2013 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
![]() Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԵՐԵՎԱՆ Ավարտին է մոտենում 2013 թվականը: Եթե մեկ նախադասությամբ փորձեմ ներկայացնել անցնող տարվա քաղաքական խորհուրդը Հայաստանի և հայ ժողովրդի համար, ապա ստիպված եմ արձանագրել. տարին բացահայտեց ժամանակակից հայոց պետականության խոցելիությունն ու ամլությունը, աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում մեր քաղաքական ընտրանու լիակատար սնանկությունը: ![]() Քաղաքական ընտրանին ցույց տվեց, որ ի վիճակի չէ ներքաղաքական ասպարեզում գնալ անհրաժեշտ վերադասավորումների, դերերի ճիշտ բաժանման, պարզապես չի գիտակցում արտաքին քաղաքական մարտահրավերներին ադեկվատ պատասխաններ գտնելու առաջնահերթությունը: ![]() Ասելով քաղաքական ընտրանի՝ ես նկատի ունեմ ինչպես խորհրդարանում ներկայացված իշխող, այնպես էլ «այլընտրանքային» և ընդդիմադիր ուժերին: Դրանց տարբերությունը վերջնագումարում ոչ մի էական նշանակություն չունի. Սերժ Սարգսյանը կարող է, բայց չի ուզում, «ընդդիմադիրները» ուզում են, բայց չեն կարող: Ի վերջո, դրանք նույն մեդալի երկու կողմերն են. մեկը պետք է չկարողանա, որպեսզի մյուսը չուզի: Դրա համար երբ խոսում են գոյություն ունեցող արատավոր համակարգի և այդ համակարգն արմատախիլ անելու անհրաժեշտության մասին, պետք է գիտակցեն, որ գործնականում դա նշանակում է ներկայիս քաղաքական ընտրանու ամբողջական հեռացման և մաքուր էջից նոր քաղաքական ընտրանու ձևավորման անհրաժեշտություն: Հասկանանլի է, որ այդ նպատակին ստեղծված պայմաններում հնարավոր է հասնել միայն ժողովրդական (ոչ թե ժողովրդավարական, այլ ժողովրդական) հեղափոխության միջոցով: 2013 թվականը ցույց տվեց, որ Հայաստանը կարող է խուսափել վերջնական հայաթափումից և կործանումից միայն համաժողովրդական հեղափոխության միջոցով: Քաղաքական թատերաբեմում եղած և ոչ մի ուժ՝ առանձին կամ մյուսների հետ միասին, չեն կարող հասնել նույնիսկ մասնակի համակարգային փոփոխությունների: Այս ճշմարտությունն ակնհայտորեն դրսևորվեց 2013 թվականին անցած նախագահի ընտրությունների և հետընտրական շրջաններում: Ցույց տվեք աշխարհի քարտեզի վրա իրեն ժողովրդավարական հորջորջող մի երկիր, որտեղ խորհրդարանում ներկայացված հիմնական «ոչ իշխանական» ուժերը իրենց իրավունք վերապահեն չմասնակցել ամենակարևոր՝ նախագահի ընտրություններին և դրանից ընդամենը երեք ամիս անց՝ խանդավառությամբ վազեն մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ցույց տվեք մի երկիր, որտեղ քաղաքական ուժերն այնքան կարճատես են, այնքան անընդունակ «զգալու» վերահաս մարդահրավերները, հստակ շոշափվող տեկտոնիկ աշխարհաքաղաքական ցնցումների պայմաններում կլանված քննարկում են «թարս բուսնող խիարի» և «ձայներ խփելու» հիմնահարցերը: Եվ դա այն դեպքում, երբ փորձագիտական մակարդակով՝ մեր դեպքում Հայաստանի քաղաքագետների միության հրապարակային քննարկումների շրջանակներում, երկրի քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրում էր հենց հասունացող աշխարհաքաղաքական տեղաշարժերի և դրանց ադեկվատ պատասխանելու անհրաժեշտության վրա: ![]() Պատահական չէ, որ այդ նույն օրերին՝ սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարության և Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարված այցի միջև ընկած ժամանակաշրջանում, վարչախումբը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների միջոցով Հայաստանում նախագահականից վարչապետախորհրդարանական կառավարման ձևին անցնելու մտադրության մասին: Տրամաբանական է ենթադրել, որ սեպտեմբերի 3-ի և դեկտեմբերի 2-ի այցերի շրջանակներում՝ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև ոչ հրապարակային քննարկումների ընթացքում լուծվել է նաև Սերժ Սարգսյանի իշխանությունը 2018 թվականից հետո անսահմանափակորեն երկարաձգելու խնդիրը: Չի կարելի բացառել, որ այդ խնդրի լուծման հարցում Ռուսաստանի աջակցությունը հենց այն գինն է, որը Մոսկվան խոստացել է վճարել Սերժ Սարգսյանին Հայաստանը Ռուսաստանի բացառիկ ազդեցության տիրույթ մտցնելու դիմաց: Այդպիսի համաձայնություն ձեռք բերելու անուղղակի վկայությունն է նաև այն փաստը, որ այս անգամ Հայաստանի երկրորդ նախագահ և Վլադիմիր Պուտինի վաղեմի բարեկամ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված չէր ՌԴ Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշկերույթին: ![]() Հարց է առաջանում՝ ինչու՞ մեր ժողովուրդը, ի տարբերություն ուկրաինացիների, 2013 թվականին էլ իր ակտիվությունը դրսևորեց միայն երկրից փախչելու տեսքով: Մեր խորհրդարանական «ընդդիմությունը» շատ լավ էլ գիտի, թե ինչու: ![]() Խոսքը գնում է նույնիսկ հետխորհրդային տարածքում իր նախադեպը չունեցող հրեշավոր հանցագործության մասին, որի համար և ոչ մեկը պատասխանատվության չի կանչվել, որի մեղավորներին պատժի ենթարկելու հարցում ներկայիս ընդդիմությունը կրում է բացառիկ պատասխանատվություն: Հասկանալի է, որ քանի դեռ մեղավորները չեն պատժվել, մեր քաղաքացիներն ապրելու են այդ սպանդի կրկնության վախի ներքո: Ուկրաինական Մայդանում ոչ մի զոհ, բարեբախտաբար, չեղավ, չնայած դրան, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արտոնել էին ցուցարարների դեմ ուժի կիրառումը, ազատվեցին պաշտոններից և հայտնվեցին կալանքում: Ուկրաինայի վարչապետ Ազարովը ներողություն խնդրեց ցուցարարներից, ինչը ամրապնդեց մարդկանց համոզմունքը, որ Ուկրաինայի իշխանությունները ժողովրդի դեմ բիրտ ուժ երբեք չեն օգտագործի: ![]() Համեմատության համար ասեմ, որ պաշտոնապես մարտի մեկի չարանենգ օպերացիայի կազմակերպումը խոստովանած՝ այն ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը ոչ միայն չհայտնվեց մեղադրյալի աթոռին, այլ այսօր «ոչ իշխանական ուժի» ներկայացուցիչի կարգավիճակում կոճակ է սեղմում խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Լևոն Զուրաբյանի և մյուսներին հավասար: Ավելին, Գրիգոր Գրիգորյանը ԱԺ ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է, ինչը ապացուցում է, որ վարչախումբը չի նախապատրաստվում ներողություն խնդրել ժողովրդից մարտի մեկի սպանդի համար: Սա խորհրդարանական «ընդդիմության» կողմից մարտի մեկի էջը վերաբացելու «դլյա գալոչկի» գործադրված «ճիգերի» արդյունքն է: Արդյունք, որը առաջիկայում էլ ստիպելու է մեր երկրի հազարավոր քաղաքացիներին իշխանության նկատմամբ սեփական վերաբերմունքն արտահայտել ոչ թե հրապարակում պայքարելու, այլ ի նշան բողոքի Հայաստանից լռելայն հեռանալու միջոցով: Այսպիսին են 2013 թվականի քաղաքական արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության համար տխուր արդյունքները: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
1899 reads | 25.12.2013
| |