ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԱԽԱՀՈՐ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ
![]() Եթե Հերմեսն ուժեղ «մեջք» չունենար, նրա դեմ հավանաբար քրեական գործ հարուցեին: Մինչդեռ այս ամենն այնքան է ոգևորում հայրիկին, որ նա Հերմեսին հետագայում տալիս է նոր` ավելի պատասխանատու հանձնարարություններ: Այսպես` որդուն ուղարկում է ազատելու իր Իո սիրուհուն: Հերմեսը սուրում է այն լեռան գագաթը, որտեղ հարյուրակնյա Արգոսը հսկում էր Իոյին: Նա իր խոսքերով քուն է բերում Արգոսի աչքերին. ճարտասանությունը դիվանագետի կարևոր հատկություններից է: Ու հենց որ նրա հարյուր աչքերը փակվում են, Հերմեսը դուրս է քաշում կեռ սուրը և մի հարվածով թռցնում Արգոսի գլուխը: Իսկ քիլերությունը ոչ մի կերպ չի տեղավորվում դիվանագետի գործունեության շրջանակներում: Հերմեսի արկածները սրանով չեն ավարտվում: Նրա մատը խառն է նաև այլ մութ գործերի: Նա, օրինակ, դրդում է Պանդորային բացելու արկղը, որը լիքն էր մարդկության համար բազում դժբախտություններով, հիվանդություններով ու ցավերով: Վերջանում է դրախտը երկրի վրա: Մարդիկ առ այսօր տառապում են այդ կնոջ երեսից: Իսկ որ Հերմեսը, բառիս լայն իմաստով, փչացրել է Պանդորային, հայտնի փաստ է և՜ երկնքում, և՜ երկրում: Դիվանագետների հայրը նրա սիրտը փոխել է շան սրտով: Եվ նա սկսել է շնանալ, խաբել, գողանալ, դարձել է որկրամոլ, անզուսպ` զարդերի ու սեքսի նկատմամբ: Հապա Հերմեսի այցելությո՛ւնը Կովկասյան լեռներում հոր` Զևսի շղթայագամած Պրոմեթևսին` մարդկանց բարերարին և բարեկամին, ազնվագույն հերոսին, որի հետ Հերմեսը խոսում է դիվանագետին ոչ վայել, անպատկառ լեզվով: Մի խոսքով` հայր ու որդի արժեն իրար: Իսկ Հերմեսն իր բարոյական նկարագրով ոգևորել է հետագա սերունդների բոլոր կազանովաներին, դոնժուաններին և լովելասներին: Նա բազմաթիվ «անցողիկ» սերեր ուներ և պաշտոնական երկու սիրուհի` ստորգետնյա թագավորության աստվածուհի Պերսեփոնեն և սիրո ու գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն: Առաջինի հետ նա հանդիպում էր, երբ հանգուցյալներին ուղեկցում էր ստորգետնյա թագավորություն: Այսինքն` չարաշահում էր իր պաշտոնական դիրքը և «ժամանակ չէր կորցնում» գործուղումների ժամանակ: Իսկ Աֆրոդիտեի հետ` ամեն տեղ և ամեն առիթով: Հիշողությունը թարմացնելու համար խորհուրդ ենք տալիս ևս մեկ անգամ ընթերցել Հոմերոսի «Ոդիսականը»: Այս բոլորն իմանալով՝ այսօրվա դիվանագետները տարակուսած հարցնում են մեկմեկու. «Լա՜վ, ո՞րն էր մեր մեղքը, որ այդ վարնոցին փաթաթեցին մեր վզին: Այդքան աստվածների մեջ չկա՞ր մեկ ուրիշը»: Այդուհանդերձ, եկեք անարդար և աչառու չլինենք և Հերմեսին չներկայացնենք միակողմանի` որպես հրեշի, աթենքյան փողոցի վերջին ստահակի և սինլքորի: Չմոռանանք, որ լավ թե վատ՝ նա մեր դիվանագետների նախահայրն է, իսկ ծնողներին, ինչպես գիտեք, չեն ընտրում: Ի դեպ, անտիկ որոշ աղբյուրներ Հերմեսին ներկայացնում են հմայիչ, անգամ խարիզմատիկ երիտասարդ, հմուտ և հաջողակ դիվանագիտական գործերում, փայլուն բանակցող, որը կարողանում էր հեշտությամբ օգտաշատ և վստահելի կապեր ստեղծել, տիրապետում էր մարդկանց համոզելու և իր կողմը գրավելու գաղտնիքներին: Ի տարբերություն հին հունական դպրոցի շատ դիվանագետների, որոնք հաճախ էին խախտում գաղտնապահության կանոնները և թույլ տալիս ինֆորմացիայի արտահոսք, Հերմեսը փակբերան է: Նա, հավանաբար, գուշակել է, թե ինչ պետք է ասեր Պլուտարքոսը. «Բնությունը մարդու մեջ ոչինչ այնպես չի սահմանափակել, ինչպես լեզուն, դրա առաջ կարգելով ատամների պահակախումբ»: Պատահական չէ, որ այն ամենը, ինչը հուսալիորեն փակ է, կոչվում է հերմետիկ` ի պատիվ Հերմեսի: Բայց ամենագլխավորը. չմոռանանք, որ Հերմեսն է սահմանել դեսպանների անձեռնմխելիության կարգավիճակը, որը վավերացրել է ամենակարող Զևսը: Մենք Հերմեսին ենք պարտական նաև գեղագիտական այն հաճույքի համար, որը մեզ պարգևում է նրա կերպարը արվեստի գլուխգործոցների միջոցով: Հերմեսը ոգեշնչել է քանդակագործներ Պրակսիտելին, Թորվալդսենին, հանճարեղ նկարիչներ Կորեջիոյին, Տինտորետոյին, Վերոնեզեին, Ռուբենսին, Լորենին: Հանուն այս ամենի, Հերմեսի նկատմամբ կարելի է ներողամիտ լինել: Չմոռանանք նաև նրա անունով գործող միջազգային ֆիրմաները, որոնց բարձրորակ արտադրանքից հաճույքով օգտվում են գեղեցիկ իրերի սիրահարները, այդ թվում՝ հենց դիվանագետները: Արման Նավասարդյան Արտակարգ եւ լիազոր դեսպան | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
3267 reads | 12.01.2013
| |