ՍԻՐՈ ԴԱՍԵՐ. ՄԱՐԿԻԶՈՒՀԻ ԴԸ ՊՈՄՊԱԴՈՒՐ
Մարկիզուհի դը Պոմպադուրը իրավամբ համարվում է պատմության ամենահայտնի կանանցից մեկը: Այդ անունը լսել են նույնիսկ նրանք, ովքեր չեն հետաքրքրվում 18-րդ դարի պատմությամբ և այդ «Նրբակիրթ դարը» ընկալում են որպես եվրոպական քաղաքակրթության կյանքի մի ինչ-որ անցողիկ դրվագ: Մանավանդ որ Պոմպադուրն ավելի է հանրահայտ, քան նրա թագակիր սիրեկանը, որի շնորհիվ նա հասավ հզորության գագաթնակետին: Իսկապես, Ժաննա-Անտուանետա դ`Էտիոլը` մարկիզուհի դը Պոմպադուրը, պատմաբաններին, վիպասաններին և սովորական մարդկանց շատ ավելի է հետաքրքրում, քան Լյուդովիկոս 15-րդը:

Պոմպադուրը իր ամուր ձեռքերում էր պահում Եվրոպայի քաղաքական կյանքի կարևորագույն թելերը: Սակայն նա պատմության մեջ է մտել բոլորովին էլ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես սիրուհի, որպես շնորհալի կին: Այդ պատճառով էլ հետաքրքիր էր հասկանալ, թե ինչն էր պահում փոփոխամիտ և թեթևսոլիկ Լյուդովիկոսին այդ կնոջ կողքին: Եվ այսպես, մարկիզուհի դը Պոմպադուրի սիրո դասերը:

Հիասքանչ Ժաննան մանկությունից գիտեր, որ իրեն կսիրի ոչ թե ինչ-որ մեկը, այլ հենց Ֆրանսիայի թագավորը: Այդպես էր ասել բախտագուշակը` նշելով բառացիորեն հետևյալը. « Իսկ դուք, Ժաննա Պուասսոն, կլինեք հենց թագավորի սիրեցյալը»: Ի՞նչ պետք է մտածեր աղջնակը, որի ծնողներն ընդամենը մանր բուրժուաներ էին: Պուասսոն ազգանունով, որը թարգմանաբար նշանակում է «ձուկ», առավել ևս առանց բաղձալի «դը» նախդիրի, նա թագավորական շրջապատում պարզապես անելու բան չուներ: Ֆրանսիայի թագավորը սիրուհիներ էր ընտրում ամենաանվանի տոհմական ընտանիքներից: Բայց Ժաննան հավատաց կանխագուշակությանը և ճակատագրի բարեհաճությանը: Նա քայլ առ քայլ, տարի առ տարի գնում էր դեպի իր նվիրական հաղթանակը: Ստանալով հոյակապ կրթություն, յուրացնելով աշխարհիկ վարվեցողության բոլոր նրբությունները և ամուսնանալով իրեն սիրահարված մի ազնվականի հետ` տիկին դ`Էտիոլը արդեն պատրաստ էր իր կյանքի գլխավոր բարձունքը նվաճելուն:

Առաջին ջութակը

Եվրոպայում ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Լյուդովիկոս թագավորը տկարամիտ էր: Հենց այդպես, ոչ ավել և ոչ պակաս: Նա բացարձակապես գլուխ չէր հանում քաղաքականությունից, համարյա թե չէր կարդում և մնացած բոլոր զվարճություններից գերադասում էր որսորդությունն ու դիմակահանդեսները: Ժաննա դ`Էտիոլը, որն արդեն ստացել էր մարկիզուհի դը Պոմպադուր տիտղոսը, շատ արագ հասկացավ, որ Լյուդովիկոսը բոլորովին էլ դեմ չէ իր վրա բարդել պետական կառավարման ծանրությունը: Նա իր սիրուհուն վստահում էր ավելի, քան ինքն իրեն: Ընդ որում, թագավորը չափազանց ինքնասեր էր և երբեք չէր մոռանում, թե ով է տանտերը: Այն նախարարները, որոնք գործում էին չնայած և ճիշտ ուղղությամբ, բայց թագավորական «կամքը» շրջանցելով, շատ արագ շնորհազրկվում էին: Պոմպադուրն, ի տարբերություն մեծամտացած պալատականների, դա շատ լավ հասկացավ, և իր որոշումը կայացնելով, այն բարձրաձայնում էր որպես «թագավորի կամք»: Եվ, իհարկե, չէր մոռանում Լյուդովիկոսի ականջին շշնջալ, թե նա որքան հանճարեղ է և խորաթափանց:

Հետևաբար եթե դուք նույնիսկ մեծ ռազմավար եք և Նապոլեոն եք շրջազգեստով, մի մոռացեք ասելու տղամարդուն, որ հենց նա է ընդունել բախտորոշ որոշումը: Կա այսպիսի ասացվածք. «Տղամարդը գլուխն է, իսկ կինը` վիզը», այնպես որ, պտտեցրեք այդ գլուխը խելացիորեն:

Հրապույրն ավելի կարևոր է, քան գեղեցկությունը

Ամենայն հավանականությամբ մենք երբեք էլ չենք իմանա, թե իրականում ինչ տեսք ուներ մարկիզուհի դը Պոմպադուրը: Նրբանկատ դարի դիմանկարները մարդու արտաքինի մասին տալիս են միայն ընդհանրացված-մոտավոր` ավելի ճիշտ ծաղկեցված պատկերացումներ: Ռոկոկո ոճը բոլորին դարձնում է վարդագույն, թմբլիկ և քնքուշ: Բայց ժամանակակիցները միաբերան ասում էին, որ Ժաննա Պոմպադուրի արտաքինը ամենասովորականներից էր: Այո, նա զրկված չէր հաճելի արտաքինից, նրբագեղությունից, հմայնքից, բայց բոլոր դեպքերում նրան զմայլիչ չէիր համարի: Վերսալում կային շատ ավելի գեղեցիկ կանայք: Բայց Ժաննան պատանեկան տարիներից սովորել էր հմայելու արվեստը: Նա գիտեր, ինչպես և ինչ ասել, ինչպես իրեն ներկայացնել զրույցի ընթացքում, պարի ժամանակ, նույնիսկ ճաշի սեղանի շուրջը: Նա, ինչպես ոչ այլ ոք, կարողանում էր ընտրել իր զգեստների կտորները, ժապավենները, ծալքազարդերը և թանկարժեք իրերը` իր ոչ այնքան ցայտուն արտաքինը զարդարելու համար: Նա շատ լավ գիտեր՝ ինչն է իրեն սազում և ինչը ոչ:

«Դուք շատ եք, իսկ Ժաննան` միակը»

Հիմա ընդունված է կարծել, որ տղամարդու և կնոջ հարաբերություններում սեքսը խաղում է գրեթե ամենակարևոր դերը: Չկա լավ սեքս` չկա սեր, չկա ընտանիք, չկա ներդաշնակություն: Թերևս, տարօրինակ հնչի, բայց տիկին Պոմպադուրը կրքոտ սիրուհի չէր: Անկողնային խաղերը նրան առանձնակի բավականություն չէին պատճառում: Ներկայումս նրան կառաջարկեին բուժվել ֆրիգիդիզմից, հոգեթերապիայի կուրսեր անցնել կամ շտապ փոխել սիրեկանին:

Տեսնելով, որ Ժաննան այնքան էլ տաքարյուն չէ, Լյուդովիկոսը դրան համակերպվեց: Ժաննան նրա համար թանկ էր և առանց դրա: Ճիշտ է, նա իր համար սկսեց գտնել անցողիկ սիրուհիներ` համակրելի հիմարավուն կանանց, որոնց խնդիրը վավաշոտ միապետին անկողնում զվարճացնելն էր, բայց ոչ ավելին: Նրանցից ոմանք փորձում էին Ժաննային դուրս մղել թագավորի սրտից, բայց ապարդյուն:

Հետևաբար, կան բաներ, որոնք ոչ պակաս կարևոր են, քան սեքսուալ ներդաշնակությունը: Վստահություն, բարեկամություն, հասարակ մարդկային վերաբերմունք և հարաբերությունների մեջ ջերմություն. հենց դա էր տալիս Ժաննան իր թագավորին: Լյուդովիկոսի սիրուհիներից մեկը մի անգամ այնքան հեռու գնաց, որ նրա հետ խոսակցության ընթացքում Ժաննային «պառավ» անվանեց: Մեծամտացած գեղեցկուհու ճակատագիրը որոշվեց` թագավորը խզեց հարաբերությունները նրա հետ. «Դուք շատ եք, իսկ Ժաննան` միակը»:

Միշտ եղեք տարբեր

Պոմպադուրը, իմանալով, որ իր ընկերը տառապում է մելամաղձությամբ, աշխատում էր նրան զվարճացնել: Նա ամեն օր նրան որևէ հետաքրքրաշարժ բան էր պատմում: Որպես օրենք, դրանք փարիզյան բամբասանքներ էին կամ հմտորեն հրամցված «քրեական խրոնիկա»: Նա սիրում էր թագավորին հյուրասիրել հետաքրքիր ճաշատեսակներով` Պոմպադուրն ուներ շատ հմուտ խոհարար: Ամեն անգամ թագավորի հետ հանդիպելիս նա մեկը մյուսից գեղեցիկ նոր զգեստներ էր հագնում: Ավելին, նա Լյուդովիկոսի համար կազմակերպում էր «մեկ դերասանի շոու». երգում էր, պարում, բանաստեղծություններ արտասանում` միայն թե թագավորը չընկնի թախիծի գիրկը:

Ուրեմն` ոչինչ այդքան արագ չի սպանում սերը, որքան սովորական լինելն ու միօրինակությունը : Հետևաբար հարաբերությունների մեջ բազմազանությունը` դա միայն անկողնային փորձարկումները չեն: Մարկիզուհի դը Պոմպադուրը հովանավորում էր նկարիչներին, հավասարը հավասարի պես էր շփվում Վոլտերի հետ, կարևորագույն բանակցություններ էր վարում և փաստորեն 18 տարի անընդմեջ ղեկավարում էր Ֆրանսիան: Տարբեր լինել` նշանակում է լինել բազմակողմանի: Եղեք փոփոխական, ինչ-որ նոր բան սովորեք, կարողացեք ամենահասարակ առարկաներն անգամ տեսնել տարբեր կողմերից: Զարգացեք և եղեք հետաքրքիր, առաջին հերթին ինքներդ ձեզ համար, և այդ ժամանակ դուք երբեք չեք մնա մենակության մեջ:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
3011 reads | 30.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com