ըստ երևույթին, տառապում էր նաև սեռական սանձարձակությամբ և արյունապղծության (ինցեստ) համախտանիշով: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել արշավանքի նախօրեին նրա տեսած երազը, որ, իբր, ինքը քնել է հարազատ մոր հետ: Այդ երազը նա մեկնում է այսպես. կվերադառնա Աթենք և, վերագրավելով իշխանությունը, կվախճանվի իր երկրում` խոր ծերության հասակում: Նշենք միայն, որ նա ութսուն տարեկան էր, երբ նման այլանդակ ու հիվանդագին երազներ էր տեսնում և իշխանություն տենչում:

Պարսիկներն սկսում են «սանրել» Էգեյանի կղզիները: Նրանք գրավում են Նաքսոսը, որն ինը տարի առաջ հերոսաբար դիմադրել էր իրենց: Այրում են քաղաքը, սրբավայրերը, իսկ նրանց, ովքեր չեն կարողանում թաքնվել լեռներում, գերեվարում են: Մյուս կղզիներում տղամարդկանց զորակոչում են պարսկական բանակ և, որպեսզի չփախչեն, նրանց երեխաներին պատանդ են վերցնում: Իսկ Կարիտոս կղզին գլուխ չի խոնարհում պարսիկների առաջ, որի համար հրի ու սրի է մատնվում և բնաջնջվում: Թշնամուն կատաղի դիմադրություն է ցույց տալիս Էրեթրիան: Վեց օր էրեթրիացիները հետ են մղում գրոհները և դեռ կդիմանային, եթե երկու սրիկա, ընդ որում` Էրեթրիայի պատվավոր քաղաքացիներ, պարսիկներին ցույց չտային դարպասների խոցելի տեղը: Քաղաքն ընկնում է, բնակիչները՝ կոտորվում:

Հելլենների ողջ պատմության ընթացքում դավաճանությունը և հայրենասիրությունը ձեռք ձեռքի տված քայլել են կողք կողքի: Կղզիների մեծ մասի բնակչության հետ հաշվեհարդար տեսնելուց հետո պարսկական զորքերն ափ են դուրս գալիս Մարաթոնի հովտում` Աթենքից հյուսիս-արևելք: Աթենքի ճանապարհը բաց էր, մնում էր հաջողությունից արբեցած զորքը շարժել մի քանի քայլ հարավ և նավերով շրջանցել Սունիոնի հրվանդանը: Այնժամ բաղձալի և գոռոզ Աթենքը, հայտնվելով աքցանի մեջ, ծնրադիր գթություն կաղերսեր պարսիկներից: Հեքիաթային գեղեցկություն ունեցող պոլիսի վրա կախվում է մահացու վտանգը: Ժողովրդական ժողովն ահազանգում է. «Հայրենիքը վտանգի մեջ է: Ի զե՜ն»:
Զենքի ընդունակ բոլոր քաղաքացիներն շտապում են Մարաթոն: Սակայն հույների հիմնական հարվածային ուժը սակավաթիվ էր` ընդամենը 10 հազար մարդ: 10 հազար` 25 հազարի դիմաց: Բայց չմոռանանք, որ խոսքը վերաբերում էր անտիկ աշխարհի ուժեղագույն ռազմիկներին` ծանր հետևակային հոպլիտներին, որոնք սպարտացիների նման կամ հաղթում էին մարտի դաշտում, կամ սպանվում` իրենց հետ տանելով թշնամու մի քանի զինվոր: Սակայն կրկին երևան եկավ հունական էթնոհոգեբանական հատկանիշը` կռվե՞լ, թե՞ չկռվել: Տասը զորավարները (ստրատեգոս) տարակարծիք էին այդ հարցում: Տաղանդավոր զորավար Միլթիադեսը պահանջում էր դիմել ակտիվ և վճռական գործողությունների: Ելնելով ռազմական հետախուզության տվյալներից` նա պնդում էր, որ պահը ամենահարմարն է հակահարձակման համար: Իսկ պարսիկները խորամանկ խաղ են սկսում: Նրանք փորձում են շեղել հելլեների ուշադրությունը. հեծելազորը գաղտնի նավ են բարձրացնում` իբր Աթենք ուղարկելու մտադրությամբ, իսկ հետևակը թողնում են Մարաթոնում` ցամաքային ճակատամարտի համար: Միլթիադեսը հաշվարկել էր հակառակորդի քայլերը և եկել էր այն եզրակացության, որ, կիսելով բանակը, պարսիկները թույլ են տվել ճակատագրական վրիպում: Դա ուղեղների գոտեմարտ էր` ով` ում: Արդյունքը որոշելու էր ճակատամարտի ելքը:

Միլթիադեսը պնդում էր հարձակվել հենց հիմա, վաղն ուշ կլինի: Հավանաբար այդ պահն էլ որոշել է Հելլադայի հետագա ճակատագիրը: Պահի ընտրությունը գերկարևոր է: «Երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի: Այսօ՜ր»,– ասաց Լենինը և կործանեց Ռուսական վիթխարի կայսրությունը… Ռազմական խորհուրդն ի վերջո տալիս է իր համաձայնությունը: Միլթիադեսը, որը, ըստ զորավարների համար սահմանված կարգի, գերագույն հրամանատարն էր այդ օրը, բարձրացնում է ձեռքը և, մատնացույց անելով պարսիկներին, որոտալից գոչում. «Վերցրո՜ւ դրանց»: Այն, ինչ կատարվեց հետո, կարելի է տեսնել միայն հոլիվուդյան լայնէկրան կինոնկարների համայնապատկերներում: Հարձակվելով ողջ ճակատով` աթենացիները հիմնական հարվածն ուղղում են կենտրոնի զորամիավորումներին:

Չնայած երկինքը մթագնող ֆշշացող նետերի տարափին` հույները նախ ճնշում են պարսիկներին ու խորանում նրանց շարքերի մեջ, հետո սկսում դանդաղ և աստիճանաբար նահանջել` ընկրկելով արևելյան տափաստաններից օգնության հասած սակերի ճնշման տակ, որոնք կացնի մի հարվածով ճեղքում էին երկաթե սաղավարտները: Պարսիկները չեն հասկանում հույների խորամանկ և փորձված զորաշարժը, իսկ երբ հասկանում են, արդեն ուշ է լինում: Հելլենների զորքի երկու թևերը կամաց-կամաց մոտենում են և միանում պարսիկների թիկունքում: Շղթան փակվում է, իսկ ներսում մնացածները հայտնվում են աթենացիների «մսաղացում»: Շղթայից դուրս պրծած պարսիկներին, որոնք խուճապահար փորձում են հասնել ռազմանավերին, հույները կոտորում են ծովափին կամ ջրի մեջ՝ ինչպես փոկերի:

Քչերին է հաջողվում խուսափել մահից: Մարաթոնի հովիտն ու ծովափը հետագայում անվանվել են «սպանդանոց»: Պարսիկները ճակատամարտում կորցրել են 6400, իսկ հույները` 192 մարդ: Հույները գրավել են յոթ ռազմանավ, մյուսներին` հեծելազորով հանդերձ, հաջողվել է դուրս գալ բաց ծով: Որոշ ժամանակ անց հունական հետախուզությունը զեկուցում է, որ Պենտելիկոնի լեռներից լուսային ազդանշաններ են նկատվում, որը, նրանց կարծիքով, Աթենքում բույն դրած պարսկական հինգերորդ շարասյան ազդանշաններն են իրենց նավերին: Բանակի հրամանատարությունը սարսափում է. Աթենքն անպաշտպան է, իսկ այնտեղ իրենց կանայք են, երեխաները, հարազատները… Հարկավոր էր շուտ հասնել: Եվ նրանք, առավոտյան ժամը տասին թողնելով Մարաթոնը, օրվա երկրորդ կեսին վազքով հասել են Աթենք` անցնելով 26 մղոն: Ֆրանսիացի անվանի գիտնական Միշել Բրեյալը, հիմք ընդունելով այս աներևակայելի արշավ-թռիչքը, 1896 թվականի օլիմպիական խաղերում առաջարկում է մտցնել մարաթոնյան վազք մարզաձևը: Միշել Բրեյալը պնդում է, որ վազորդ Փիդիպիդեսը, առաջինը հասնելով Աթենք, ասել է` մենք հաղթեցինք, և շունչը փչել: Զորքը հասցնում է դիրքեր գրավել, մինչ հորիզոնում կերևային թշնամու ռազմանավերը: Սակայն նրանք նավահանգիստ չեն մտնում և մի քանի ժամ դրսում հանգրվանելուց հետո հավաքում են խարիսխներն ու հեռանում Արևելք: Աթենքը փրկված էր:

Նկարները՝ Վահե Գասպարյանի
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
2313 reads | 11.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com