ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ 120 ՀՈԳԱՆՈՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՄԲ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այս տարի առանձնահատուկ կերպով է պատրաստվել Ֆրանկոֆոնիայի օրերին՝ կազմակերպելով ավելի քան 30 մշակութային իրադարձություն, այդ թվում 10 կինեմատոգրաֆիական միջոցառում, 10 համերգ՝ «Հայկական երաժշտություն» խորագրի ներքո, գրական հանդիպումներ և լեռներին նվիրված շաբաթ՝ Շվեյցարիայի դեսպանության հետ գործակցությամբ: Երկու երկրների դեսպանները խոսել են Լեռնային փառատոնի մասին:

Լեռնային երկրներում ապրելը հաճախ դժվար է, բայց շատ ավելի հաճախ հնարավորություն է տալիս տուրիզմի շնորհիվ զարգացնել տնտեսությունն ու միջմշակութային կապերը: Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ֆրանսիացի, շվեյցարացի ու հայ բազմաթիվ մասնագետներ կգան՝ խոսելու իրենց վարպետության և երեք երկրների ընդհանրությունների մասին: Ֆրանսիան ու Շվեյցարիան Հայաստանի նման լեռնային երկրներ են, բայց ի տարբերություն մեզ կարողանում են լեռների ու տուրիզմի շնորհիվ փող աշխատել:

«Սա Ֆրանկոֆոնիայի սեզոնի մաս է կազմում, որի վրա Շվեյցարիայի դեսպանի հետ մենք երկար ժամանակ ենք աշխատել: Լեռնային փառատոնը պրեմիերա է Հայաստանում, և մենք հույս ունենք, որ մեր երկրների նմանությունների շնորհիվ կկարողանանք փորձի փոխանակում անել»,-ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Ֆրանսիայից ժամանած 12 երաժիշտները կմասնակցեն Ֆրանկոֆոնիայի օրերի միջոցառումներին, ընդհանուր առմամբ մոտ 20 ֆրանսիացի հյուր կլինի Հայաստանում:  Շվեյցարիայի դեսպանը ևս հատուկ է պատրաստվել միջոցառմանը: Ֆրանսիացիների հետ Հայաստանում են նաև շվեյցարացի մասնագետները, տուրիզմի ոլորտի գիտակներ, որոնք շվեյցարական լեռների գրավչության միջոցով կփորձեն ստեղծել հայկական լեռնաշխարհի փոքր, բայց գեղեցիկ անկյունում տեղավորված ՀՀ լեռնային տուրիզմ:
Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի խոսքով. «Լեռնային փառատոնի ընթացքում կազմակերպվելու են կինոդիտումներ, կներկայացվեն նաև հայ հեղինակների գործեր: Այս նախաձեռնության շուրջ համախմբվել են մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կրում են եվրոպական մշակութային արժեքներ»:

Լուկաս Գասսերը հաստատում է, որ Շվեյցարիան կշարունակի աջակցել հայ-թուրքական հաշտության նախաձեռնություններին, որովհետև իր համար թանկ են երկու երկրները: Դեռևս հստակեցված չէ 100-ամյակի միջոցառումներին շվեյցարացի պաշտոնյաների ցանկը, իսկ Ֆրանսիան վաղուց է որոշել՝ ապրիլի 24-ին Հայաստանում կլինի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ 100-120 հոգանոց պատվիրակությամբ:

Նաիրի Հոխիկյան
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
2152 reads | 23.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com