ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ
2014թ. սեպտեմբեր ամսից Չինաստանի ԿԳՆ-ի աջակցությամբ Պեկինի օտար լեզուների համալսարանում նույն բուհի ասպիրանտ, Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի անդամ, Չինաստանի հայկական ուսանողական միության գործադիր խորհրդի  անդամ Մերի Կնյազյանը դասավանդում է հայերեն լեզու: Հայերենի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, բազմաթիվ ուսանողներ ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Հայաստանում:

Ինչպես նշեց հայերենի ուսուցչուհի Մերի Կնյազյանը.  «ՊՕԼՀ-ն Չինաստանի լեզվաբական լավագույն բուհերից է, և հայերենի դասավանդումը  կարևոր է այստեղ: Հայերենն ուսուցանում են համալսրանի 2-րդ և 3-րդ կուրսի 11 ուսանողներ՝ որպես երրորդ օտար լեզու: Լեզուն կամընտրական է, ոգևորիչ է այն փաստը, որ ուսանողներն այն ընտրել են ըստ ցանկության: Ի զարմանս ինձ, լեզուն այնքան էլ դժվար չի տրվում չինացիներին: Նրանք հայերենի բարդ հնչյունները, ինչպես օրինակ՝ ձ, ծ, ց-ն, արտասանում են զարմանալիորեն սահուն: Լեզվի հետ միասին անցկացնում եմ նաև մշակութային դասեր, ինչն ավելի է մեծացնում լեզվի հանդեպ հետաքրքրությունը: Դիտում ենք Հայաստանի մասին ֆիլմեր, լսում՝ հայկական երաժշտություն»:

Չինաստանում Հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանն ընդգծեց, որ հպարտությամբ է լցվում, երբ տեսնում է երիտասարդ չինացիների, ովքեր մեծ հաճույքով սովորում են հայերենը, ուսումնասիրում՝ Հայոց պատմությունն ու մշակույթը, ինչպես Չինաստանի հայերն են ուսումնասիրում չինարենն ու չինական մշակույթը:

Հայերենն ուսումնասիրող 21-ամյա Խուան Ծիենյուն Գուանսի նահանգից.  «Երբ իմացա, որ մեր համալսարանում արդեն կարող եմ սովորել հայերեն, անչափ ուրախացա և անմիջապես օգտվեցի առիթից: Հիմա հնարավորություն ունեմ էլ ավելի ծանոթանալու այդ հիասքանչ երկրի մշակույթին և անպայման մեկնելու եմ Հայաստան ճամփորդելու»:

Թայյուանցի 21-ամյա Շի Սինգյուն նշեց, որ ընտրել է հայերենը, քանի որ այն ամբողջովին տարբեր է իր իմացած մյուս լեզուներից: Նա նշեց, որ Չինաստանում շատ քչերը կարող են խոսել այս լեզվով, և ՊՕԼՀ-ի դասընթացը լավ հնարավորություն է սովորել հայերեն: Նա ավելացրեց, որ իր մասնագիտությունն արտաքին առևտուրն է, և հայերենի իմացությունը հնարավորություն կընձեռի զարգացնել տնտեսական կապերը Հայաստանի և Չինաստանի միջև:
 
Չինաստանում Հայկական համայնքը շարունակում է հանրային դիվանագիտության շնորհիվ խորացնել հայ-չինական բարեկամական կապերը:

www.chinahay.com
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
3429 reads | 17.09.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com