ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՈՐԾԻՉ. ՋՈՆ ՔԵՐՐԻՆ ՉՈՒՆԻ ՄՇԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԻԵՐԻ ՄԵՍՅԱՆԻ

 

 

 

 

Երեք իրադարձություն ցնցեցին միջազգային թատերաբեմը. առաջինը՝ Արևմուտքի կողմից, Ուկրաինայի հետ կապված, Ռուսաստանին պարտադրված ճգնաժամն է, երկրորդը՝ Ծոցի երկրների միջև հայտարարված գաղտնի պատերազմներն են և վերջապես երրորդը՝ Սիրիայի ժողովրդական ժողովի կողմից ընդունված օրենքն է, որով դե ֆակտո բացառվում է պատերազմի ժամանակ երկրից փախած քաղաքացիների կողմից թեկնածության առաջադրումը:


ԱՄՆ նախատեսել էր չորրորդ իրադարձությունը՝ Վենեսուելայում «գունավոր հեղափոխության» իրականացումը, սակայն երկրի ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց համախմբել հասարակության բոլոր շերտերին:

Վաշինգտոնը ցանկանում է Ուկրաինական հեղափոխությունն օգտագործել ի շահ իր տնտեսության

Ուկրաինական ճգնաժամը նախապատրաստվել և իրականացվել է Արևմուտքի կողմից, որի արդյունքում, հմտորեն էկրանավորված բռնությունների օգնությամբ, հաջողվեց իրականացնել պետական հեղաշրջում: Ի պատասխան Ռուսաստանը ճկուն կերպով հակադարձեց, Սուն Ցզիի մարտավարությանը հետևելով, առանց պայքարի վերցրեց Ղրիմը և մնացյալ երկիրը, իր քաղաքական և տնտեսական խնդիրներով հանդերձ, թողեց հակառակորդներին: Չնայած Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից արված հայտարարություններին՝ Արևմուտքը Մոսկվայի նկատմամբ որևէ նշանակալի պատժամիջոց չի կիրառելու: ԵՄ Ռուսաստան է արտահանում իր արտադրանքի 7 %-ը (123 մլրդ եվրո արժողությամբ հաստոցներ, մեքենաներ, քիմիական արտադրանք և այլն), իսկ ներմուծումը կազմում է 12 % (215 մլրդ եվրո՝ հիմնականում ածխաջրածիններ): Պատժամիջոցներից հատկապես կտուժեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Հոլանդիան, Լեհաստանը և Ֆրանսիան: Լոնդոնում ռուսներն ահռելի ներդրումներ են կատարում, որոնք կարող են հոդս ցնդել, ինչը վկայում է նաև Downing Street-ի կազմած ներքին հայտարարությունը, որը բացահայտվել է բրիտանական մամուլի կողմից կատարված լուսանկարի օգնությամբ: Այնպիսի ընկերություններ, ինպիսիք են BP, Shell, Eni, Volkswagen, Continental, Siemens, Deutsche Telecom, Reiffsen, Unicrédit-ը, նաև այլ կազմակերպություններ, ստիպված կլինեն դուրս գալ ռուսական շուկայից: Ամերիկյան անդրազգային կազմակերպություններից Exxon-ը, որն ԱՄՆ-ում երկրորդն է իր մեծությամբ, Ռուսաստանում հսկայածավալ ներդրումներ ունի:

Ինչ էլ որ լինի, Վաշինգտոնը շատ խիստ երկխոսություն է ծավալել: Ամեն ինչ տեղի է ունենում այնպես, կարծես թե պետական հեղաշրջումը ծրագրվել է ծայրահեղականների կողմից (Վիկտորիա Նուլանդ, Ջոն Մաքքեյն) և սկզբում կաշկանդել է Նախագահ Օբամային՝ միևնույն ժամանակ վերջինիս հնարավորություն ընձեռելով, ի վնաս իր դաշնակիցների, լուծել ամերիկյան տնտեսության ճգնաժամը. եթե Ուկրաինայում տիրող անհանգստությունները ներթափանցեն Եվրոպայի քաղաքական և տնտեսական հարթություններ, ապա հին աշխարհամասից կապիտալը կհոսի դեպի Wall Street: Այսպիսով կիրականանան 1992 թվականին Պոլ Վուլֆովիցի կողմից առաջ քաշված դոկտրինը (խոչընդոտել Եվրամիությանը, որպեսզի այն ԱՄՆ սկզբունքային մրցակից չդառնա) և 2009 թվականին Քրիստինա Ռոմերի տեսությունը (եվրոպական կապիտալի ներգրավմամբ փրկել ԱՄՆ տնտեսությունը, ինչպես 1929 թվականի վերջում տեղի ունեցած ճգնաժամի ժամանակ): Հետևաբար, Վաշինգտոնի և Մոսկվայի միջև, ծայրահեղ դեպքում, պետք է ակնկալել դիվանագիտական հարաբերությունների սառեցում և 2014 թվականին Եվրոպայում սպասել տնտեսության մեծ անկում:

Այս պայմաններում, անհասկանալի է, թե ինչպես հնարավոր կլինի Մերձավոր-Արևելքի ընդհանուր խաղաղությունը կյանքի կոչել: Այս պահից սկսած Սիրիայի համար նախատեսված Ժնև 3 ծրագիրը տապալված է: Մինչդեռ Մուհամեդ Դահլանի վերադարձով առաջընթաց արձանագրած իսրայելա-պաղեստինյան «խաղաղության» ծրագիը վիժեցվեց Արաբական երկրների լիգայի կողմից, որը ներկա պահին Իսրայելը որպես «հրեաների պետություն» չի ճանաչում:

Ծոցի երկրները պառակտվել են Մուսուլման եղբայրների պատճառով

Ներկայումս գաղտնի պատերազմ է ընթանում Ծոցի երկրների միջև: Նոյեմբերին Քաթարն աջակցել է Մուսուլման եղբայրերի կողմից ԱՄԷ-ում ծրագրված պետական հեղաշրջման փորձին: ԱՄԷ, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը Քաթարի հետ խզեցին իրենց դիվանագիտական հարաբերությունները և անգամ Սաուդյան Արաբիան ֆինանսավորեց Դոհայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը: Թվում է, թե Քաթարը պատրաստ չէ հրաժարվել Մուսուլման եղբայրներից, որոնց օգնությամբ Վաշինգտոնը կազմակերպել էր «արաբական գարունները» և այնուհետև երես թեքել նրանցից:

Ծոցի երկրների քաղաքականությունը նման է անհավանական հանգույցներից կազմված մի տրցակի, երբ ծաղրի արժանի միապետները պետական շահերը խառնում են իրենց անձնական ամբիցիաների հետ: Կռվախնձոր դարձած Մուսուլման եղբայրները դիտարկվում են ոչ թե որպես գաղափարական հոսանք, այլ պարզապես խաղաքարտ:

Սիրիան այլևս չի ցանկանում խաղաղության շուրջ բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի հետ

Երրորդ նոր բաղադրիչը հեռուստատեսությամբ հեռարձակված Սիրիայի ժողովրդական ժողովի կողմից նոր օրենքի ընդունման փաստն է: Պատգամավորների կողմից ընդունվել է մի օրինագիծ, համաձայն որի նախագահական գալիք ընտրություններում թեկնածուները պետք է վերջին 10 տարում մշտապես բնակված լինեն երկրում: Սույնով դե ֆակտո բացառվում է պատերազմի ժամանակ Սիրիայից փախած քաղաքացիների կողմից թեկնածության առաջադրումը:

Արաբական երկրների լիգայի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին անմիջապես հայտարարեց, որ այն կարող է հանգեցնել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի խափանմանը: Ֆրանսիան, իր հերթին, Ժնևյան բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ին նախագիծ ներկայացրեց: Չնայած որ նոր օրենքի վերաբերյալ որևէ հիշատակում չեղավ, այնուամենայնիվ սա վերջին փորձն է սիրիական պատերազմը որպես «Հեղափոխություն» ներկայացնելու և խաղաղությունը Դամասկոսի և Սաուդյան Արաբիայի հովանու ներքո գտնվող կեղծ ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնություն դիտարկելու համար: Սիրիայի ժողովրդական ժողովի նախկին խոսնակ Բասմա Կոդմանին հավաստիացնում էր, որ «Դամասկոսի ռեժիմը» ի վիճակի չի լինելու նախագահական ընտրություններ կազմակերպել և առաջարկում այդ ձախողումը համարել դիկտատուրայի լավագույն ապացույց: Այսպիսով ՆԱՏՕ-ն կարող է թատերաբեմ դուրս գալ և վերջ դնել Բաշար էլ-Ասսադի իշխանությանը, ինչը նախապես էր պլանավորված, չնայած 2011 թվականի «ջարդերին» և 2013 թվականի «քիմիական ռմբակոծության» հետ կապված բաց թողնված հնարավորությանը: Այնուամենայնիվ, Ռիադի հետ հաշտվելուց և ըստ իր հայեցողության Ժնև 2 համաժողովը կազմակերպելուց հետո՝ Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի սիրիացի գործընկերների նկատմամբ վերստին կորցրել է իր հետաքրքրությունը:

Եթե Ժնև 3 չկայանա, ապա Արևմուտքը կա´մ կհարձակվի Սիրիայի վրա (որն այլևս անհնար է, ինչպես հնարավոր չէ Ղրիմի վրա հարձակումը), կա´մ մեկ հարյուրամյակ շարունակ իրավիճակը կպահի փակուղու մեջ, կա´մ կհայտարարի, որ «Հեղափոխություւնը» զավթել են ջիհադիստները և պատերազմն այլևս գլոբալ հետաքրքրություն ներկայացնող հակաահաբեկչական հարց է:

Ջոն Քերրին, ով դիվանագետ լինելուց բացի նախևառաջ գործարար է, չունի կանխորոշված քաղաքականություն, փոխարենն ունի մարտավարություն: Սովորույթի համաձայն Վաշինգտոնն այլ լուծում չգտնելով՝ ամեն ինչ կանի իր համար նախընտրելի հանգուցալուծման հասնելու համար: Այլևս չկարողանալով բանակցել Ռուսաստանի հետ, նա ստիպված կլինի դա անել Սիրիայի մեկ այլ դաշնակցի՝ Իրանի հետ:

Համարյա մեկ տարի է, ինչ Պետդեպարտամենտը, սկզբում Օմանում գաղտնի բանակցում էր Իսլամական հանրապետության հետ, իսկ այժմ պաշտոնապես բանակցություններ են ընթանում նորընտիր նախագահ Ռոհանիի հետ: Սակայն որոշ հանգամանքներ հակազդեցության մեջ են մտնում հոմենեականների շրջանակներում, ըստ որոնց պետք չէ բանակցել իմպերիալիստների հետ, այլ հարկավոր է նրանց մինչև վերջ վերացնել: Հաշվի առնելով իրանական ներքին հակասությունները, Վաշինգտոնը բազմապատկեց իր հարձակումներն ու նահանջները, որպեսզի առաջխաղացումը նախատեսվածից փոքր ինչ դանդաղի:

Եթե ԱՄՆ-ի համար սիրիական հարցը լուծելու համար շտապողականության խնդիր չկա, փոխարենը կենսական անհրաժեշտություն է Պաղեստինի հրեական գաղութի անվտանգության ապահովման հարցը: Ժնև 2-ից դուրս մղված Իրանն այսպիսով հրավիրվում է մասնակցելու առավել կարևոր տարածաշրջանային բանակցություններին: Այս առթիվ ԱՄՆ Սենատը, գալիք 10 օրվա ընթացքում, կազմակերպելու է «Սիրիան Ժնևից հետո» թեմայով լսումներ: Ձևակերպումից հասկանալի է դառնում, որ խաչ է քաշվում «խաղաղության» համաժողովի վրա: Սենատորները Վաշինգտոնի հրեա փորձագետներին լսելու փոխարեն, ինչպես դա սովորաբար արվում էր Մերձավոր Արևելքին վերաբերվող խնդիրների ժամանակ, լսելու են Պետքարտուղարության պարտիզանական պատերազմների հարցերով լավագույն ռազմագետներին և Իրանի հարցում երկու գլխավոր փորձագետներից մեկին:

Եվ վերջում, եթե անգամ տարածաշրջանում «խաղաղություն» հաստատվի, ապա դա կլինի միմիայն Ջոն Քերրիի պատկերացրած տարբերակով, ով ավելի շուտ կզոհաբերի Պաղեստինի ժողովրդին, քան հրեական գաղութին: Հասսան Նասրալլան նախազգուշացրել էր այս անարդարության մասին, սակայն ինչպես կարելի է հակազդել, երբ պաղեստինյան գլխավոր առաջնորդներն արդեն դավաճանել են իրենց ընտրողներին:

Թարգմանությունը՝ Արեգ Մանասյանի
voltairenet.org
 

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
993 reads | 27.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com