ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ





Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ասոցացման ընթացակարգը թվում է, թե բավական բարդ է եւ թեւակոխելի հետեւողական հանգրվաններ է ներառում:

Թե ԵՄ-ի եւ թե ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնատարների կողմից հնչում էին տեսակետներ, որ Վիլնյուսից հետո, պահը հասունացել է ստորագրելու նոր վերամշակված փաստաթուղթ, որը կճշտի ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հայեցակարգը: Ավելին, կար տեսակետ, որ Եվրամիությունը ՀՀ-ի համար պատրաստել է այնպիսի փաստաթուղթ, որի իրավադրույթները չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցությանը: Շրջանառության մեջ դրված այս տեսակետները հատում էին համոզիչի սահմանը, երբ ՌԴ-ի արտգործնախարարը այս մասին ակնարկում էր՝ հիշեցնելով հակասությունների բացառման անհրաժեշտությունը:

Ռիգայում ասոցացման նոր փաստաթուղթ չի ստորագրվել: Սակայն ի՞նչ է Ռիգան ապահովել ՀՀ-ի համար:
  1. Նոյեմբերին սկսած ԵՄ-ՀՀ խորհրդատվությունները ավարտվել էին մարտին: Սա նշանակում էր, որ այս ամիսների միջեւ ընկած ժամանակահատվածում ԵՄ չուներ լիազորություն վերաբանակցելու ՀՀ-ի հետ: Խորհրդատվությունների կարգով տեղի ունեցող երկխոսության փուլը ավարտվել է մարտին։
  2. Եզրակացվել է, որ բանակցությունները վերսկսվեն: Ուրեմն, անցման նախաբանը հայտարարվել է` խորհրդատվությունից բանակցություն: Այլ խոսքով, համաձայնությունը կայացել է, որ մոտակա ժամանակները Եվրամիության խորհուրդը  կհաստատի այդ լիազորությունը բանակցող կողմի համար:
  3. Բանակցելու լիազորության հաստատումից հետո կսկսվեն բանակցությունները` մշակելու համար նոր իրավական փաստաթուղթ` ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման եւ զարգացման:
Իրավական նոր փաստաթղթի ձեւակերպումից եւ ստորագրությունից հետո ՀՀ-ն եզակի կարգավիճակ կարող է ստանալ: Այն կլինի ԵՏՄ-ի անդամ միակ պետությունը, որի համար ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ասոցացման հատուկ փաստաթուղթ կմշակվի: Այստեղ է, որ կսկսի արդյունավորվել «և-և»-ի վարքագիծը: Մոտակա ժամանակները միջազգային պրակտիկայում կարող են անորոշություն ենթադրել: Ողջամիտ ժամկետ հասկացությունը նման է մոտակա ժամանակների պատկերացմանը: Համենայնդեպս, թվում է, որ ԵՄ-ն ի՛նքն է շահագրգռված ՀՀ-ն դեպի իր ուղղություն հրավիրելու: Այս բոլորին զուգահեռ, Ռիգայում ընդունված Հռչակագրում նշվել է ևս մի կարևոր ուղղություն, որը վերաբերում է շարժունակության բնագավառին։ Խոսքը ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման գործընթացի մասին է: Այստեղ ևս հստակացումներ են անհրաժեշտ:

Մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ Երեւանը կնքել էր համաձայնագրեր ԵՄ-ի հետ, որոնք սկսեցին գործել այս տարվա հունվարից: Ռիգան հաստատում է, որ այս բնագավառի վերաբերյալ պիտի սկսի նոր գործընթաց, որը, ի վերջո, պիտի հանգի վիզային ռեժիմի ազատականացմանը։

Վերջապես, Ռիգայի հռչակագիրը ՀՀ-ին վերաբերող մասով խոսում է տարբեր ոլորտների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին: Այս բոլորը շեշտում են, որ ԵՄ-ն ի՛նքն առաջադրանք ունի ՀՀ-ի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու:
Մոտակա ժամանակները (արդեն աշնանը) Երեւանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնախումբը նախագահին կներկայացնի նոր Սահմանադրության նախագիծը: Մինչ այդ, բարեփոխումների հանձնախումբը հոդված առ հոդված նոր նախագիծը կքննարկի Եվրոպական խորհրդի սահմանադրագետների հետ (ծանոթ` Վենետիկի հանձնախումբ):

ԵՄ-ի ասոցացման եւ նոր Սահմանադրության որդեգրման միջեւ կարելի է տեսնել գործընթացների զուգահեռներ: Երեւանը հանրապետության նոր սահմանդրությունը կհամաձայնեցնի եվրոպական համապատասխան կառույցների հետ: Սա կարեւոր հանգամանքներից  մեկը կարող է լինել, որ ՀՀ-ն ստանա եզակի կարգավիճակ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ներառվելու Արեւելան գործընկերության ասոցացման գործընթացներում: Նոր Սահմանադրության նախագիծն ու ԵՄ-ի հետ ասոցացման նոր իրավաթուղթը կարող են համընկնել միաժամանակ: Մոտակա ժամանակները:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
3080 reads | 25.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com