ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ 54 ՄԼՆ ԵՎՐՈՅՈՎ
Բացի այդ՝ 22 մլն եվրո կտրամադրվի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային ծրագրերին:
 
2016թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունում (BMZ) հարավկովկասյան տարածաշրջանի պատասխանատու Յոհանես Դոպֆելը ստորագրեցին զարգացման քաղաքականության ոլորտի  համագործակցության շուրջ տեղի ունեցած երկկողմ միջկառավարական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
 
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը Diplomat.am-ին հայտնում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն իր ողջույնի խոսքում դրվատեց Հայաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ համագործակցությունը: «Գերմանիայի կողմից տարվող զարգացման քաղաքականության առանձնահատկություններից մեկն էլ գործընկերների հարցում կողմնորոշվելն է: Նաև հենց այս պատճառով են մեր նախագծերն այսքան արդյունավետ»,-նշեց դեսպանը:
 
Վերականգնման վարկերի բանկի միջոցով ընթացող երկկողմ ֆինանսական համագործակցության շրջանակում ձեռք է բերվել 54,4 մլն եվրոյի չափով վարկերի և ֆինանսական օժանդակությունների վերաբերյալ պայմանավորվածություն: Այս միջոցներով Գերմանիայի դաշնային կառավարությունը կֆինանսավորի կայուն տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր (36,1 մլն), որոնք իրականացնում է «Գերմանահայկական ֆոնդը» (GAF), և կսատարի գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանում (5,3 մլն): Համայնքային ենթակառուցվածքների ոլորտում 8,3 մլն եվրո կներդրվի Լոռու մարզում աղբահանության, 2 մլն եվրո՝ ջրային տնտեսության զարգացման, 2,7 մլն եվրո՝ Ախուրյան գետի ջրային պաշարների համապարփակ կառավարման ոլորտներում:   
 
Բացի այդ՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է 22 մլն եվրո հատկացնել իր «Կովկասյան նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրին: Այս գումարից 21 մլն կտրամադրվի տեխնիկական համագործակցության, իսկ 1 մլն՝ ֆինանսական համագործակցության տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:  
 
Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ)՝  կայուն տնտեսական զարգացման, էներգետիկ և բնապահպանական, ինչպես նաև համայնքային զարգացմանը, ժողովրդավարության և իրավական պետության կայացմանն ուղղված  ընթացիկ տարածաշրջանային ծրագրերը շարունակվում են:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
457 reads | 23.11.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com