ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԻՏԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ԱՄՆ ԴԵՍՊԱՆ
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 13-ին հանդես է եկել առաջին մամուլի ասուլիսով՝ խոսելով իր ներկայացրած երկրի արտաքին քաղաքական ուղենիշների և իր պաշտոնավարման շրջանում Հայաստանի հետ աշխատանքի մասին: Դեսպանը չի շրջանցել երկրի ներքաղաքական վերջին իրադարձությունները՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության և գնահատական տալով Հայաստանի վիճակին:

Ռիչարդ Միլսը առաջին անգամ դեսպանի պաշտոնը ստանձնում է Հայաստանում և առաջին աշխատանքային օրն սկսում ներքաղաքական լարված պայմաններում: Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքում է. «Ես ինքս ԱՄՆ Լուիզիանայի նահանգից եմ, որտեղ ընդունված է միմյանց վիրավորական արտահայտություններով դիմել։ Ես լսել եմ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Եթե նախագահը պետական մարմիններին հանձնարարում է քննություն անցկացնել, ապա յուրաքանչյուր հետաքննություն պետք է լինի մանրակրկիտ, թափանցիկ և երկրի օրենքներին համաձայն: Նախագահ Սարգսյանը, կարծում եմ, այդ մասին գիտի»:

ԱՄՆ դեսպանը զգուշացնում է, որ ուշադիր կհետևեն հետագա իրադարձություններին և մտահոգիչ երևույթների դեպքում կխոսեն դրանց մասին: Կշարունակեն ակտիվ աշխատել քաղաքական բոլոր առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Դիվանագետը հանդիպել է ամերիկացի գործարարների հետ և մտահոգված է, որ Հայաստանում բիզնես անելու նրանց ցանկությունն ու հնարավորությունը չեն համընկնում:

«Ես կուզենայի մեծամասշտաբ ամերիկյան ներդրումներ տեսնել Հայաստանում, գիտեմ ամերիկյան բազմաթիվ ընկերություններ, որոնք ուզում են այստեղ գործ անել, բայց Ամերիկայի կառավարությունը չի կարող ներդրում բերել, դա պետք է անի Հայաստանը: Մենք լավագույն դեպքում կարող ենք աջակցել գործարարներին, առաջարկել գալ, եթե այստեղ ապահովված լինեն արդարացի կանոններ, եթե հարգվեն նրանց իրավունքները և պարբերաբար չվտանգվի բիզնեսը»-ասել է նորանշանակ դեսպանը:

Ռիչարդ Միլսը  հավատարմագիրը հանձնելու ժամանակ ասել է, որ Հայաստանն ունի հմուտ ու որակյալ աշխատուժ, նույնիսկ լավագույնը նախկին ԽՍՀՄ-ում ու Եվրոպայում, և այսօր պետք է աշխատելու հնարավորություն տալ նրան: Նոր դեսպանը ԱՄՆ նախագահից ստացել է հիմնական հանձնարարություն՝ աջակցել ազատ, բարեկեցիկ Հայաստանի կառուցմանը, մնացած ծրագրերը կձևավորվեն ժամանակի ընթացքում:

Նաիրի Հոխիկյան
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
738 reads | 13.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com