ԼՒԲԱՆԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է 20 ՀԱ ՊԻԿԱՆԻ ԱՅԳԻ՝ 500 ԱՇԽԱՏԱՏԵՂՈՎ
Հայաստանը շուտով դառնալու է Պիկան (Pecan) տեսակի ընկույզի արտադրության աշխարհում առաջատար երկրներից մեկը: Սա բարձր բերքատվություն ունեցող ու թանկարժեք պտուղ է, մեծ պահանջարկ է վայելում հատկապես Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Լիբանանյան հայտնի «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերությունը Կոտայքի մարզում հիմնել է պիկանի այգիներ, որոնց շնորհիվ նախ կստեղծվի առնվազն 500 աշխատատեղ, ապա նաև զարկ կտրվի գյուղատնտեսության զարգացմանը:

Հնդկական ընկույզի կորիզապտուղների ընտանիքին պատկանող պիկանը հայտնի է օգտակար հատկություններով, հարուստ է A, D, C, B-12, B-6 վիտամիններով, մագնեզիումով ու կալցիումով: Պիկանի ծառեր կան Ղրիմի թերակղզում ու Միջին Ասիայում, բայց հիմնականում տարածված են ԱՄՆ-ում: Հենց այնտեղ էլ պիկան ընկուզենիների շնորհիվ ստանում են ամուր ու տարբեր ոլորտներում կիրառվող բնափայտ, իսկ պտուղը աչքի է ընկնում յուրահատուկ համով: Բարձրորակ պիկան ընկույզի արտադրությամբ աշխարհում միանձնյա առաջատար երկիրը ԱՄՆ-ն է, լիբանանյան «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության շնորհիվ մի քանի տարի անց Հայաստանը կարող է դառնալ Ամերիկայի մրցակիցը:

Ընկերության ղեկավար Նիկոլա Աբու Ֆեյսալը նշում է. «Սա Հայաստանում ներդրում անելու իմ առաջին քայլն է: Պիկան տեսակի ընկույզն էլ առաջին անգամ է Կովկասում: Պիկանը պահանջված ու թանկ ապրանք է ամբողջ աշխարհում: Մինչև 2017 թվականը Հայաստանում պետք է տնկվի 30.000 ծառ, մեծ մասն արդեն տնկել ենք, իսկ 2025-ից այս այգիները պետք է սկսեն բերք տալ և տարեկան կունենանք առնվազն 3000 տոննա ընկույզ»:

Նիկոլա Աբու Գեյսալը արտասահմանյան խոշոր գործարարներին առաջարկել է Հայաստանում ներդրում անել, ասում է՝ իր օրինակով է համոզվել, բնությունը տվել է անսահմանափակ հնարավորություններ, ժողովուրդը բարեկամաբար է տրամադրված օտար ներդրողներին, աշխատասեր է, մնում է ճիշտ ու արդյունավետ օգտագործել հնարավորությունները: Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի հետ եղել են գյուղնախարար Սերգո Կարապետյանի մոտ՝ ստանալով ոչ միայն գործունեության հավանություն, այլև աջակցության խոստումներ: Դեսպանն անձամբ է այցելել Պիկանի նորաստեղծ այգի՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքի մասշտաբին ու որակին:

«Հաջողակ նախաձեռնության հիմքում միշտ համարձակ գաղափարներն են: Մոտ մեկ տարի է, ինչ Նիկոլան գնել է այս հողը և սկսել այգի հիմնել: Սա նոր խոսք է ամբողջ տարածաշրջանի գյուղատնտեսության մեջ: Այս նախաձեռնության շնորհիվ բազմաթիվ մարդիկ կստանան մշտական աշխատանքի հնարավորություն: Որևէ պետություն չի կարող ունենալ առողջ տնտեսություն առանց զարգացած գյուղատնտեսության: Այս նախաձեռնությունը նաև լիբանանցիների սիրո արտահայտություն է Հայաստանի հանդեպ»,- ասում է ՀՀ-ում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնը:

Դեսպանը շեշտում է՝ Հայաստանն ու Լիբանանը միշտ եղել, այսօր ու միշտ լինելու են բարեկամ պետություններ, ուստի եթե կա ընտրության հնարավորություն, ապա պետք է միմյանց ընտրեն օգնելու համար: Ժան Մաքարոնի համոզմամբ, երկու պետությունների առանձնահատուկ հարաբերությունները կարող են բազմաթիվ համատեղ ծրագրերի ծնունդ տալ, ինքն էլ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ՝ արդյունավետ դիվանագիտության հիմքում փոխշահավետ քաղաքական ու տնտեսական գործընկերությունն է սկզբունքով: Եղվարդում ստեղծված 20 հա այգին առաջիկա 2 տարվա ընթացքում կընդլայնվի՝ հասնելով 100 հա-ի: Պիկանի այգիներում և կառուցվող արտադրամասերում կաշխատի մինչև 500 մարդ:

Նաիրի Հոխիկյան
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
2041 reads | 23.03.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com