ԲՈԼԻՎԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետևողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի և մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը և քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձևի: 

Այսուհանդերձ, Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերի հետևողական աշխատանքը, համատեղման կարգով Արգենտինիայում ՀՀ դեսպանությունը և գուցե նաև բոլիվիահայ փոքրաթիվ համայնքի հանգամանքները իրենց ազդեցությունն են ունեցել այս բանաձևի վրա։ 

Հայկական կողմի համադրված աշխատանքը այլևս օրինաչափ և ակնկալելի գործընթաց է նման որոշումներ ապահովելու համար: Մի քանի դիտարկում, այս առիթով, օգտակար կլինի Բոլիվիայի խորհրդարանի կայացրած որոշման քաղաքական մեկնաբանությունները կատարելու համար:
Թվում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով թիրախավորած աշխատանք է սկսվել նաև այն երկրներում, ուր անպայման դասական կազմակերպված, ուժական և քաղաքական գործոնի հանգամանք նվաճած համայնքներ գոյություն չունեն: Հարավային Ամերիկան իբրև տարածաշրջան այս իմաստով անբարենպաստ ենթահող չէ և այս իրականությունը կարող է նախանշել, որ միևնույն տարածաշրջանում այլ երկրներ հետևեն Ուրուգվայի, Արգենտինայի և այժմ էլ Բոլիվիայի օրինակին: 

Սակայն Բոլիվիան այս ռազմավարության իբրև ցուցանիշ ենթադրաբար պիտի աշխուժացնի հակառակորդը, որը այլապես էլ թուրքական և ադրբեջանական դիմագծերով փորձում է ազդել տեղի իշխանությունների վարած քաղաքականության վրա: Արգենտինայում հայկական կողմի տարած հաղթանակը (Աթաթուրքի արձանի տեղադրման և Էրդողանի այցի տապալում) թուրքականի վրա անպայման ուժերի վերահաշվարկի մղել է ոչ միայն Անկարային, այլ նաև Բաքվին այս տարածաշրջանում առավելություններ ձեռք բերելու համար: Քաղաքական պայքարը կարող է թեժանալ Հարավային Ամերիկայի այն երկրներում, ուր հայկական համայնքները դասական ըմբռնումով գոյություն չունեն: Նաև` թուրքականներն ու ադրբեջանականները, ինչը որ մտածելու տեղիք է տալիս պետական ճիգերի բազմապատկման անհրաժեշտության մասին:

Բանաձևը իր ամբողջության մեջ դիտարժան կետեր է պարփակում.
«1915 թվականի Ապրիլ 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքների հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»: 

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում են Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»: 

Ցեղասպանություն գործադրողների էության ընդգծման շեշտադրումը հստակ է առաջին իսկ տողից: Օսմանյան կայսրություն, Միություն և առաջադիմություն, երիտթուրքեր: Բանաձեվը խոսում է հայ մտավոր ուժի ծրագրված սպանդի, տեղահանության, և ապա զանգվածային բնաջնջման մասին: Ցեղասպանությունը դիտարկվում է, իբրև մարդու իրավունքի, ճշմարտության և արժեքների ուղղակի հակադրվող երևույթ, զոհը ստանում է Բոլիվիայի պաշտոնական զորակցությունը, ցեղասպանը` դատապարատանքը: Բանաձևը ունի նաև այժմեական բաժին այն առումով, որ դատապարտում է Անկարայի այսօրվա ժխտողական քաղաքականությունը: 

Ցեղասպանության ճանաչման և դատապարտանքի առումով բավական ամբողջական է բանաձևի բովանդակությունը: Ավելին: Խոսելով զանգվածային տեղահանության և մանավանդ Արևմտյան Հայաստանի մասին, բոլիվիական բանաձևը հավանաբար իր ներառած բովանդակությամբ և օգտագործած բառապաշարով առանձնանում է ցարդ քվեարկված բանաձևերից: Այստեղ հայրենազրկման գաղափարն այնքան ցայտուն է, որ բանաձևային պայքարի փիլիսոփայությունը մի քայլ այն կողմ է անցնում ճանաչումից և դատապարատանքից: 

Ցեղասպանության բանաձևերում Արևմտյան Հայաստան հասկացողությունը ներառելը հայրենազրկման գաղափարն է. միաժամանակ նաև տարածքային մեր պահանջատիրության իրավաքաղաքական ամրագրումների կարևոր մեկնակետը: 100-ամյակի առիթով նախանշվող այս բանաձևային արշավի բոլիվիանական մեկնարկը ռազմավարական կարևորագույն ուղերձ է փոխանցում: Տարածքային պահանջատիրության մեր աշխատանքների համար օգտակար կարող է լինել բոլիվիական բանաձևին հղում անելը։
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
688 reads | 02.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com