ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ՄՈՆՍՏՐՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ներքաղաքական ու դիվանագիտական հարաբերությունների մասին Lragir.am-ի թղթակիցը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:
 
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը կտրուկ հայտարարություններ է անում: Նախ մտահոգություն հայտնեց ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցով, ապա նշեց, որ եթե Պուտինը ապրիլի 24-ին չգա Հայաստան, դա անհասկանալի կլինի: Մինչդեռ ամիսներ շարունակ իշխանությունները փորձում էին արդարացնել Ադրբեջանին զենքի վաճառքը՝ նշելով, թե դա ուղղակի բիզնես է: Ի՞նչ է փոխվել, Ձեր կարծիքով,Հայաստանի դիրքորոշումներում:
 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ-Կարծում եմ, Հայաստանը հստակեցնում է իր դիրքորոշումները: Ամենակարևորն, իմ կարծիքով, որ անձամբ ես ողջունում եմ, վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն են՝ առաջին հերթին զենքի հետ կապված: Դա վաղուց պետք է արվեր, և ես մերժում եմ բացատրությունները, թե դա կապված է տնտեսական խնդիրների հետ: Նախ, նկատի ունենալով Ռուսաստանի ավտորիտար համակարգը, ցանկության դեպքում շատ հեշտությամբ կարող է փակել զենքի արտահանումը դեպի Ադրբեջան: Անկախ նրանից, թե հետո Ադրբեջանը որտեղից ձեռք կբերի, թե ինչ կանի, արդեն իր գործն է: Երկրորդ, նկատի ունենալով ռազմավարական մեր գործընկերության հանգամանքը, չի կարելի և ճիշտ չէ զենք տալ մի կողմի, որի հետ նա չունի ռազմավարական համաձայնագրեր ու պայմանագրեր, ինչպես Հայաստանի հետ ունի, և դա արդարացնել նրանով, որ տրվում է նաև Հայաստանին, թեկուզ էժան գնով:
 
Այստեղ կարելի է տեսնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տարբերությունը: Ամերիկացիները բոլոր դեպքերում իրենց դաշնակիցների կամ իրենց բլոկում գտնվող երկրների նկատմամբ միշտ ավելի ուշադիր են:
 
Ես ողջունում եմ Սերժ Սարգսյանի հայտարարությունը և կարծում եմ՝ դիվանագիտական մարտավարության առումով դա Հայաստանի կողմից ճիշտ ու հավասարակշռված քայլ էր: Սա հենց այն տոնայնությունն ու լեզուն է, որով պետք է խոսել գործընկերոջ հետ, անգամ եթե նա գերտերություն է: Բացի դրանից, այստեղ կա նաև նուրբ քաղաքական խաղ: Ռուսաստանին մեսիջ է ուղարկվում, որ նման քայլի դեպքում մենք կարող ենք նաև ուրիշ հակաքայլեր ձեռնարկել, նկատի ունեմ զենքի հայթայթումն այլ աղբյուրներից, որ դա հնարավոր բան է: Ռուսաստանի համար սա պետք է պարզ լինի, որովհետև, վերջին հաշվով, գործընկերը՝ գործընկեր, բայց Հայաստանը մնում է միջազգային իրավունքի սուբյեկտ և ազատ է իր գործողությունների մեջ:
 
Ես չեմ կարծում, որ սա հենց այնպես կանցնի, ուշադրություն չդարձնեն: Շատերն ասում են, որ այդ հայտարարությանը հաջորդեց սաստկացումը սահմանին, որ դա Ռուսաստանի պատասխանն էր, ես այդպես չեմ կարծում: Այստեղ պարզ մի ճշմարտություն կա. եթե Ռուսաստանը մեզ պետք է, մենք էլ ոչ պակաս պետք ենք Ռուսաստանին։ Սա երկուստեք շահավետ համագործակցություն է, որովհետև եթե խոսքը վերաբերում է սահմանների անվտանգությանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր բարդ հարաբերություններին, կամ ընդհանրապես ՀԱՊԿ-ի հետ ունեցած համաձայնագրի առկայության հանգամանքներին, ապա կա նաև հարցի մյուս կողմը՝ Ռուսաստանն ունի աշխարհաքաղաքական իր գլոբալ հետաքրքրությունները, մանավանդ այսօրվա իրադրության մեջ, երբ ուժեղ հակասություն կա Արևմուտքի ու Արևելքի միջև:
 
Ռուսաստանն ունի կովկասյան, միջինարևելյան և մերձավորարևելյան իր ծրագրերը, և Հայաստանն այստեղ մեծ դեր է խաղում, որովհետև այդ ռազմական համաձայնությունը երկուստեք օգտակար է։ Հայաստանի՝ խաղից դուրս գալու դեպքում Ռուսաստանը պարզապես կկորցնի իր հարավային ֆլանգը։ Սա միանշանակ կարող ենք ասել, որովհետև Հայաստանը միակ կետն է Կովկասում, որի վրա Ռուսաստանը հենվում է և կարող է հենվել։
 
Մենք տեսնում ենք, որ ԵՏՄ շրջանակում, կարծես, անտեսում են Սերժ Սարգսյանին, և դեռ պարզ չէ՝ ԵՏՄ անդամ երկրների հաջորդ հանդիպմանը նա կմասնակցի, թե ոչ։ ԵՏՄ-ում միասնական արժույթի անցնելու քննարկումների ժամանակ Հայաստանի անունն անգամ չի հիշատակվում։ Սա նշանակում է, որ Հայաստանը դե ֆակտո դո՞ւրս է մնում այդ միությունից։
 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ-Ես չեմ կարծում, որ դրանով Հայաստանը դուրս է մնում ԵՏՄ-ից։ Ըստ երևույթին, այստեղ կան ուրիշ, մասնավորապես տեխնիկական խնդիրներ։ Հնարավոր չէ, որ Հայաստանը դուրս մնա այդ մեխանիզմից։ ՀՀ-ն ԵՏՄ-ի լիիրավ անդամ է, իսկ ԵՏՄ-ն իրականում ոչ թե տնտեսական, այլ քաղաքական համագործակցություն է, որտեղ Ռուսաստանին Հայաստանը շատ պետք է։ Եթե անգամ այնտեղ կան Նազարբաևի կամ Լուկաշենկոյի բացասական դիրքորոշումները, վերջին հաշվով նրանք չեն որոշողը։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ կազմակերպությունը դեռ լրիվ կայացման խնդիր ունի և չեմ կարծում, թե հենց ճանապարհի սկզբից նրանք Հայաստանին անտեսում են։ Տեսնենք թե ինչպես կլինի։
 
Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, Հայաստանը, վերջին շրջանում ճիշտ քաղաքական գիծ է վարում: Նկատի ունեմ բազմավեկտոր դիվանագիտության իրականացումը։ Ես նկատի ունեմ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի այցը և կասկադը նրանց վաճառելը, Եվրանեսթի ԽՎ նիստի անցկացումը Երևանում, որը շատ կարևոր էր։ Կարևոր է նաև, որ Եվրոպայի դռները փակված չեն, և Հայաստանը փորձում է համագործակցության եզրեր գտնել։ Այսինքն, սա այն է, ինչ մեզ պետք է՝ լինել ԵՏՄ-ում, բայց շատ ակտիվ համագործակցել նաև Արևմուտքի հետ, ինչի մասին մենք միշտ խոսել ենք։ Ես կարծում եմ, որ դա պետք է լինի մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղեծիրը։
 
Անվանեք ինչպես կուզեք՝ լինի կոմպլեմենտար, թե «և-և»-ի քաղաքականություն։ Թող անհամեստ չհնչի, բայց առաջին անգամ «և-և»-ի մասին ես խոսեցի 2013-ի սեպտեմբերի 3-ին և այդ միտքը զարգացրել եմ նաև այն առումով, որ պետք է ոչ միայն լինել և այստեղ, և այնտեղ, այլև հանդիսանալ կամուրջ երկու բլոկների միջև։ Խոսքը ոչ միայն տնտեսական ու առևտրի ոլորտին է վերաբերում, որտեղ մեր հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, եթե համեմատելու լինենք Ղազախստանի կամ Ռուսաստանի հետ, որոնց հետ տարբեր քաշային կատեգորիաներում ենք, փոխարենը մենք ունենք մի մեծ առավելություն, որի մասին վերջերս շատ եմ խոսում. մենք ունենք հոյակապ  և ուժեղ ինտելեկտուալ միտք, մտավորականություն, մշակույթ, դեմոկրատիայի և քրիստոնեության, եվրոպական արժեքների տիրապետող լինելով հանդերձ, մենք այն երկիրն ենք, որ կարող էր շատ լուրջ բուֆերի դեր խաղալ Արևելքի և Արևմուտքի միջև ընդհանրապես, ոչ միայն ԵՏՄ-ի և ԵՄ-ի հարցում:
 
Այսօրվա բարդ քաղաքական իրավիճակում աշխարհը կարծես դուրս է եկել իր հունից, բայց ես համոզված եմ, որ վերադառնալու է այդ հունին, և պատերազմ չի լինելու, քանի որ կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել միայն և միայն Ամերիկայի և Ռուսաստանի համագործակցությամբ, և այստեղ պետք է թեկուզ փոքր, բայց այնպիսի երկիր, որը կարողանա մեղմել այդ հակասությունը և այդ դիմադարձությունը միմյանց նկատմամբ։
 
Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը բոլորովին չի նպաստում նրան՝ մտնելու համագործակցության լայն դաշտ, քանի որ Ռուսաստանում այնպիսի քաղաքական գործիչներ են առաջին էշելոնում, ինչպիսին են Դուգինը, Պրոխանովը, Շեվչենկոն, Ժիրինովսկին։ Ժիրինովսկին վերջերս հայտարարեց, որ ամսի 20-ին մենք պետք է հարձակվենք Արևմուտքի վրա։ Նույն տոնով խոսում են ամերիկյան որոշ շրջանակներ, օրինակ ՄակՔեյնը: Այսինքն, երկու կողմից էլ փոխանակ մերձեցման դիրքորոշում լինի, ընդհակառակը, կարծես ավելի հեռանում են իրարից գաղափարախոսական, մշակութային առումով, ինչը շատ վտանգավոր է։ Եթե մենք վերցնում ենք ԵՏՄ երեք երկրները՝ Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, ոչ մեկը չի կարող այն դերը խաղալ, որ կարող է խաղալ Հայաստանը։ Մենք ունենք զարգացած քաղաքական ինստիտուտներ, ունենք քրիստոնեական մշակույթի արժեքներ, եվրոպական արժեքներ, դիվանագիտական ավանդույթներ, և եթե այս բոլորը գումարելու լինենք, դա կօգնի ոչ միայն Հայաստանի խնդիրների լուծմանը, այլև մենք կարող ենք Ռուսաստանին պարզերես դարձնել և օգնել նրան։ Ռուսաստանը մեր կարիքը շատ ունի, սա շատ լուրջ եմ ասում, և մենք պետք է կարողանանք այս բոլորը շատ լավ աշխատեցնել։
 
Հայ-չինական հարաբերությունները մտնում են բոլորովին նոր փուլ՝ համագործակցություն բոլոր ոլորտներում,  մի շարք պայմանագրերի կնքում և այլն։ Ինչպե՞ս եք գնահատում այս զարգացումները:
 
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ-Տեսեք, այսօրվա իրադրության մեջ, երբ տեղի է ունենում խոր գլոբալիզացիա և ինտեգրացիա, շատ կարևոր է Չինաստանի հետ մեր հարաբերությունների զարգացումը, որովհետև Չինաստանն այսօր դարձել է միջազգային հարաբերություններում հիմնական դերակատարներից մեկը, և նրա հետ մեր հարաբերությունների ամրապնդումը, զարգացումը և խորացումը առաջնային խնդիր է մեզ համար ու դոմինանտներից մեկը կարող է լինել։ Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելով, մենք կարող ենք ասիական-խաղաղօվկիանոսյան ռեգիոնում քաղաքականությունը զարգացնել Չինաստանի օգնությամբ, որն այդ ամբողջ տարածաշրջանում առաջնային դեր է խաղում։
 
Սա  համարվում է բազմավեկտոր դիվանագիտության գծերից մեկը, և Չինաստանը բացի ամեն ինչից, շատ կարևոր խաղացող է տարածաշրջանում: Նկատի ունեմ նրա հարաբերությունները և ծրագրերն ընդհանրապես մերձավորաևելյան և կովկասյան ուղղություններով։ Տեսեք, Կովկասը հանդիսացել է Մետաքսի մեծ ճանապարհի կարևորագույն հատվածը, որը Եվրոպան կապել է Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հետ։ Հարավային Կովկասով, այդ թվում Հայաստանի վրայով անցել են առևտրական ճանապարհները, որոնք հայտնի էին Հոմերոսի ժամանակներից։ Եվ հայ-չինական հռչակագրի 5-րդ կետում նշվել է, որ կողմերը Մետաքսի ճանապարհով ոչ միայն տնտեսական, այլ նաև մշակութային առումով կհամագործակցեն: Մեր հնագույն մշակույթն ունի շատ կարևոր նշանակություն, և շատ մոտիկություն այնպիսի քաղաքակրթական մոնստրի հետ, ինչպես Չինաստանն է, մեր մշակույթը նրանց մշակույթի հետ կարող է նույն հարթության վրա լինել։ Այս ամենը մեզ կօգնի, որ մենք Չինաստանի հետ հատուկ հարաբերություններ ունենանք։ Եվ ստորագրված 10-ից ավելի պայմանագրերը նույնպես շատ կարևոր են, բայց այստեղ կա մեկ շատ առաջնային խնդիր՝ որքանո՞վ է դա ռեալ կյանքի կոչել, որովհետև շատ ավելի հեշտ է որևէ փաստաթուղթ ստորագրելը, քան այն կյանքի կոչելը։
 
Ամերիկացիները մի այսպիսի ֆորմուլա ունեն, որ եթե ստորագրված փաստաթղթերի 25%-ը իրագործվում, ռեալիզացվում է, արդեն շատ լավ է: Հիմա արդյո՞ք մենք նման խոշոր պետության հետ մտնելով այսպիսի հարաբերությունների մեջ և ստորագրելով այսպիսի փաստաթղթեր, ունենք այն ռեզերվները, այն ներուժը, որ կկարողանանք դրանք իրականացնել։ Դրա մասին պետք է մտածել, որովհետև այստեղ կան և տնտեսական խնդիրներ և մշակութային: Այսինքն, գալիս ենք այն հարցին, որ արտաքին հարաբերությունների, դիվանագիտության մեջ հաջողության հասնելու համար անպայման պետք է զարգացնել ներքին քաղաքականությունը, ներքաղաքական ռեզերվները գործի դնել, որովհետև եթե քո տանը խնդիրներ կան, դրսում չես կարողանում ակտիվ և արդյունավետ աշխատել։
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
1999 reads | 28.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com