ԻՐԱՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ







Էներգետիկ գործոնը արդի աշխարհաքաղաքական գործընթացներում ունեցած իր դերակատարմամբ այն կարևորագույն օղակն է, առանց որի տրամաբանությունը հաշվի առնելու կամ հասկանալու միջազգային միջտարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործընթացները ու դրանց ընթացքը կանխորոշող քաղաքական վեկտորի ուղղությունը հասկանալը, առավել ևս, քաղաքագիտական կանխատեսումներ անելը արդի փուլում գրեթե անհնար է:

Վերոնշյալի ֆոնին 2015-ի ապրիլի 6-ին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները էական հորիզոններ են կանխանշում մեր արտաքին քաղաքական օրակարգում: Գաղտնիք չէ՝ Իրանի նկատմամբ արդեն երեք տասնամյակից ավելի կիրառվող տնտեսական և քաղաքական պատժամիջոցների վերացումը նոր ընթացք կհաղորդի միջտարածաշրջանային հարաբերություններին՝ կապված իրանյան էներգակիրների՝ դեպի եվրոպական շուկաներ տանող ճանապարհների փնտրտուքի հետ: Հաշվի առնելով մերձկասպյան տարածաշրջանում էներգակիրների շուրջ ձևավորված ոչ պարզունակ առկա հարաբերությունները՝ Իրանի էներգետիկ շուկա մուտքի կամ վերադարձի ցանկացած նոր իրադարձություն ինքնին հնարավորություն է ՀՀ-ի տարածաշրջանային ապաշրջափակման լուրջ առարկայական հանգրվան ապահովելու համար:

Հայրենի քաղվերլուծական շրջանակները նույնպես լուրջ խանդավառությամբ ընդունեցին Իրան-Արևմուտք հարաբերություններում արձանագրված հալոցքի շրջանը՝ այն դիտարկելով  ՀՀ արտաքին դիվանագիտական օրակարգի կարևոր ուղղություններից մեկը: Վերոնշյալի շուրջ կլոր սեղաններ ու առավել հանգամանալից զեկուցումներ կազմակերպվեցին միջազգային ու տարածաշրջանային հիմնախնդիրներով զբաղվող  «Կովկաս» ինստիտուտում և «ՄԱՀՀԻ»-ում (Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ), որտեղ փորձ կատարվեց իրանական ուղղությունը ներկայացնել ՀՀ-ում ռուսական էներգետիկ մոնոպոլ ներկայությանն ու ուղղությանը հակադիր ետնապատկերին:

Բանախոսները, հիմք ընդունելով ՌԴ պատասխանատու օղակների բավական սառը վերաբերմունքը Իրանի շուրջ կայացած համաձայնություններին, Իրան-Արևմուտք հարաբերությունները միայն դիտարկում էին աշխարհաքաղաքականության՝ Արևմուտք-ՌԴ հարաբերությունների սառեցման, գուցեև կարևոր, բայց ոչ միակ ֆորմատում:

Աշխարհաքաղաքական գործընթացների բազմաբովանդակության մասին բավական խոսուն ապացույցի ականատեսը դարձանք բոլորովին վերջերս, ինչը մեր արտաքին քաղաքականության  պատասխանատու շրջանակների ուղերձ է, ինչի համաձայն, որպես իրանական էներգակիրների արտահանման հնարավոր ուղղություններից մեկը, կարող է դիտարկվել Հայաստանի Հանրապետության տարածքը: Աշխարհաքաղաքականության տեսանկյունից ավելի կարևոր է ՀՀ տարածքի դիտարկումը՝ որպես իրանական էներգակիրների դեպի Արևմուտք տարհանման հնարավորությունը նաև Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերի շրջանակում դիտարկելը: Թե ինչու և ինչպես, կփորձեմ անդրադառնալ հաջորդիվ:

Բոլորովին վերջերս՝ 2015-ի մայիսի 1-ին, Թուրքմենստանի մայրաքաղաքաք Աշխաբադում, ԵՄ էներգետիկ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միրոշ  Շեֆչովիչը ԵՄ անունից Մերձկասպայան տարածաշրջանի պետություններ Թուրքմենստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակություննների հետ վարած բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն «Տրանսկասպյան»  գազատարի կառուցման շուրջ, որի համաձայն թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով պետք է հասնի Ադրբեջան, իսկ այնտեղից էլ գործող «Թուրքական հոսքով» դեպի Եվրոպա: «Տրանսկասպյան» գազատարը հակասում է Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանում ունեցած էներգետիկ ծրագրերին: Ռուսաստանը և Իրանը  ոչ միայն անհամաձայնություն են հայտնել վերոնշյալ գազատարի շուրջ ձեռք բերված համաձայնություններին, այլ պայմանավորվել են զարկ տալ այլընտրանքային էներգատարանցման  ուղղությունների կառուցմանը, ինչը մի քանի անգամ մեծացնում է ՀՀ  Իրան-Ռուսաստան էնեգետիկ համագործակցության ապագա քարտեզը ՀՀ տարածքում հատելու թեորետիկ հնարավորությունը պրակտիկի վերածելու շանսը:

Իրանական գազի և նավթի պաշարների քանակը (գազի ծավալներով Իրանը երկրորդ երկիրն է աշխարհում, իսկ նավթի ծավալներով գտնվում է առաջին հնգյակում) ինքնին արդեն լուրջ գործոն է դեպի արևմտյան շուկա արտահանման տեսանելի հեռանկար գծագրելու համար: Ինչպես պնդում են իրանական ու արևմտյան շատ վերլուծաբաններ, կայացած հանգամանք է, որ իրանական էներգակիրները պիտի հասնեն Եվրոպա, մնում է պարզել, թե որտեղով և ինչպես: Հաշվի առնելով ԻԻՀ-ի՝ միջտարածաշրջանային հարաբերությունների մակարդակում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած գաղափարական, կրոնական, տարածքային և քաղաքական խնդիրների բնույթը՝ կարծես՝ ՀՀ դերակատարման հորիզոնները այնքան էլ մշուշոտ չեն:

Եվ հենց այս պայմանականորեն ձևակերպված «ինչպես»-ն ու «որտեղ»-ովն էլ մոտակա ժամանակների մեր արտաքին քաղաքական օրակարգի ռազմավարության հիմնահարցերից առաջնայինները պետի հանդիսանան:  Օրինաչափ  է, որ պետությունների արտաքին քաղաքական բազմաբովանդակ ու տարաբնույթ օրակարգում ինչ-ինչ գերակա ուղղությունների առկայությունը:  «Հայոց ցեղասպանության» միջազգային ոգեկոչման ու հայոց պահանջատիրության արտաքին քաղաքական օրակարգում զբաղեցրած գերակայությանը զուգահեռ ու, ոչ պակաս կարևորությամբ, պետք է մոտենալ իրանական էներգակիրների տարանցման հետագա քարտեզում ՀՀ ամրագրմանը, մանավանդ, որ երկու խնդիրներն էլ, գտնվելով զուգահեռ կարևորության տիրույթներում՝ հատվում են միևնույն Թուրքիայի տարածքում:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
9324 reads | 21.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com