ՍՊԱՐՏԱԿԱՆ ՀԱԿԻՐՃՈՒԹՅԱՆ (ԼԱԿՈՆԻԶՄ) MASTER CLASS-Ը
  Եթե առասպելական հերոս Հերմեսը հրաշքով մարդ դառնար` օժտված նույն արգահատելի և գարշելի հատկանիշներով, միևնույն է, չէր կարող ստվեր ձգել հունական դիվանագիտական դպրոցի վրա, որի թողած ժառանգությունն անգնահատելի է: Չմոռանանաք, օրինակ, պրոֆեսիոնալ դիվանագետների այնքան սիրած հակիրճ ոճը: Չմոռանանք նաև, որ այն բանալի է, կախարդական փայտիկ` դիվանագետի ձեռքին, առանց որի նա կլիներ անօգնական և տկար` գործընկերների հետ շփվելիս, բանակցությունների ժամանակ, կխեղճանար փաստաթղթեր գրելիս և, ամենակարևորը, ծածկագիր (շիֆրհեռագիր) կազմելիս: Լակոնիզմը վերագրում են սպարտացիներին: Սպարտան կոչվել է նաև Լակեդեմոն: Սպարտացիների հակիրճ, միաժամանակ խորիմաստ և հագեցած խոսքն ըստ արժանվույն առաջին գնահատողներից մեկը եղել է Պարսից Կյուրոս արքան` իր համաշխարհային փառքի արշալույսին: Նրա վրա ցնցող տպավորություն է թողնում սպարտացի դեսպանների հակիրճ խոսքը. «Կյուրոսը պետք է հանգիստ թողնի իոնական քաղաքները, հակառակ դեպքում պատասխան կտա նրանց առաջ, ովքեր դեսպաններին ուղարկել են այստեղ», այսինքն` պատասխան կտա սպարտացիներին: Շուրջ երկու տասնյակ բառերից կազմված վերջնագիր, որից արքան այնպես է ազդվել, որ հարգանքով ճանապարհել է պատվիրակությանը: Մինչդեռ այլ հանգամանքներում նրանց ցից կհանեին. այդպես պատժել էին այլ հանդուգն դեսպանների: Սպարտացիների շփումները Հելլադայի գլխավոր թշնամու` Պարսկաստանի հետ, հարուստ են ուշագրավ դեպքերով: Սպարտացի դեսպաններն այցելում են Պարսից արքայի զորավարներին: Վերջիններս հետաքրքրվում են` նրանք մասնավո՞ր գործով են եկել, թե՞ պետական: «Եթե ամեն ինչ լավ վերջանա` պետական, եթե ոչ` մասնավոր»,– լինում է պատասխանը: Սպարտացիների էթնոհոգեբանական հատկանիշները, որպես արտակարգ երևույթ, դարեր շարունակ ուսումնասիրության առարկա են: Շատերն այն բացատրում են մի շարք օբյեկտիվ գործոններով` աշխարհագրական դիրք, բնական պայմաններ, դաժան պատերազմներ: Դրանցով է, հավանաբար, պայմանավորված նաև սպարտական հակիրճությունը, որը դարեր անց հիացնում է իր սեղմությամբ, դիպուկությամբ և նրբագեղությամբ: Այն քաղաքականացված է, կատարելության աստիճանի հղկված, հաճախ` բազմիմաստ:

 Սպարտայից են տարածվել գերսեղմության հասնող այնպիսի արտահայտություններ, որոնք գրական գլուխգործոցներ են: Այսպես` Մակեդոնիայի թագավորն ուղերձ է հղում Սպարտային. «Եթե հարձակվեմ Պելոպոնեսի վրա, Սպարտան կոչնչացնեմ»: Պատասխանը լինում է մեկ բառ` «ԵԹԵ»: Սա այսօրվա դիվանագետների սիրած արտահայտություններից է` «IF»: Անհրաժեշտության դեպքում նրանց խոսքի հակիրճությունը թունոտ է` սարկազմով լի: Սպարտացի դեսպանն այցելում է Մակեդոնիայի թագավորին: «Դու մենա՞կ ես»,– վիրավորված հարցնում է թագավորը, որ սովոր էր տեսնել բազմամարդ և ճոխ պատվիրակություններ: «Մեկին` մեկ»,– լինում է պատասխանը: Այսինքն` դեսպանը թագավորին իջեցնում է իր աստիճանին, հետո ակնարկում է, որ Մակեդոնիայի և Սպարտայի ուժերի հարաբերակցությունը հավասար է: Եթե Սպարտան ոչինչ էլ արած չլիներ, հենց միայն «Թերմոպիլե» բառը բավական է նրան փառաբանելու համար: Պարսկական արշավանքի ժամանակ 300, ընդամենը 300 մարդ փակել է Թերմոպիլե կոչվող կիրճը` Հունաստան տանող միակ ճանապարհը: Արքայից արքա Քսերքսեսի դեսպանները պահանջել են հանձնել զենքերը և ազատել կիրճը: Գվարդիականներին առաջնորդող Լեոնիդաս թագավորը, լսելով պարսիկների երկարաշունչ ելույթը, արհամարհաբար պատասխանել է. «Եկեք և վերցրեք» («Molon labe»): Անակնկալի եկած պարսիկ դիվանագետներն սկսել են երկար-բարակ գովերգել իրենց ռազմական հզորությունը, համոզել հանձնվել, սպառնացել: «Ճանապարհն ազատեք,– ասել են:– Մեր զորքն այնքան մեծ է, որ երկինքը կսևանա մեր արձակած նետերի քանակից»: Սպարտացիների պատասխանը չի ուշացել. «Հրաշալի է: Կկռվենք ստվերի տակ»: Եվ կռվել են: Հինգ օր կռվել են պարսիկների դեմ: Սպարտացիները չեն հանձնվել: Սպանել են թշնամու 20.000 զինվոր, բայց, ցավոք, իրենք բոլորն էլ զոհվել են… դավաճանության պատճառով: Թերմոպիլեի հերոսամարտում սպարտացիների ցուցաբերած քաջագործության առաջ մարդիկ այսօր էլ գլուխ են խոնարհում:

  Պատերազմներն սպարտացիների համար լինելիության իմաստ էին, ինչպես ֆրանսիացին է ասում` raison d’Սtre (բանական հիմնավորում):
Երկու ոտքից կաղ սպարտացին մեկնում է մարտի: Հարցնում են` ինչո՞ւ: «Որպեսզի իմ մարմնով բթացնեմ թշնամու սուրը»,– պատասխանում է կաղը: Իսկ երբ նույն հարցն ուղղում են ծերունուն, նա ասում է. «Իմ մարմնով կպաշտպանեմ երիտասարդներին»: Զինվորը գանգատվում է, որ սուրը կարճ է: «Մի քայլ, որ առաջանաս` կերկարի»,– ասում է հրամանատարը: Հայրենասիրական ոգին Սպարտայում հասել է մոլեռանդության, դարձել քաղաքական հասկացություն, հոգեկերտվածք և՜ տղամարդկանց, և՜ կանանց, և՜ երեխաների համար: Սպարտացի մի մայր, երբառնում է իր բոլոր որդիների մահվան լուրը, ասում է. «Ես նրանց քեզ տվեցի, Սպարտա, որպեսզի մեռնեն քո փառքի համար»: Մեկ այլ մայր լուր է ստանում կռվի դաշտից, որ իր հինգ որդիները զոհվել են: «Այդ չեմ հարցնում,– ասում է նա,– Սպարտան հաղթե՞լ է»: «Այո»,–լինում է պատասխանը: «Ուրեմն` շնորհակալություն հայտնենք աստվածներին»,– ասում է որդեկորույս մայրը: Կռվից առաջ մայրը որդուն է հանձնում վահանը. «Եթե ձեռքիդ չվերադառնաս, արի վրան պառկած»,– ասում է նա. զոհվածներին այդպես էին բերում: Այստեղից էլ` «Կամ` վահանով, կամ` վահանին» թևավոր խոսքը: Սպարտացի մայրերի ու կանանց մասին առասպելներ են հյուսվել: Կինը Սպարտայում արիությամբ, դիմացկունությամբ և կռվելու ունակությամբ չէր զիջում տղամարդուն: Երբ աթենացին սարկազմով նկատում է, թե «Հունաստանում միայն սպարտացիներն են լսում իրենց կանանց», վերջիններս պատասխանում են. «Միայն Սպարտայում են կանայք ծնում իսկական տղամարդիկ»: Ռազմի դաշտից փախչելը մեղք էր, որի համար ծնողներն սպանում էին իրենց դասալիք որդուն կամ աղջկան: Մահացու մեղք էր համարվում նաև հայրենիքից հեռանալը. այն արգելված էր օրենքով: Երանի՛ այդ օրենքն ինչ-որ հրաշքով գործեր նաև ՀՀ-ում. Արտագաղթը կվերանար, և մեր երկիրն այսպես անգթորեն չէր դատարկվի… Հայրենասիրությունը և օտարների նկատմամբ քամահրական վերաբերմունքը սպարտացիների բնորոշ հատկանիշն էր: Գոյություն ուներ հատուկ հրամանագիր` չմեկնել արտասահման` չփչանալու համար, օտարներին հնարավորինս քիչ թողնել երկիր` այն չփչացնելու համար: Աթենացին ասում է սպարտացուն. «Դուք անկիրթ եք»: «Այո, հույներից միայն մենք չսովորեցինք ձեր այսպես կոչված քաղաքավարությունը»,– լինում է պատասխանը: Որոշ դեպքերում սպարտացիները տարբերվում էին կոպտության հասնող ուղղամտությամբ ու ճշմարտախոսությամբ: «Ո՞վ է Սպարտայի ամենալավ մարդը»,– հարցնում է եկվորը սպարտացուն: «Նա, ով նման չէ քեզ»,– հետևում է պատասխանը: Իսկ երբ դեսպաններից մեկը շողոքորթում է թագավորին` ասելով, թե բոլորն իրեն անվանում են Սպարտայի բարեկամ, թագավորն արձագանքում է ոչ դիվանագիտորեն. «Լավ կլիներ, եթե քեզ անվանեին քո երկրի բարեկամ»: Անկախ վերոգրյալից` հակիրճությունը գործնական նշանակություն ունի ռազմարվեստում: Հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի գլխավոր շտաբը յուրաքանչյուր հրամանի համար միջին հաշվով ծախսել է է 6,2 վայրկյան, իսկ ճապոնացիները` 8 վայրկյան: Հենց այդ 1,8 վայրկյանի տարբերությունը, գումարած տակտիկական արվեստը, հնարավորություն է ընձեռել հաղթել ճապոնացիներին կարևոր ճակատամարտերում, օրինակ, Իվոձիմոյի գրավման ժամանակ:

Արման Նավասարդյան
Արտակարգ եւ լիազոր դեսպան

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
4690 reads | 13.01.2013
|
avatar

avatar
1
պարոն Նավասարդյանի հեղինակած աշխատությունները իմ համար միշտ են հետաքրքիր ու բացահայտող
avatar
2
Հակիրճ խոսելը նույնպես տաղանդ է: Խոսել հակիրճ և կարողանալ այդ հակիրճության մեջ զետեղել ողջ միտքը դա խոսում է դիվանգետի պրոֆեսինոալության մասին

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com