ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԱՏԼԱՆՏՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան







Դժվար է գտնել սոցիալ-հասարակական կյանքի որևէ բնագավառ, որտեղ ալեգորիան կամ այլաբանորեն ասված որևէ խոսք այնպիսի նկատելի դեր խաղա, ինչպես դիվանագիտության մեջ: Դիվանագիտական հարաբերություններում թևավոր խոսքը և շրջասությունները, տեղին և դիպուկ ասված արտահայտություններն ու մտքերը երբեմն ավելի արագ են մոտեցնում իրական նպատակին, քան բուն բանակցությունները: Ահա թե ինչու են քաղաքական փորձառու գործիչներն ու դիվանագետները երբեմն խոսում թրակացի հույն Եզովպոսի լեզվով կամ հղում անում Աստվածաշնչին, ժողովրդական բանահյուսությանը և դասականներին, ինչպես նաև օգտվում են օտար, հատկապես լատիներեն դարձվածքներից:

...1902 թվականին Ռուսաստանի Նիկոլայ II ցարը և Գերմանիայի Վիլհելմ II կայսրը Ռևելում (այժմ` Տալլին) էին. Ֆիննական ծոցում տեղի էին ունենում ռազմածովային ուժերի զորախաղեր: Համաձայն ծովային արարողակարգի` կայսեր հեռացող նավն արձակում է հրաժեշտի ազդանշաններ: Քաղաքավարական արտահայտություններին հանկարծ հաջորդում է հետևյալ տարօրինակ հաղորդագրությունը. «Ատլանտյան օվկիանոսի ծովակալը ողջունում է Խաղաղ օվկիանոսի ծովակալին»:  Ռուսաստանի նախարարների խորհրդի նախագահ Սվյատոսլավ Վիտտեն հետևյալ կերպ է մեկնաբանում կայսերական ուղերձը. «Եթե այն (ուղերձը - Ա. Ն.) թարգմանելու լինենք սովորական լեզվով, կնշանակի հետևյալը. «Ես ձգտում եմ զավթել Ատլանտյան օվկիանոսը կամ գերակայող դիրքեր գրավել նրա ավազանում, իսկ քեզ խորհուրդ եմ տալիս նույն կերպ վարվել Խաղաղ օվկիանոսում: Ես նեցուկ կկանգնեմ այդ ձեռնարկին»...

Իսկ Ճապոնիան 1915 թվականին` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, իր հարևան Չինաստանին ներկայացրել է ռազմական յուրօրինակ սպառնալիք-վերջնագիր. ծագող արևի երկիրն առաջ էր քաշում տնտեսական և քաղաքական «քսանմեկ պահանջ»: Դրանք ստորացնող և ավազակային պահանջներ էին: Երբ Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Յուան Շիկայը փորձում է առարկել, ճապոնացին նրան խորհուրդ է տալիս վերջնագրի տեքստը նայել լույսի տակ: Նրա խորհրդին հետևած նախագահը կարկամում է. թղթի վրա ջրանշանները պատկերում էին ճապոնական ռազմանավեր, որոնք սարսափ էին սփռում տարածաշրջանի ջրերում...

Դիվանագիտական ակնարկ կարող է ունենալ ոչ միայն թուղթը կամ խոսքը, այլև անգամ հրուշակեղենը:

1935 թվականին Մոսկվա է ժամանում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար լորդ Էնթոնի Իդենը: Նրա գործընկեր Մաքսիմ Լիտվինովի կազմակերպած ճաշկերույթի ավարտին մատուցվում է մեծ տորթ, որի վրա զարդագրված էր` «Խաղաղությունն անբաժանելի է» ("Peace is Indivisible”, անգլ.): Ակնարկն արտացոլում էր քաղաքական այն մթնոլորտը, որն ստեղծվել էր Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
1590 reads | 13.03.2013
դիվանագիտական ընթերցումներ, բանակցություն |
avatar

avatar
1
Սիրելի Վահրամ,
Դիվանագիտությունը և ռազմական ուժը միջպետական հարաբերությունների հակոտնյա ասպեկտներն են, որոնք սակայն օրգանապես փոխկապակցված են: Երբ, ինչպես Դուք եք նշում, ‹‹խաղաղ դիվանագիտական›› միջոցներն սպառում են իրենց, նրանց փոխարինելու են գալիս ռազմական միջոցները: Ընդ որում դիվանագիտության արդյունավետությունը հաճախ պայմանավորված չէ երկրի ռազմական և տնտեսական ներուժով: Դրանք կարող են ունենալ բարձր մակարդակ, իսկ դիվանագիտությունը լինի թույլ և պասսիվ: Եվ ընդհակառակը: Սա այն դեպքն է, երբ իր արտաքին քաղաքանության մեջ այս կամ այն երկիրը հենվում է ուժային քաղաքակության վրա:
Հարգանքով`
Արման Նավասարդյան
avatar
2
«Թագավորները բաժանում են օվկիանոսները»... հարց ունեմ հոդվածի հեղինակ պարոն Նավասարդյանին, դուք որպես դիվանագետ ինչպես եք վերաբերվում խաղաղ դիվանագիտության ու ռազմական ուժի փոխլրացմանը

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com