ԱՆԳԼԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԻԾ
‹‹...Դուք` օտարերկրացիներդ, այնքան խելացի եք. մի անգամ ինձ ասաց անգլիացի մի լեդի, երբ արդեն տարիներ էր, ինչ Լոնդոնում էի:Սկզբում համարեցի այս արտահայտությունը չափազանցված, բայց իհարկե հաճելի: Օքսֆորդի գրպանի բառարանում, օրինակի համար, խելացի բառի համար շատ բացատրություններ կան.բոլոր հիանալի ածականնները, որոնք հիմնականում բարձր գնահատական են արտահայտում մարդու նկատմամբ... ժամանակակից անգլիացին, այնուամենայնիվ, այս բառը կիրառում է միայն հետևյալ նշանակությամբ` խորամանկ, նենգ, խարդախ, ճարպիկ, մի խոսքով` ոչ-անգլիացի, ոչ-շատլանդացի, ոչ-ուելսցի մեկը:

Անգլիայում խելացի լինելն էթիկետի լուրջ խախտում է համարվում:Դա կարող է քո սեփական տեսակետը լինել, որ երկու անգամ երկուսը չորսի է հավասար, բայց դու դա չպետք է ասես չափազանց համոզված տոնով, որովհետև սա դեմոկրատական երկիր է, և մեկ ուրիշը կարող է այլ կարծիքի լինել այդ հարցի շուրջ...

Մայրցամաքային ջենտլմենը, տեսնելով մի գեղեցիկ բնապատկեր, կասեր.‹‹Այս տեսարանն ինձ հիշեցնում է Ուտրեխտը, որտեղ 1713թվականի ապրիլի 11-ին կնքվել է հաշտության պայմանագիրը: Իսկ գետը բավական նման է Գուադալկիվիրին, որը սկիզբ է առնում Սիեռա դե Կազորլայից, հոսում է դեպի Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմուտք և ունի 650 կմ երկարություն››: Այս սնապարծ մայրցամաքային տոնը բնորոշ չէ անգլիացուն:Իսկական անգլիացի ջենտլմենը իր տեսակի մեջ պարզ է և նույնիսկ բնական, ինչպես չէր կարելի սպասել անգլիացու կերպարի մասին ստեղծված առասպելից: Այս նույն տեսարանին նայելիս անգլիացին 2-3 ժամ լռություն կպահպանի` մտածելով, թե ինչպես իր խոր զգացումները ներդնի բառերի մեջ, և ապա միայն կասի ‹‹Չքնաղ է, այնպես չէ՞..››:
 
Սա բնութագիրն է Ջորջ Մայքսի` մի ‹‹օտարերկրացու››, որը սարկազմի հասնող հումորի միջոցով իր ‹‹Ինչպես լինել օտարերկրացի›› գրքում նկարագրել է անգլիական մենթալիտետը` իր դրական և բացասական կողմերով: Իսկ դրակա՞ն, թե՞ բացասական նշանակություն ունեն ազգային բնավորության այս առանձնահատկությունները անգլիական դիվանագության համար: Ընդունված է ասել, որ անգլիացիներին բնորոշ է զսպվածությունը.կրիտիկական պահերին անգլիացին իրեն պահում է հանգիստ, չի մեծացնում վտանգի չափը և հանգիստ է արձագանքում իրավիճակի կտրուկ փոփոխությանն ու անակնկալներին:

Ըստ իս` անգլիական ջենտլմենների այս երևութական զսպվածությունը և հատկապես անակնկալներին դիմագրավելու կարողությունը ավանդաբար գալիս է լավ տեղեկացվածությունից: Իրենք` անգլիացիները, սիրում են տեղեկություն կուտակելու նկատմամբ այս հակումը կապել իրենց պատմության հետ: Վիլյամ Նվաճողը, զենքի ուժով չկարողանալով ընկճել սաքսոնացի ազնվականներին, ամբողջ Անգլիան ընդամենը մեկ տարում իր ձեռքն առավ հայտնի ‹‹Դատաստանագրքի›› օգնությամբ, մի գիրք, որտեղ ըստ էության զետեղված էր ամեն կարգի տեղեկություն անգլոսաքսոնացի նույնիսկ ամենահետին ազնվականի մասին: Հենց այս գիրքը անգլիացիները համարում են հետախուզական տեղեկագրքի առաջին նմուշը, անգլիական հետախուզության, որը եթե այնքան հին էլ չէ, որքան իրենք են պատկերացնում, ապա գոնե անցել է ժամանակի փորձով` հասնելով ժամանակակից MI6-ին:

Եվ իսկապես անգլիական դիվանագիտության ուժեղ կողմերից է առարկայի և խնդրի լավ իմացությունը, այն երկրի իմացությունը, որտեղ դիվանագետը պետք է աշխատի, իսկ օտարերկրյա հասարակությունների մասին հանրագիտարանային տեղեկացվածությունը այստեղ անցնում է սերնդից սերունդ: Նյութերը և տեղեկատվությունը 1919 թվականի Փարիզի Խաղաղության կոնֆերանսին այնքան շատ էին, որ նույնիսկ օգտագործվում էին օտար պատվիրակությունների կողմից: Տեղեկություններ հավաքելու նկատմամբ հակումն է ստիպել Անգլիային մշտապես վարելու գաղտնի դիվանագիտություն, որտեղ, ի տարբերություն Ամերիկայի,հատկանշական է, որ ինֆորմացիայի արտահոսք չկա: Այն տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ դա պետք է լինում Բրիտանիային:

Անգլիացիներն այն կարծիքին են, որ եթե բանակցությունների յուրաքանչյուր փուլ բաց լինի, դա կբերի ոչ միայն ժամանակի կորստի, այլև համաձայնության գալու անհնարինության: Այսպիսով, վարվում է երկու տեսակի դիվանագիտություն` մեկը բանակցությունների համար, մյուսը` արտաքին աշխարհի:

Եվ լեզվի մասին:Եթե աշխարհում կա մի հասարակություն, որի ընտրած հաղորդակցվելու ձևը այսքան դիվանագիտական է,ապա դա անշուշտ անգլիականը կլինի: Ինչպես այդ առթիվ ասել է մի դեսպան. ‹‹Սա դիվանագիտական դիվանագիտություն է››:

Անգլիացիները չափազանց զգույշ են բառերը ընտրելիս. քաղաքավարության հետևելով` նրանք երևույթը կարող են այնքան տարբեր ձևով նկարագրել, որ նույնիսկ երբեմն դժվար է նրանց միտքը հասկանալ: Այս առթիվ արժե կրկին անդրադառնալ վերոհիշյալ Մայքսին. ‹‹Մի քանի տարի առաջ անգլերենից ընդամենը տաս բառ իմանալով և դրանք էլ սխալ օգտագործելով` դիմեցի թարգմանչի աշխատանքի համար: Իմ նրբակիրթ գործատուն քաղաքավարությամբ նշեց. ‹‹Վախենում եմ` Ձեր անգլերենը մի փոքր ոչ-օրթոդոքս է››: Սա, թարգմանած յուրաքանչյուր մայրցամաքային լեզվով, կնշանակեր. ‹‹Աստիճաններից վար նետեք այս ջենտլմենին››: Ամենասարսափելի կոպիտ արտահայտություններն են` վախենում եմ, որ..., եթե չ..., այնուհանդերձ, ինչ տարօրինակ է..., ներեցեք, բայց...: Խոսելաձևի այս առանձնահատկությունը չէր կարող անգլիացի դիվանագետի բնութագրի անբաժանելի մասը չկազմել: Այդտեղից էլ` նրանց բնավորության առավելությունները դիվանագիտության ասպարեզում` ոչ ուղղակի ակնարկները, ամեն ինչ մինչև վերջ չասելու նկատմամբ հակումը,‹‹անգլիացիների երեսպաշտությունը››, ինչպես անվանել է Մարքսը: Ամերիկացի գեներալ Վեդեմեյրը, որը մասնակցել է անգլո-ամերիկյան կարևոր բանակցությունների, այսպես է բնորոշել անգլիացի դիվանագետների վարվելակերպը. ‹‹Հատկապես առանձնանում էր անգլիացիների` այնպիսի բառերի և արտահայտությունների օգտագործումը, որոնք ունեին ավելի քան մեկ իմաստ և թույլ էին տալիս ավելին, քան մեկ բացատրությունն է››:

Դժվար է ասել, սա ընտրված գործելակերպ էր, թե ոչ, բայց մի բան հաստատ է. անգլերենը` իր բառերի բազմիմաստությամբ և դարձվածքների առատությամբ պայմաններ է ստեղծում դրա համար` հիշեցնելով վոլապլյուկը` այն միջազգային արհեստական լեզուն, որը այլ աշխարհից առանձնանալու համար յուրացնում էին դիվանագետները:

Անգլիացիներին զրուցասեր չես անվանի, եթե գալիս ես առանց բնութագրի կամ հանձնարարականի, բայց հերիք է անգլիացին իմանա, թե ինչ դիրքի մարդու հետ գործ ունի (և հատկապես երբ այդ դիրքը բարձր է), կբացի իր ամրոցի դռները: Անգլիացի դիվանագետներն այնքան էլ չեն սիրում գլոբալ խնդիրների մասին զրույցները, ի տարբերություն ամերկացիների, որոնք հակում ունեն ամեն տեսակ հարցերի նկատմամբ: Գերադասում են ավելի որոշակի բնույթի հարցերի քննարկում` այսօրվա կամ վաղվա օրվա: Եվ լռությունն էլ այստեղ ամենևին համաձայնության նշան չէ, այլ պարզապես պատասխան տալու անպատրաստակամություն, ուրիշ ոչինչ:
 
Էթիկետի կանոնների հատուկ պահպանությունը, թվում է, պետք դրական նշանակություն ունենա դիվանագետ-անգլիացու համար, երբեմն հակառակ հետևանքներն է թողնում` բարդացնելով կապերի հաստատումը և շփումը նոր ժամանած դիվանագետի համար, ի տարբերություն մյուսների, որոնց մոտ շփումն ավելի հեշտ է ստացվում: Հենց թեկուզ այցեքարտի ուղարկման պրակտիկան, որով անգլիացի դիվանագետները տարբերվում են մյուսներից: Այցեքարտ ուղարկելու փոխարեն նրանք իրենք են սպասում այն մարդկանց այցեքարտերին, որոնց հետ կցանկանային կապեր հաստատել...

Անգլիացու տունը իր ամրոցն է: Եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր անգլիացու տունը Անգլիան է, ապա կարելի է պատկերացնել ինչպիսի հմտությամբ է անգլիացին պաշտպանում իր ամրոցի շահերը: Հենց դա է անգլիական դիվանագիտության հիմնարար սկզբունքը. ‹‹Անգլիական հպատակը իր ծագմամբ Հռոմեական կայսրության քաղաքացի է: Անգլիական կառավարության ուժեղ ձեռքը պարտավոր է օգնություն և պաշտպանություն ցույց տալ նրան երկրագնդի ցանկացած անկյունում››: (Պալմերսթոն)

Արթուր Եղիազարյան
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
2079 reads | 24.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com