ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԸ ՍՐՏԽԱՌՆՈՑ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Պաշտոնական այցով Երևանում է Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ չեխ պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում՝ չնայած պաշտոնական Երևանը ընտրել է Եվրասիական միության ուղին: Լյուբոմիր Զաորալեկը խոսել է նաև հայ-չեխական քաղաքական և տնտեսական գործակցության հեռանկարների ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին:

«Պատմությունը միայն անցյալը չէ, այն պետք է լինի նաև ներկա, և մենք պետք է խոսենք այդ մասին, մենք պետք է հիշենք այդ ողբերգությունների մասին»,-պաշտոնապես հայտարարել  է Չեխիայի արտգործնախարարը և կոչ արել  խաղաղության հասնելու համար պատմական իրադարձություններին տալ իրական գնահատական: Այլ են գնահատականները ժամանակակից Հայաստանի մասին: Լյուբոմիր Զաորալեկը հայտարարել է՝ այստեղ պետք են ներդրումներ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար, Չեխիայում կան գործարարներ և կազմակերպություններ, որոնք պատրաստ են անել այդ ներդրումները, կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստակամորեն աջակցի:

«Չեխիայի համար Հայաստանը լավ բարեկամ է, մեր հարաբերությունները զարգանում են ինտենսիվորեն: Ես մեծ ներուժ եմ տեսնում մեր քաղաքական և տնտեսական հարաբերություններում: Լավ է, որ Հայաստանի իշխանությունը աջակցում է չեխ ներդրողներին»:

Նախարարները խոսել են եվրոպական ընտանիքի անդամ դառնալու՝ Հայաստանի ձգտումների մասին: Չեխիան ուրախ է աջակցել Երևանին այդ գործընթացում, ակտիվ ընթանում են վիզաների ազատականացման բանակցությունները, իսկ Ռիգայի գագաթնաժողովը մեկ քայլ առաջ արձանագրեց:

«Ռիգայի գագաթնաժողովը դրական տեղաշարժ ապահովեց, եղան դիրքորոշումների փոփոխություններ: Այսօր եվրոպական կողմն ունի տարբերակված մոտեցում Արևելյան գործընկերության նախագծի մասնակից երկրների նկատմամբ: Մենք իրականացնում ենք երկարաժամկետ քաղաքականություն»,-ասել է Զաորալեկը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերմունքը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայ-ադրբեջանական հակամարտությունը ևս քննարկման առարկա է, Չեխիայի արտգործնախարարը կողմ է միայն խաղաղ բանակցությանը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով: Ադրբեջանի սպառնալիքներն ու հակահայկական քարոզչությունը, Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ, արդեն ձանձրացրել են միջազգային հանրությանը:

«Ադրբեջանը, փորձելով փրկել օրեցօր նվազող հեղինակությունը, ձգտում է արդարացնել բռնապետական ռեժիմը: Իսկ այդ փորձերը ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորների մոտ բացասական արձագանք եւ անհամաձայնություն են առաջացնում: Ադրբեջանի նավթադոլարները արդեն աշխարհում սրտխառնոց են առաջացնում, և ժամանակն է նավթա-խավիարային վիրտուալ աշխարհից իրականություն վերադառնալ՝ մեկուսացման մեջ չհայտնվելու համար»,- Ադրբեջանի իշխանությանը խորհուրդ է տվել ՀՀ ԱԳ նախարարը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
896 reads | 25.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com