ԱԹԵՆՔԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Հունական դիվանագիտությունը լավ գործերի և նվաճումների կողքին ունեցել է նաև լուրջ սխալներ: Ք. ա. 507 թվականին աթենացիները պատվիրակություն են ուղարկում պարսիկների մոտ` խնդրելով նրանց օգնությունը Սպարտային հնազանդեցնելու համար: Դա Աթենքի դիվանագիտության ճակատագրական, աններելի վրիպումներից էր: Բացի այն, որ այդ քայլը ոչ միայն կանաչ լույս էր վառում Պարսկաստանի զավթողական քաղաքականության դեմ հանդիման, և ոչ միայն տրոհում ու մերկացնում էր հելլենական ընդհանուր ճակատը ավանդական հակառակորդի առաջ, այլև վատ օրինակ էր մյուս պոլիսների և հենց նույն Սպարտայի համար, որոնք տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով կրկնելու էին աթենացիների վարքագիծը և բռնելու էին անջատողականության ազգակործան ճանապարհը: Պարսիկների արձագանքն ակնթարթային էր: Եվ դա միակ ճիշտ ու անվրեպ տարբերակն էր` ինչպես դիպուկահարի կրակոցը: Պարսիկների պատասխանը վերին աստիճանի սիրալիր էր: Իհարկե, հույներին կտրվի նրանց խնդրած օգնությունը` ինչ չափի ու ձևի էլ նրանք ցանկանան: Խնդիր չկա: Բայց, ասես իմիջիայլոց, դրա դիմաց նրանք խնդրում են «մի փոքր ծառայություն»` Պարսկաստանին զիջել «հող ու ջուր»: Իսկ իրականում դա նշանակում էր տարածքների զիջում: 

Դեսպանները, ականջներին չհավատալով և հազիվ զսպելով իրենց ուրախությունը, շտապում են ստորագրել «դեմ տված» համաձայնագիրը: Վե՜րջ: Նրանք թակարդում են: Դիվանագիտական այս սայթաքումը մեծ կորուստ պատճառեց բանակցային կողմերից մեկին և մեծ հաղթանակ բերեց մյուսին: Աթենացիները ցնծում էին, իրար շնորհավորում, թե ինչը ինչի հետ փոխեցին: «Որքա՛ն հաճելի մարդիկ են եղել այս պարսիկները և որքա՛ն միամիտ. ռազմական օգնության փոխարեն ընդամենն ուզում են ինչ-որ վերացական «հող ու ջուր»: Սա մեր դիվանագիտական փայլուն հաղթանակն է»,– հավանաբար այսպես են մտածել հելլենները:

Diplomat.am
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1480 reads | 04.02.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com