ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԵՎ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ







Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում առկա են  պրոֆեսիոնալներ և դիլետանտներ  (սիրողներ), որոնց  միջև մշտապես ընթանում է խուլ կամ բացահայտ պայքար` հաճախ փոխակերպվելով նախանձի ու թշնամանքի: Ապացուցված է, որ եթե զանազան ուղիներով տվյալ ոլորտում բույն դրած դիլետանտին անգամ հաջողվում է հասնել կարիերայի բարձունքների, վերջիվերջո, նրա ներկայությունը տվյալ բնագավառում անպայմանորեն վնաս է հասցնում պետության հետաքրքրություններին ու շահերին:
 
Այս երևույթը ցայտուն կերպով հանդես է գալիս դիվանագիտության մեջ, որը մագնիսի նման ձգում է շատերին, այդ թվում` դիլետանտներին: Մինչդեռ ապացուցված է, որ   համապատասխան  պրոֆեսիոնալ կրթություն չունեցող անձանց բարոյակամային հատկանիշներներն ու  բնավորության խառնվածքն անգամ անհարիր են  դիվանագիտությանը: «Դիվանագիտականության աշխարհ» մտնելու ձգտումը բացատրվում է նրանով, որ լինելով գործունեության  փակ և երբեմն անհիմն քողարկված ոլորտ,  այն շարժում է մարդկանց հետաքրքրությունը, որոնք դատելով իրենց հասանելի ինֆորմացիայի աղբյուրներից, միանգամայն թյուր կարծիք են կազմում դիվանագիտության մասին` նույնացնելով այդ  դժվարին, մտավոր և բարոյական լարվածություն, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքը, անհոգ, գեղեցիկ, մի փոքր արկածախնդրային և ռոմանտիկայով լի կյանքի հետ:
 
Մյուս գործոնը, որը դիվանագիտությանը հաղորդում է ձգողականություն, այն է, որ դիվանագետները համարվում   են հասարակության ընտրյալները, նրա սերուցքը, էլիտար խավը: Ճիշտ է, այդ համարումը ժամանակ առ ժամանակ փոխվել  է հեղափոխությունների և հասարակության փոփոխությունների ընթացքում, սակայն դիվանագետները բոլոր ժամանակներում դիտվել են որպես առանձնահատուկ, այլ մասնագիտություններից տարբերվող մարդիկ, որն, ի դեպ, այնքան էլ չի համպատասխանում իրականությանը: Իսկ եթե վերցնելու լինենք նորանկախ պետությունները, որոնք գոյացել են տոտոլիտար ռեժիմների փլատակների վրա, օրինակ, ԱՊՀ-ի երկրները, ապա վերը նշված հետաքրքրություններին ավելանում են ևս մի քանիսը` պայմանավորված տեղական առանձնահատկություներով, տվյալ երկրների պատմական անցյալով և սովորույթներով:
 
Խնդիրը նրանում է, որ անկախացած երկրները մինչ այդ  զրկված լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց, դառնալով ինքնիշխան՝ շտապում են օգտվել ընձեռած հնարավորություններից, որոնց մեջ առաջնայինը դիվանագիտությունն է: Արդյունքում Հայաստանն, օրինակ, այնքան միջազգայնագետ և դիվանագետ է պատրաստում, որ եթե անխտիր դեսպանություններ բացվեն աշխարհի բոլոր 200 պետություններում, ապա դարձյալ կլինի դիվանագետների անգործություն: Կադրերի նման մասսայական, հախուռն ‹‹արտադրությունը››, բնականաբար, ազդում է որակի վրա, քանի որ դիվանագիտների ուսուցման գործում հարգի է առանձին, անհատական,  ընտրովի մեթոդիկան ու մեթոդոլոգիան:
 
Դիվանագիտության ձգողականության մյուս երևույթն ավելի հոգեբանական, քան քաղաքական երևույթ է: Երկաթյա վարագույրի պայմաններում մարդկանց արտասահման մեկնելու հազվագյուտ հնարավորություններից մեկն էլ դիվանագիտական անձնագիր ունենալն էր, մինչդեռ  այսօր երկրից դուրս գալու համար կան շատ այլ, թերևս, ավելի հեշտ ու շահեկան միջոցներ:
 
‹‹Նոր›› շրջանի դիվանագիտության մեջ պրոֆեսիոնալ (կարիերային) դիվանագետներին արտաքին քաղաքականությունից դուրս մղելու և  դիլետանտների առաջ կանաչ լույս վառելու գործընթացում աչքի ընկան բոլշևիկները, որոնք հոկտեմբերյան հեղաշրջումից հետո բոլոր մասնագետներին վտարեցին աշխատանքից, քանի որ այն կարծիքին էին, թե  սոցիալիստական հեղափոխությունը շատ արագ հաղթելու է ողջ աշխարհում, իսկ անդասակարգ հասարակությունում դիվանագիտությունն անիմաստ շռայլութուն կլիներ: Այս տրամաբանության հետևանքով Լև Տրոցկին նշանակվեց արտաքին գործերի կոմիսար (նախարար), որի համար դիվանագիտությունը և ռազմական գործը հոմանիշներ էին, ասել կուզի, միջպետական հարաբերություններում փոխզիջումը բացառված էր: Սակայն Բրեստ-Լիտովսկի խայտառակ բանակցություններից  հետո,  միջազգային  շրջափակման պայմաններում բոլշևիկները ստիպված եղան ձեռնամուխ լինել դիվանագիտական ծառայության ստեղծման գործին` առաջնորդվելով սակայն կուսակցական-գաղափարախոսական անզիջում սկզբունքներով:
 
Խորհրդային դիվանագիտությունն ընդհուպ մինչև համակարգի փլուզումը պահպանեց այս ուղղվածությունը` հավատարիմ մնալով Լենինի այն ցուցումին, որ ՆԿԻԴ-ը` ԱԳՆ-ն Ռուսաստանի ամենակուսակցական  օրգանն է: Տրոցկիստկան դիվանագիտության տապալումից հետո արտաքին գործերի կոմիսար նշանակվեց տաղանդավոր դիվանագետ Գեորգի Չիչերինը, արտասահմանից աշխատանքի հրավիրվեցին վտարանդիության մեջ գտնվող հեղափոխականներ  Մ. Լիտվինովը, Իվան Մայսկին և ուրիշներ, որոնք չլինելով կարիերային դիվանագետներ,  ունեին կրթական բարձր մակարդակ, կյանքի փորձ, տիրապետում էին օտար լեզուների և կարող էին օգտակար լինել  որակյալ դիվանագիտական դպրոց ստեղծելու գործում, եթե ստալինյան ռեժիմը նրանց վստահեր և հալածանքների չենթարկեր:
 
1939 թվականին արտաքին գործերին կոմիսար նշանակվեց Վ.Մ.Մոլոտովը, որի օրոք կատարվեց կադրային ‹‹մաքրազարդում››, իսկ Նարկոմատը երեք անգամ վերակազմավորվեց, 2-2,5 հազար դիվանագետ,   7  կոմիսարի տեղակալ,   40 պոլպրեդ (դեսպան) ենթարկվեցին բռնաճնշումների, իսկ նրանց փոխարեն աշխատանքի ներգրավվեցին կուսակցական-կոմերիտական ակտիվիստներ արդյունաբերությունից` այսպես կոչված ‹‹մոլոտովյան կոչով››: 
 
Խորհրդային դիվանագիտությունն ի սկզբանե եղել է գաղափարախոսական, կուսակցական և դասակարգային: Այս պոտուլատներից  Մոսկվան  երբեք չի հրաժարվել: Պարզապես Երկրորդ համաշխարհային պատերազմից և Ստալինի մահից հետո ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների ներգրավումը ԱԳՆ (1946 թ.  ՆԿԻԴ-ը վերանվանվեց ԱԳՆ` արտաքին գործերի նախարարություն)  նկատելիորեն նվազեց: Ի տարբերություն հեղաշրջումից հետո դիվանագիտական կադրերի հավաքագրման գործարաններից և բանակից, նորաստեղծ Դիվանագիտական ակադեմիայում (1944 թ.) բացվեցին կարճատև 1-3-ամսյա դասընթացներ կուսակցական-կոմերիտական նոմենկլատուրայի համար: Այդ դասընթացներն ավարտողները, այդպես էլ չտիրապետելով կամ վատ տիրապետելով օտար լեզուներին ու դիվանագիտության հիմունքներին նշանակում էին ստանում արտասահմանյան ներկայացուցչություններում բավական բարձր դիվանագիտական պաշտոնների (1-ին քարտուղար, խորհրդական): Այս կարգի դիվանագետները գրեթե առանց բացառության, մնում էին օտար ‹‹մարմիններ››, ‹‹բալաստ›› օպերատիվ-վերլուծական աշխատանքի համար, զբաղվում էին ներդեսպանական կուսակցական, հասարակական կամ վարչական  գործունեությամբ` շարունակելով այն հայրենիք վերադառնալուց հետո` ԱԳՆ-ի համապատասխան ստորաբաժանումներում: Նոմենկլատուրային, հապճեպ կրթություն ստացած կադերը, չհաշված հազվագյուտ բացառությունների, ողջ կյանքում մնում էին դիլետանտներ: Նրանց և պրոֆեսիոնալ դիվանագետների միջև գոյություն ուներ նկատելի անտագոնիզմ, որը սրվում էր  արտասահամյան պայմաններում: Կարիերային դիվանագետները դիլետանտների նկատմամբ տածում էին հակակրանք և վատ թաքցված արհամարանք: Նույնը կարելի է ասել դիվանագետների և արտասահմանյան մեկ այլ համակազմի` (կոնտիգենտ) հետախույզների հարաբերությունների մասին, որոնք երբեք հաշտ ու հարթ չեն եղել` բոլոր ժամանակներում:
 
Կուսակցական, այլ կերպ ասած ոչ պրոֆեսիոնալ կադրերի նշանակումները, երբ բարձրաստիճան քաղաքական և պետական գործիչները գործուղվում էին արտասահման, ուներ երկու պատճառ.
1) զանցառու բարձրաստիճան չինովնիկը մեկուսացվում էր ‹‹մեծ քաղաքականությունից››  և ‹‹արտաքսվում›› էր արտասահման: Օրինակ` երբ Վ. Մոլոտովը հայտարարվեց ‹‹ժողովրդի թշնամի››, նշանակվեց դեսպան Մոնղոլիայում,
2) քաղաքական կամ կուսակցական գործչին  խրախուսանքի կարգով շնորհում էին դեսպանի աստիճան և գործուղում էին արտասահման: Այս կարգի նշանակումները հիմնականում լինում էին սոցիալիստական լագերի կամ խորհրդային ուղղվածություն ունեցող երրորդ աշխարհի  պետություններում: Կապիտալիստական զարգացած երկրներում որպես կանոն աշխատում էին փորձառու պրոֆեսիոնալներ: ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը կարծես թե հրաժարվում է դիլետանտիզմի վնասաբեր պրակտիկայից և նախապատվությունը տալիս է պրոֆեսիոնալներին:
 
Դիվանագիտության մեջ դիլետանտիզմի առաջամարտիկը, սակայն, ոչ թե Ռուսաստանն է, այլ ԱՄՆ-ը, ‹‹որտեղ XIX-րդ դարում արտասահմանյան  ներկայացուցչությունները գտնվում էին ոչ պրոֆեսիոնալների ձեռքում: Գերակայում էր ‹‹spoil system››, ‹‹փչացած համակարգը››, որի պայմաններում մի շարք արտասահմանյան ներկայացուցչությունների ղեկավարներ պաշտոնները բաշխվում էին հաղթած նախագահի սպոնսորների միջև››: 
 
Նեպոտիզմի արատավոր պրակտիկան, երբ հաղթանակած նախագահը դիվանագիտական պաշտոններ է բաժանում իր շրջապատին, ամերիկյան դիվանագիտության մեջ իր գագաթնակետին հասավ 30-ական թվականների սկզբին, նախագահ  Հերբերտ Հուվերի օրոք, որը պնդում էր պետական բարձրաստճան պաշտոններում, այդ թվում դեսպանների պաշտոններում, բիզնեսմենների նշանակման վրա, որոնց նա ընտրել էր առևտրի նախարար աշխատելու տարիներին: Մեր օրերում ևս Միացյալ Նահանգներում եզակի չեն դիլետանտներին դեսպաններ նշանակելու դեպքերը. Բիլ Քլինթոնն իր ‹‹մոտ›› մարդուն որպես դեսպան ուղարկում է Փարիզ, հետո նույն պաշտոնին Բուշ-կրտսերը նշանակում է փայտի արտադրության մագնատի, որը մեծ գումար էր տրամադրել նրա ընտրական կամպանիային, իսկ Մադրիդում դեսպան է դառնում  անշարժ գույքի բիզնեսմենը, որը հանրապետական կուսակցության բյուջե փոխանցել  է 200 միլիոն դոլար:
 
Դեսպանի դիլետանտիզը ոչ միայն հակադարձ համեմատական է դիվանագիտության բոլոր գրված և չգրված կանոններին, այլև կարող է լուրջ վնաս հասցնել նրա երկրին: Դա նկատի ունի Հենրի Քիսինջերը, երբ մեկնաբանում է Մոսկվայում Վաշինգտոնի դեսպան Ժոզեֆ   է. Դէվիսի գործունեությունը` փաստորեն մեղադրելով նրան դիվանագետի լոյալությունը կորցնելու և լոկալիտիսի երևույթին, որը փաստորեն նշանակում է դեսպանընկալ երկրի շահերը գերադասել սեփական երկրի շահերից: ‹‹Դա Ժոզեֆ Է. Դէվիսն էր, պատերազմից առաջվա դեսպանը Մոսկվայում, որը ‹‹Առաքելություն Մոսկվայում›› բեստսելերի հեղինակն էր: Եվ չնայած Դէվիսը ներդնող բանկիր էր, այսինքն կոմունիստների աչքում արխիկապիտալիստ,  ուներ ամերիկյան շատ դեսպանների այն հակումները, որոնք չեն պատկանում կարիերային դիվանագետների թվին և դառնում են հավատարմագրված երկրների ինքնակոչ պրոպագանդիստներ: Դեսպանի արկածները նկարագրող Դէվիսի գիրքը թութակի նման կրկնօրինակում էր սովետական պրոպագանդայի բոլոր թեզերը, ներառյալ զոհերի մեղավորությունն հաստատող ցուցադրական դատավարությունները››: ‹‹…Դէվիսի կարծիքով Արևելքի և Արևմուտքի միջև դիվանագիտական հարաբերությունները կմտնեն փակուղի, եթե չհենվեն Ստալինի բարի կամքի նկատմամբ հավատի վրա››:
 
Ամերիկյան դիվանագիտության կադրային քաղաքականության համար  նշված արատներից բացի, հատկանշանական է նրա քաղաքականացվածությունը.  երկու հիմնական կուսակցություններին չպատկանող դիվանագետը շանսեր չունի դառնալ դեսպան: Դիվանագիտական ‹‹spoil system››-ի մեթոդ է կիրառել Սիլվիանո Բեռլուսկոնին, չնայած Իտալական օրենքն արգելում է դեսպան նշանակել ոչ պրոֆեսիոնալի: Առանձին դեպքերում նույնը կարելի ասել  Մեծ Բրիտանիայի և  Ֆրանսիայի մասին: Սակայն նույն Ֆրանսիան և Իտալիան ծայր աստիճան ժլատ են դեսպանի կոչում շնորհելու գործում:
 
Քե դ’Օրսեում (Ֆրանսիայի ԱԳՆ) ներկայումս հաշվվում է դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող 10, իսկ Ֆարնեզինայում (Իտալիայի ԱԳՆ) 20 մարդ: Դիլետանտների օգտագործումը պետության դիվանագիտական ծառայությունում տարբեր կերպով կարող է ազդել տվյալ երկրի արտաքին քաղաքականության վրա` կախված նրա մասշտաբներից, ներուժից, համաշխարհային քաղաքականությունում նրա գրաված դիրքից ու հեղինակությունից: ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Չինաստանի դիլետանտ դեսպանի  վրիպումներն  այլ պետությունների կողմից ընկալվում է մի կերպ,  իսկ փոքր և միջին երկրների դիլետանտ դեսպանի սայթաքումներն ու սխալները` բոլորովին այլ կերպ: Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ հատկապես փոքր պետությունների դեսպանների սխալները չեն ներվում: Այնպես որ, ՀՀ դիվանագիտության մեջ մեծ թվով դիլետանտների օգտագործումը, կասկածից դուրս է, որ կարող է վնասակար հետևանքներ ունենալ հանրապետության ազգային ու պետական շահերի համար:
 
Պատմությունը ցույց է տալիս, որ դիլետանտների և պրոֆեսիոնալների հարաբերակցությունը արտգործնախարարություններում փոփոխական են: Անգամ այն պետությունները, որոնց դիվանագիտական գերատեսչություններն ավանդականորեն հիմնականում կազմված են կարիերային դիվանագետներից, քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունների դեպքում լայնորեն կիրառում են դեսպանների քաղաքական նշանակումներ: Ֆրանսիական և ռուսական հեղափոխություններից հետո այդ երկրների դիվանագիտական ծառայությունները ամբողջովին ձևափոխվեցին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դեսպաններ նշանակվեցին այնպիսի քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպիսիք Վ. Լուկինը (ԱՄՆ), Ա. Բովինը (Իսրայել), Վ. Կոստիկովը (Վատիկան) և այլն, որոնք, ի դեպ, արդարացրին այդ նշանակումները, սակայն կրկնում ենք, դրանք առանձին դեպքեր են: 
 
Ընդհանրապես, բոլոր առաջատար և զարգացած երկրներում նկատվում է դիվանագիտության կադրային խնդիրների շուրջ լուրջ բանավեճեր և դիլետանտիզմի բացառման անհրաժեշտության կոնկրետ առաջարկներ: Հենց Միացյալ Նահանգներում, որոնք ինչ-որ տեղ հանդիսանում են դիլենտանտիզմի ‹‹կնքահայրեր››, անվանի գիտնականներ և դիվանագետներ մշտապես անդարադառնում են այդ կենսական կարևորություն ունեցող խնդրին, հանդես են գալիս ‹‹American Diplomacy››  կամ ‹‹Foreign Affairs›› ամսագրերում և տարբեր լսարաններում: Պետդեպարտամենտի փորձագետների հանձնաժողովը պարբերաբար հրապարակում է զեկուցագրեր այդ հարցի շուրջ կատարված հետազոտությունների վերաբերյալ:
 
Պրոֆեսիոնալ-դիլետանտ քննարկումների ֆոնին հաճախ է երևան գալիս դեսպանի մասնագիտական և հոգեբանական հատկանիշների խնդիրները, որոնք պայմանավորված են հասարակության զարգացման կոնկրետ փուլի, պետության արտաքին քաղաքականության հարցերի և միջազգային հարաբերությունների կոնկրետ իրավիճակի հետ: Միջնադարի դիվանագետի առաջ հետևյալ պայմաններն է դնում վենետիկցի դիվանագետ Օտավիանո Մաջին իր  1596 թվականին գրած ‹‹Դեսպանի մասին›› գրքում:
 
Դեսպանը պետք է լինի գիտնական-աստվածաբան, լավ իմանա Արիստոտելի և Պլատոնի աշխատությունները, դիալեկտիկայի կանոնների համաձայն կարողանա լուծել  ցանկացած խնդիր: Դեսպանը պետք է լինի մասնագետ մաթեմատիկայի, ճարտարապետության, երաժշտության, ֆիզիկայի, քաղաքացիական և եկեղեցական իրավունքի բնագավառներում: Նա պետք է ազատ խոսի և գրի լատիներեն, իմանա հունարեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն: Նա պետք է ունենա դասական կրթություն, իմանա պատմություն և աշխարհագրություն,  լինի ռազմական գործի մասնագետ, ինչպես նաև պոեզիայի գիտակ: Բացի այդ ամենից դեսպանը պետք է լինի ճանաչված անձնավորություն, հարուստ, արտաքինով` գրավիչ: Երբեմն դեսպանների համար պահանջվել է հատուկ որակներ: Օրինակ` արքայադուստր Ցերբսկայան` Եկատրինա II-ի մայրը, Ֆրիդրիխ Մեծին ուղղված նամակում պատվիրում է, որ Պետերբուրգ ուղարկվող դեսպանը լինի երիտասարդ, գեղեցիկ, ունենա լավ կառուցվածք: Իսկ Գերմանիայի և Հոլանդիայի դեսպաններից պահանջվում էր, որ նրանք կարողանա օգտագործել մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ:
 
Հարոլդ Նիկոլսոնը թվարկում է մի քանի հատկանիշներ, որոնք մեծապես խոչընդոտում են  դիլետանտների գործունեությանը ` վնասելով նրանց կառավարություններին շահերին: Անվանի տեսաբանի  դիտողություններն այսօր էլ  չեն կորցրել իրենց նշանակությունը: «Դիվանագետ-դիլետանտը գրում է նա,- հաճախ փառասիրությունից դրդված ձգտում է արագորեն հաջողության հասնել, մինչդեռ նա նոր է ժամանել այդ երկիրը:  Սեփական ուժերի նկատմամբ թերհավատության պատճառով նա կասկածամիտ է, չափից ավելի փութաջան, հակված է իրագործել «փայլուն» գաղափարներ: Նա դեռևս զուրկ է մարդկային համբերատարությունից և սկեպտիկ ներողամտությունից, որոնք ձեռք է բերվում դիվանագիտական երկարատև ծառայության հետևանքով, հաճախ է ընկնում ուրիշների համոզմունքների, պատահական իմպուլսների և համակրանքի ազդեցության տակ:
 
Դիլետանտն հասկանալի արհամարհանքով է վերաբերվում դիվանագիտական արարողակարգին և անհաբերությամբ է նայում այդ պայմանականություններին, որի հետևանքով հաճախ վիրավորանք է հասցնում այնտեղ, որտեղ միայն ցանկանում էր բարեհոգություն դրսևորել: Իր զեկույցներում և հաղորդագրություններում շատ հաճախ ձգտում է ոչ այնքան խելամիտ ձևով ներկայացնել փաստերը, որքան՝ ցուցադրել իր հնարամտությունն ու գրական տաղանդը։
 
Եթե մի քանի տասնյակ տարի առաջ դիլետանտ դիվանագետի գործունեությունը ինչ-որ չափով ընդունելի էր, ապա այսօր միանշանակ կարելի է պնդել, որ այն անընդունելի է: Համաշխարհային քաղաքականության բարդությունը, միջազգային ասպարեզում տարբեր հետաքրքրությունների խաչաձևումը, արտաքին քաղաքականության խորը փոփոխությունը, գլոբալիզացման նոր որակների երևան գալը վկայում են հենց պրոֆեսիոնալ դիվանագետների պահանջված լինելը` ավելի քան երբևիցե: ‹‹XX-րդ դարի վերջին  XXI-դարի սկիզբին աշխարհը դարձավ նկատելիորեն  բարդ: Արտաքին քաղաքականության  որոշումների դերը մեծացավ, իսկ սխալի գինը ոչ ճիշտ ընդունված որոշումների արդյունքում աճեց: Յուրաքանչյուր նման որոշումից կախված են հարյուր միլիոնավոր մարդկանց ճակատագրերը»: Եթե ավելի նեղացնելու լինենք «սխալի գինը»  և  պրոյեկտենք այն մեկ առանձին պետության վրա, ապա կարող ենք ասել, որ «դիվանագետը և սակրավորը սխալվում են ընդամենը մեկ անգամ»:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
1439 reads | 07.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com