ՕՐԵՆՔ, ՈՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան





Հանրաճանաչ օրաթերթերից մեկը հայտնում է, որ վերջերս ՀՀԿ խմբակցությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության օրենքի լրացում կատարելու մասին օրինագծի քննարկում: Օրինագիծը նախատեսում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ոլորտի մշտական լիազորությունների նկատելի ընդարձակում:

Հաղորդագրությունն ինձ հետաքրքրեց, քանի որ պարունակում է հանրապետության դիվանագիտական ծառայության կատարելագործման կոնկրետ առաջարկներ: Մյուս կողմից զարմանալի է, որ այդ թեման իր զարգացումը չի գտնում լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում: Ինչևէ:

Մինչդեռ նախագծում խոսվում է այն մասին, ինչն աներկբա անհրաժեշտ է մեր արտաքին քաղաքականության մեխանիզմներին, և ինչը, ցավոք սրտի, մեր մտքով իսկ չի անցել քսանամյա անկախության փուլում:

Ինչի՞ մասին է խոսքը: Ըստ փաստաթղթի, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում հանդիպել դեսպան նշանակված դիվանագետների հետ մինչև նրանց` դեսպանընկալ երկիր մեկնելը:

Նպատակը պարզ է և արդարացված: Տեսնել, թե ո՞վ է ներկայացնելու երկիրն արտասահմանում, ի՞նչ է իրենից ներկայացնում, ի՞նչի է ընդունակ նա: Ամենակարևորը` պրոֆեսիոնալների՞ց է, թե՞ դիլետանտներից, որոնք այսօր սնկերի պես հայտնվում են մեր դեռևս չամրապնդված դիվանագիտական կորպուսում:

Ի դեպ, լսումների նման պրակտիկա գոյություն ունի ամենուրեք: Սակայն Հայաստանում այն, իմ կարծիքով, պետք է կայանա մինչև նախագահի որոշման կայացումը, որից հետո նա հանգիստ խղճով կարող է ստորագրել դեսպանի և՛ հրամանագիրը, և՛ հավատարմագիրը: Այդ դեպքում նախագահը կարող է համոզված լինել, որ արտասահման չի ուղարկում պատահական մարդու, իսկ եթե սխալվի էլ (բացի Աստծուց սխալվում են նաև նախագահները), ապա այդ սխալը նա հանգիստ խղճով կարող է կիսել պառլամենտականների հետ:

Հաջորդ կետում օրենքի նախագիծն առաջարկում է պարբերաբար տեղեկանալ դեսպանի գործունեության մասին:

Վերոնշյալ պարբերությունները կարելի է փոխարինել երկու բառով. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ և ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ, որից գոնե Հայաստանի ԱԳՆ-ն հեռու է այնքան, ինչքան մենք` տիեզերքից: Ի՞նչ հաշվետվության մասին կարող է խոսք լինել, երբ այնտեղ բացակայում է անգամ նախարարական կոլեգիան:

Մինչդեռ պառլամենտարիզմի և դիվանագիտության փոխկապացվածությունը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից:

Իմ` «Դիվանագիտական մատենաշարում» մանրամասն նկարագրված է, թե
ինչպիսի կատարելության էր հասել դիվանագիտական արվեստն Հելլադայում սրանից գրեթե 3000 տարի առաջ: Դեմոկրատիայի նախահոր` Պերիկլեսի օրոք ստեղծված դիվանագիտական կադրերի ընտրության և գործունեության մեխանիզմն այնտեղ հիմնված էր երկու պոստուլատների` ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ վրա: «Ekkesia»-ն` Ազգային ժողովը, 6000 աթենքցիների ներկայությամբ նշանակում էր դեսպաներին և պարբերաբար լսում նրանց քաղաքական ու ֆինանսական հաշվետությունը: Զանցառուներին պատժում, անգամ գլխատում էր: (Նման բան երբեք չէի ցանկանա մեր դեսպաններին):

Բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն դիվանագետներից մեկը` կարդինալ Արման Ռիշելյեն` լինելով աբսոլյուտիզմի հիմնադիրը և միապետության ջատագովը` անգամ նա, կարևորում էր պառլամենտի դերը դիվանագիտության մեջ:

Իսկ մեր օրերում, երբ Պուտինն ու Օբաման ապագա կամ գործող դեսպաններին «կանգնեցնում» են օրենսդիր օրգանի առաջ, ամենևին էլ չեն նսեմացնում դիվանագիտության «գերագույն հրամանատար» լինելու իրենց հանգամանքը:

Այնպես որ, ապացուցված է` հաշվետվությունը, հսկողությունը և թույլատրված սահմաններում դիվանագիտության հրապարակայնությունն ու թափանցիկությունը միայն և միայն բարձրացնում են նրա մակարդակը, մաքրում և ամրապնդում են կադրային կորպուսը նախարարությունում և արտերկրում:

Գալով մեր Ազգային ժողովի նախաձեռնությանը, կավելացնեի հետևյալը: Անհրաժեշտ է ոչ միայն ապագա դեսպաններին ներկայացնել արտաքին հարաբերությունների պատգամավորներին, այլև, ըստ իս, կազմակերպել դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան հանգամանալից հաշվետություն Ազգային ժողովի ողջ կազմի առաջ:

Ճիշտ է, այստեղ անմիջապես ծագում է Գրիբոյեդովի սակրամենտալ հարցը. «А судьи кто» («Իսկ դատավորներն ո՞վքեր են»): Իսկ թե ովքեր են` դրանում, իր բոլոր վրիպումներով հանդերձ, ՀՀ ԱԳՆ-ն արդեն պատասխանատու չէ:

РУССКАЯ ВЕРСИЯ
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
1857 reads | 02.10.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com