ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՓՈւԼՈւՄ
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Միջազգային հարաբերությունների փորձագետ, մագիստրոս, ԱՐՑԱԽ




«Ուժեղն անում է այն, ինչ ցանկանում է,
իսկ թույլը` ընդունում է այն,
ինչին ստիպված է համակերպվել»:
Թուկիտիդես


Փոքր երկրները գերտերությունների մեծ խաղում մշտապես շախմատային զինվորի դեր են կատարել. նրանց դերերը տարբերվում են կախված իրենց պատմական ճակատագրից, աշխարհագրական դիրքից, հարևան պետություններից և նրանց հետ հարաբերություններից, այն դաշինքներից, որոնց մեջ նրանք ներգրավված են:

Վեստֆալյան հաշտությունից հետո Եվրոպայի փոքր պետությունները որոշակիորեն հնարավորություն ստացան գոյատևելու, իսկ արդեն 20-րդ դարի սկզբին ոչ միայն եվրոպական, այլ նաև Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի մի շարք փոքր երկրներ հնարավորություն ստացան ինքնուրույն մասնակցություն ունենալու միջազգային հարաբերություններին:

Փոքր պետությունների մեծ մասը քիչ ռեսուրսների է տիրապետում, ուստի միջազգային հարաբերությունների համակարգում այդ պետությունները առավելապես ապավինում են դիվանագիտությանը: Այսկերպ նրանք ձգտում են գոյատևել իրենց համար ոչ այնքան բարենպաստ գլոբալիզացիայի (որպես այդպիսին` միաբևեռ) պայմաններում, քանի որ այս ժամանակաշրջանում անտեսվում է «ազգային շահ» հասկացությունը, որը փոքր պետությունների գոյատևման առաջնային պայմաններից է:

Միջազգային հարաբերությունների համակարգում պետությունների դերի փոփոխության և այլ պետությունների հետ հարաբերությունների շրջանակներում զգալի են անվտանգության խնդիրները: Այսպես, մեծ և փոքր պետությունների միջև մշակութային և այլ կապերի շրջանակում առաջինների ազդեցությունը, որը երբեմն բերում է փոքր երկրների անվտանգության և ինքնիշխանության խախտմանը:

Պետությունների միջև հարաբերություններում անվտանգության մարտահրավեր են հանդիսանում նաև ԶԼՄ-ները, որոնք արդեն դուրս են եկել պետական սահմաններից և կրում են համաշխարհային բնույթ. երբեմն ԶԼՄ-ներում տեղ գտած հոդվածները, հայտարարությունները խախտում են այլ պետությունների ինքնիշխանությունը կամ հակամարտությունների առիթ են հանդիսանում (այսպես օրինակ` դանիական պարբերականներից մեկում տպագրված Մուհամեդի ծաղրանկարները, որոնք դժգոհություններ առաջացրին մահմեդական, հատկապես արաբական երկրներում, ապա նաև ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական հանդեսում վերատպված նույն ծաղրանկարները առիթ դարձան Փարիզի ահաբեկչության, որի զոհ գնաց 17 մարդ):

Միջազգային անվտանգության մատահրավերներից է գիտատեխնիկական հեղաշրջումը: Գենետիկայի բնագավառում նորանոր հայտնագործությունները հնարավորություն են տալիս կառավարելու մարդկանց կյանքը և գիտակցությունը: Մարտահրավեր է նաև համացանցը, որը տեղեկատվության, գաղափարների տարածման հիմնական աղբյուր է: Ներկայումս սոցցանցերից օգտվողների թվի աճը բերում է նրան, որ մարդկանց գիտակցությունը դուրս է գալիս ներպետական, ազգային շահերի ազդեցությունից, ինչը մեծապես վատ հետևանքներ է թողնում փոքր երկրների համար:

Անվտանգության խնդիր է առաջացնում ռեսուրսների նվազումը: Այսպես, փոքր երկրները, չունենալով բավարար ռեսուրսներ, շատ հաճախ ֆինանսական օգնություն են խնդրում առավել հարուստ պետություններից` արդյունքում ընկնում են ֆինանսական կախվածության տակ:

Վերջերս միջազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է ահաբեկչությունը: Այժմ աշխարհի տարբեր հատվածներում, հատկապես փոքր երկրների տարածքում գործում են մի շարք ահաբեկչական կազմակերպություններ («Ալ Ղաիդա», վերջերս ստեղծված «Իսլամական պետությունը» և այլն): Ահաբեկչական կազմակերպությունները կարող են ազդել համաշխարհային քաղաքական գործընթացների վրա, ինչպես նաև կառավարել մի շարք երկրներ: Սեփական և անկախ ֆինանսական գաղափարական և կազմակերպչական ռեսուրսների շնորհիվ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները հնարավորություն են ստանում ազդելու միջպետական հարաբերություններին և գործընթացներին:

Գլոբալիզացիոն ժամանակաշրջանում պետությունների միջև հարաբերությունները նրանց միմյանցից փոխկախվածություն են առաջացրել: Փոխկախվածության գործընթացները վերացնում են ներքինի և արտաքինի, պետական և հանրային շահերի միջև եղած սահմանները, հետևաբար` փոփոխություններ են տեղի ունենում նաև անվտանգության ոլորտում. ինչպես նշվում է Եվրոպական անվտանգության խարտիայում. «Ավելի քան ակնհայտ է, որ մեր անվտանգության սպառնալիքները կարող են լինել ոչ միայն միջպետական հակամարտությունների, այլև ներպետական հակամարտությունների հետևանքը»:

Նմանօրինակ իրավիճակ ստեղծվեց Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով, որը բերեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ստեղծմանը, որն էլ, փաստացի, անվտանգության լրջագույն սպառնալիք է, հատկապես արևմուտքի երկրների համար:

Փոքր երկիրը իր անվտանգության պահանջմունքները և կողմնորոշումը համաշխարհային քաղաքականության մեջ ապահովելու համար կարող է օգնություն փնտրել հարևանների մոտ (ընդ որում` պարտադիր չէ, որ «հարևան» հասկացությունն աշխարհագրական իմաստ ունենա), որոնք իրենց աջակցությունն են առաջարկում, կամ ջանքեր գործադրել այդ հարևաններին համատեղ դաշինքների կամ վերազգային կազմակերպությունների մեջ ներառելու: Նրա դերը միջազգային հարաբերություններում կապված է միջազգային գործերում իր մասնակցության հնարավորությունից, ազդեցության աստիճանից:

Ներկայումս ոչ այնքան էական է, թե մեծ է պետությունն` իր տարածքով կամ տնտեսապես, այլ` թե ինչ կարող է առաջարկել տվյալ պետությունը միջազգային հարաբերությունների ոլորտում: Քաղաքական քարտեզին նշված 200 պետությունների մեծամասնությունը փոքր պետություններ են, որոնք արտաքին քաղաքականության բնագավառում գերազանցապես ցուցաբերում են ազգային-էթնիկ մոտեցում:

Առանձին երկրներում ակտիվացած էթնիկ խմբերի գործողությունները ակտիվացնում են այլ երկրներում «անգործության մատնված» էթնիկ խմբերին: Բացի այդ, «ակտիվ» էթնիկ խմբերի գործողությունները, հաջողությունները կամ անհաջողությունները ազդեցություն են թողնում այլ երկրներում էթնիկ խմբերի վարքի վրա:

Փոքր երկրների համար հատուկ նշանակություն ունի քաղաքականության բարոյական հիմքը, որը հանդիսանում է այն քիչ ռեսուրսներից մեկը, ինչին տիրապետում են առաջինները: Մի շարք փոքր երկրներ հաջողությամբ հանդես են գալիս որպես «նորմերի մեկնաբանող»` թեթևակիորեն ազդելով տերությունների քաղաքականության վրա համոզելու և քաղաքական դիսկուրս ձևավորելու միջոցով` կատարելով «աշխարհի խղճի» դերը: Թեև, իհարկե, այս տիպի ազդեցությունը սահմանափակ է, հատկապես` անվտանգության հարցերում:

Ինչքան քիչ ռեսուրսների է տիրապետում պետությունը, այնքան մեծ արժեք ունեն նրա համար այդ ռեսուրսները: Այդպիսի երկրների համար միջազգային հարաբերություններում կարևորագույն ռեսուրսը հանդիսանում է դիվանագիտությունը, այդ իսկ պատճառով փոքր երկրները միջազգային իրավունքի նորմերի ինստիտուցիոնալիզացման, միջազգային ռեժիմների բարելավվման, հավաքական գործողությունների, միջազգային անվտանգության համակարգի ստեղծման հիմնական կողմնակիցներն են: Միջազգային կազմակերպություններին անդամակցությունը մեծացնում է փոքր երկրների հնարավորությունները գործելու միջազգային ասպարեզում ի հաշիվ գործունեության կանոնների ձևավորման, այնպես էլ` սեփական շահերից ելնելով ռեսուրսների համատեղ օգտագործման ծրագրի: Այդուամենայնիվ, փոքր երկրները ազդեցության առավել մեծ հնարավորություններ ունեն տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում:

Միջազգային հարաբերություններում փոքր երկրների դերը նաև բացասական կողմեր ունի: Այդպիսի օրինակ է բազային հակասությունների առկայությունը միջազգային հարաբերությունների համակարգում` ինքնիշխան պետությունների իրավական հավասարությունը և փաստացի անհավասարությունը: Չունենալով բավարար ռեսուրսներ բանակցությունների ընթացքում սեփական շահերի պաշտպանության համար` որոշ փոքր երկրներ կասեցնում են այդ բանակցությունները տարբեր հնարավոր միջոցներով:
Ռեսուրսների անբավարարությունը և մանևրելու սահմանափակ ազատությունը ստիպում է փոքր երկրներին սուր արձագանքել անվտանգության իրական և կարծեցյալ սպառնալիքներին: Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնք երկար ժամանակ գտնվել են այլ պետություններից կախվածության մեջ և չունեն որոշակի պետականության ավանդույթներ: Կախված քաղաքական էլիտայի հատկանիշներից` արձագանքը կարող է լինել անհավասարաչափ կամ հիստերիկ:

Արտաքին քաղաքականության ոլորտում բնորոշ է հակամարտության ինտենսիվության չափազանցումը` մեծ պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությունը ստանալու նպատակով: Երբեմն փոքր երկրները փորձում են հարևանների միջև (կամ նրանց հետ) հակամարտությունները վերափոխել իրենց համար արտաքին քաղաքական ռեսուրսի: Նմանօրինակ վարք են դրսևորել Լեհաստանն ու Մերձբալթյան երկրները, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունները բավական երկար ժամանակ օգտագործում էին ԱՄՆ-ի և ԵՄ կողմից աջակցություն ստանալու նպատակով` որպես «Արևելքի չարիքից» պաշտպանության առաջին գիծ: Այժմ այդպիսի վարքագիծ ունի Ուկրաինան, այն է` պաշտոնական Կիեվը, որը Ուկրաինայի ռուսախոս արևելքի հետ քաղաքացիական պատերազմում ազդեցություն ունենալու համար անընդհատ մեղադրում է Ռուսաստանին` այդ կերպ փորձելով հնարավորինս շատ աջակցություն ստանալ Արևմուտքից:

Աշխարհի կարգը երկար ժամանակ ձևավորվում է մեծ տերությունների կողմից: Փոքր երկրները, հնարավորություններ ստանալով ազդեցություն ունենալու տարածաշրջանային առումով, ոչ միշտ են ունենում անհրաժեշտ հմտություններ` ռազմավարական գործոնների ճիշտ ընկալմամբ և պատասխանատվությամբ, ինչի պատճառն են հանդիսանում քաղաքական էլիտայի ցածր որակները:
Այստեղ կարելի է օրինակ բերել Վրաստանը, որի քաղաքական ղեկավարության ոչ ճիշտ որոշմամբ սկսված պատերազմը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեմ նրա դեմ դուրս բերեց Ռուսաստանին, և ի վերջո 8-օրյա կարճ պատերազմը ավարտվեց Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ, Ռուսաստանի և նրա մի շարք դաշնակից փոքր երկրների կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչմամբ: Չնայած մինչ այսօր դեռևս միջազգային հարաբերությունների մյուս ուժերը չեն ճանաչել վերոնշյալ հանգամանքը, սակայն այն կարծես աստիճանաբար վերածվում է փաստի:

Փոքր երկրները խոցելի են արտաքին ազդեցության առկայության պարագայում: Նրանց արտաքին և ներքին քաղաքականությունը կարող է որոշվել արտաքին միջամտության` «արտաքին ղեկավարման» միջոցով: Հազվադեպ կարող է լինել նաև ուղիղ կերպով կաշառելու հանգամանքը: Առավել հաճախ հանդիպում ենք փոքր երկրների «դիրքորոշման կաշառմանը»` փոքր երկրին տրամադրելով տնտեսական կամ առևտրային արտոնություններ, որի դիմաց մեծ պետությունը ստանում է նրա աջակցությունը կարևոր հարցերում: Այդ աջակցությունը կարող է որոշիչ լինել, մասնավորապես այն ժամանակ, երբ այդ փոքր պետությունը որևէ դիրք կամ պաշտոն է զբաղեցնում միջազգային կազմակերպություններում: «Արտաքին ղեկավարումը» կարող է լինել նաև անուղղակի կերպ` համաշխարհային ԶԼՄ-ների միջոցով և գիտա-կրթական կամ փորձագիտական ծառայությունների տրամադրման միջոցով:

Փոքր երկրները չունենալով բավարար ռեսուրսներ իրենց գոյատևման համար դիմում են դիվանագիտությանը և քաղաքականությանը, որը հիմնվում է ազգային շահերի իրագործման պահանջների վրա, չնայած գլոբալիզացիայի առկայությանը, որի հիմնական գաղափարը հակասում է ազգային պատկանելության և ազգային շահերի գործոններին. թեև ճիշտ քաղաքական դիրքորոշման պարագայում փոքր երկրները կարող են բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
2476 reads | 11.02.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com