ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ. ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԵՏՔ Է ՀԱՂԹՈՂ ԶԳԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին

 
-Ի՞նչ մտածեցիք, երբ Ձեզ առաջարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբում ներկայացնել Ֆրանսիան: Չէ՞ որ դա դժվարին աշխատանք է:

-Ես Կովկասի տարածաշրջանին ծանոթ եմ վաղուց (առաջին այցս Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կայացել է դեռ 1989 թվականին, երբ ուսանող էի եւ ճամփորդում էի): Ուսումնասիրել եմ տարածաշրջանի հարուստ եւ անկայուն պատմությունը, եւ այստեղ ապրող բոլոր ժողովուրդների հանդեպ մտերմության եւ հիացմունքի զգացողություն ունեմ:

Բախտ եմ ունեցել տարբեր ժամանակներում առնչվել Մինսկի խմբի աշխատանքներին, քանի որ 1997-2002 թթ. եղել եմ Ֆրանսիայի վարչապետ Լիոնել Ժոսպենի դիվանագիտական խորհրդականը: Իսկ 2009 թվականին, երբ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն էի Մյունխենում, երեք համանախագահների հանդիպում էի հյուրընկալել իմ նստավայրում:

Երբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը առաջարկեց զբաղեցնել այս պաշտոնը, ես շատ ոգեւորվեցի՝ միեւնույն ժամանակ գիտակցելով  նոր պարտականություններիս կարեւորությունը: Անշուշտ, սա շատ դժվարին աշխատանք է, բայց երբ խոսքը գնում է խաղաղության, կայունության եւ տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճման մասին, այդ նպատակին հասնելու համար կարելի է ցանկացած ջանք ներդնել:

- Որո՞նք են լինելու ձեր աշխատանքի առաջնահերթությունները:

- Ուզում եմ ընդգծել, որ համանախագահների աշխատանքի էությունը հավաքական մոտեցման մեջ է, որը հիմնված է փոխադարձ վստահության, գաղտնիության, կառուցողական ոգու եւ մտքերի մշտական փոխանակման վրա: Իմ անձնական ներդրումը եւ գաղափարները լինելու են այս շրջանակում:

Ակտիվորեն աշխատելու եմ որպես ազնիվ միջնորդ՝ հույս ունենալով ստեղծել այնպիսի դինամիկա, որն ի վերջո կարող է հանգեցնել Ղարաբաղի հիմնահարցի արդար եւ կայուն լուծմանը: 2016թ. դեկտեմբերին այցելեցի տարածաշրջան եւ պատիվ ունեցա հյուրընկալվել նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի, երկու երկրների արտաքին գործերի նախարարների եւ այլ հիմնական դերակատարների կողմից: Նրանց դիտարկումները եւ խորհուրդները շատ արժեքավոր էին, քանզի աշխատանքս լիարժեք կատարելու համար շատ կարեւոր էր հասկանալ, թե որոնք են կողմերի դիրքորոշումները, նպատակները եւ «կարմիր գծերը»: Ի վերջո, լուծումը պետք է այնպիսին լինի, որ բոլոր կողմերն իրենց հաղթող զգան (win-win):

- Այս աշխատանքում ո՞րը կլինի ամենաբարդ խնդիրը:

-Կարծում եմ, ամենադժվարը կլինի կողմերի միջեւ վստահության ու երկխոսության վերականգնումը, ինչին հասնելու համար պետք է ապահովել ողջախոհ, արդյունավետ եւ ուժեղ դինամիկա: Պետք անել ամեն հնարավորը զինված գործողությունների վերսկսումը կամ բռնության ցանկացած բռնկումը կանխելու համար, քանի որ դրանք վնաս են հասցնելու բոլորին:

-Այսօր Լեռնային Ղարաբաղը բանակցություններում ներգրավված չէ: Չե՞ք կարծում, որ կարեւոր է Արցախին վերադարձնել ձայնի լիարժեք իրավունքը:

-Կարեւոր է տարանջատել պաշտոնապես ընթացող բանակցային ձեւաչափն ու միջնորդական պայմանները (3 համանախագահ երկրներ +2) եւ ընդհանուր կարգավորման հարցը, որը ներառում է հետաքրքրված կողմերի ավելի լայն շրջանակ: Ես նկատի ունեմ Մինսկի խմբի մնացած անդամներին (6 երկրներ + ԵԱՀԿ Եռյակը) եւ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Շատ կարեւոր է լսել բնակչության եւ նրանց ներկայացուցիչների՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների եւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի ներկայացուցիչների ձայները:

Ուզում եմ հիշեցնել, որ 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեցին որպես կողմեր:

Բանակցությունների եռակողմ ձեւաչափը փոխարինվեց երկկողմ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով 1998 թվականին, երբ Ղարաբաղի նախկին առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը իշխանության եկավ (Հայաստանում-խմբ.): Վստահ կարող եմ ասել, որ Ստեփանակերտի շահերը ամբողջապես հաշվի են առնվում Հայաստանի բանակցողների կողմից:

- Մոտ ապագայում Դուք եւ ձեր գործընկերները տարածաշրջանային այց ծրագրու՞մ եք:

-Այցի վերաբերյալ ճշգրիտ ամսաթիվ դեռ չկա, բայց ամենայն հավանականությամբ համանախագահները գարնանը կայցելեն տարածաշրջան կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

- Դուք բիզնես կառավարում եք սովորել Ֆրանսիական բարձրագույն դպրոցում (ESSEC), իսկ ավելի ուշ աշխատել եք որպես տնտեսական եւ ֆինանսական  խորհրդատու: Ինչպե՞ս որոշեցիք դիվանագիտական աշխատանքի անցնել:

- Պետք է ասեմ, որ դիվանագետի մասնագիտությունը բավական խորթ է իմ ընտանիքի ավանդույթներին (բոլոր Վիսկոնտիները կա՛մ ինժեներներ են, կա՛մ դեղագործներ), ինչպես նաեւ բիզնես կրթությանս եւ առաջին տարիների խորհրդատվական գործունեությանս: Դիվանագետ դառնալս, անշուշտ, ճակատագրի նվերն էր: Երբ դեռ երիտասարդ մասնագետ էի, դեպքերի բերումով ծանոթացա եւ ընկերացա մի քանի պրոֆեսիոնալ դիվանագետների հետ: Նրանք էլ ինձ խորհուրդ տվեցին միանալ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության թիմին:

Այդ ժամանակ 30 տարեկան էի, գայթակղվեցի եւ որոշեցի բախտս փորձել եւ առանց մեծ հույսեր ունենալու քննություն հանձնեցի: Մրցակցությունը մեծ էր, սակայն ճակատագիրը նորից ինձ ձեռք մեկնեց, եւ ես հաջողությամբ հաղթահարեցի քննությունը:

Ստեֆան Վիսկոնտիի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
329 reads | 31.01.2017
|
avatar

Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com