ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ, ԱՄԲԻՈՆ ԵՎ ԱՌԻԹ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






ՄԱԿ-ի գլխավոր համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իրավամբ բոլոր պատճառներն ունի առանձնանալու այդ ամբիոնից հնչած նախորդ ելույթներից: Յուրահատկությունը ունի թե բովանդակային, թե կառուցվածքային, թե շեշտադրումային և թե ոճաբանական հիմնավորումներ: Այստեղ առիթը օգտագործվել է առավելագույն ձևով ամուր, կարծր դիրքերից ուղերձներ փոխանցելու:

Խոսքը, իր յուրաքանչյուր պարբերությամբ և յուրաքանչյուր բառով` իր ամբողջության մեջ երկարապատում մեկնաբանությունների կարիք չունի: Պետք է կենտրոնանալ այս ժամանակահատվածում, նախագահի կողմից կատարած ընտրանքին` նման բովանդակությամբ ու շեշտադրումներով միջազգային բարձրագույն ամբիոնից աշխարհին ներկայանալու համար:

Իհարկե, նախ նկատելի է, որ ներազգային առումով կատարված հայտարարությունների ամբողջությունը ունի հավաքող և համախմբող հանգամանք: Շատ քիչ ժամանակ էր բաժանում ՄԱԿ-ի ելույթը Սփյուռքի ներկայացուցիչների երևանյան համագումարի փակման խոսքից: Եվ եթե ընդունենք, որ երկրորդը ներքին լսարանի հասցեագրված խոսք էր, ապա առաջինի և երկրորդի միջև ոչ միայն մտքերի, այլ նաև հռետորաբանության որոշակի ներդաշնակություն գոյություն ունի:

Հետևողականությունը, ներքին-արտաքին լսարանների ուղերձային տրամաբանության, պահպանվել է: Ավելին, նույնիսկ ժողովրդական ասացվածքը օգտագործվել է արտաքին աշխարհին պատգամ փոխանցելու համար: Փաստորեն, ջնջված են ներքինի և արտաքինի միջև տարբեր առիթներով երևացող և բովանդակային և ոճային տարբերությունները:

Պարզ է, որ նման երևույթը՝ հայկական աշխարհը այս հարցերի շուրջ համախմբելու և արտաքին ոտնձգությունները կանխարգելելու պետական ռազմավարության մաս է կազմում: Մանավանդ, շրջում է «կիսացավակցական» և «հրամեցեքի» շղարշներով հակառակորդի որդեգրած մարտավարական գործողությունների կանոնները: Թուրքական խաղասիրական խաբկանքը Նյու Յորքում բախվում է հայկական կարծր դիրքորոշմանը:

Նախագահ Սարգսյանը թե Երևանում և թե Նյու Յորքում կատարում էր նույն հայտարարությունը, որի համաձայն Երևանը լրջորեն քննարկում է արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հավանականությունը: Այս հայտարարության հիմնավորումը վերաբերում է Անկարայի կիրառած նախապայմանային քաղաքականությանը: Պայմանագրեր վաւերացնելու (կամ չվավերացնելու) ընթացակարգը ունի հանգրվանային կանգառներ. նախագահի կողմից կնքված փաստաթղթի սահմանադրական դատարան հղում, սահմանադրականության (չ)հաստատում (թեկուզ վերապահումներով), հղում խորհրդարան, խորհրդարանի օրակարգի ներառում, քննարկում և վաւերացում։

Ուրեմն, արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը չի նշանակում, որ Երևանը իր ստորագրությունը հետս է կոչում արձանագրություններից, ինչը որ միայն այդ դեպքում կանվավերացնի արձանագրությունները: Այստեղ ևս պարզ է, որ միջազգային ընտանիքի առջև Երևանը փորձում է ցույց տալ, որ ինքը չէ արձանագրությունների մերժման նախաձեռնողը: Երևանը չէ՜ նախապայման դնողը, Երևանը չէ շրջափակողը, Երևանը չէ արձանագրությունները մերժողը: Թեև նման հայտարարությունից հետո, թեկուզ ոչ իրավականորեն, այսուհանդերձ քաղաքականորեն խիստ տարակուսելի կմնա այդ արձանագրությունների գործնականացման հավանականությունը:

ՄԱԿ-ի միևնույն համագումարում Անկարայի դիրքերը թվում է, որ նույն ուժգնությունը չունեն: Անկարան, իսլամական պետության դեմ հայտարարված դաշինքին միանալու–չմիանալու իր դիրքով որոշ մեկուսացման մեջ է հայտնվել: Աշխարհաքաղական նոր իրադրության ուրվագծման ծրագրի իրականցման մեջ Թուրքիայի դերի անորոշությունը անպատեհ առիթ չէր Անկարային ներկայացնելու նաև իբրև` կովկասյան տարածաշրջանի նկատմամբ միջազգային ծրագրեր խոչընդոտողի:

Այս իրականությանն առընթեր կար նաև Կահիրե-Անկարա գերլարված հարաբերությունների իրավիճակը: Նախագահ Սարգսյանը հավելյալ առիթ ուներ իր դիրքերը կարծրացնելու և համապատասխան ուղերձ և ոճ օգտագործելու Անկարայի նկատմամբ:

Արտաքին այս պայմանների դերակատարությունը ավելի համոզիչ է դառնում, երբ նկատի ունենանք նաև հետևյալ փաստը. Թուրքիայի նորընտիր նախագահն իր առաջին ելույթն էր ունենում ՄԱԿ-ի ընդհանուր համագումարում: Էրդողանի խոսքի պահին ՄԱԿ-ի դահլիճի հազիվ կիսալեցուն պատկերը ցուցանիշ է Թուրքիայի կիրառած արտաքին քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության պահվածքին:
Ժամանակահատվածը, ամբիոնն ու առիթը օգտագործվել էին լիարժեք` Հայաստանի Հանրապետության առաջնորդի կողմից:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
749 reads | 27.09.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com