ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ






Թուրքիայում նշանակում ստանալը բավական լուրջ փորձություն է հայ դիվանագետի համար: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, Հայաստանի շրջափակումն իրականացնող Թուրքիայում Հայաստանի Հանրապետության Ներկայացուցչության հիմնումը և բավական ակտիվ գործունեությունը հայկական դիվանագիտության սակավաթիվ հաղթանակներից մեկն է, որի մասին առանձին խոսելու անհրաժեշտություն կա: Պատահական չէ, որ Ստամբուլում տեղակայված Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչները լավագույն թուրքագետներ Արսեն Ավագյանն ու Կարեն Միրզոյանն էին, որոնց ջանքերի շնորհիվ արդեն տասնամյակ է, ինչ Ստամբուլի կենտրոնում ծածանվում է հայկական եռագույնը:

Ստամբուլ մեկնեցի 2007թ. ապրիլին: Հունվարին սպանվել էր Հրանտ Դինքը, փետրվարին-մարտին հարձակումներ էին տեղի ունեցել Ստամբուլի Հայոց պատրիարքարանի վրա, Սբ. Աստվածածին մայր եկեղեցում կրակոցներ էին հնչել, և քաղաքում տիրում էր որոշակի լարված մթնոլորտ:

Օդանավակայանում դիմավորեց ՀՀ Ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը (ներկայումս ԼՂՀ ԱԳ նախարար) և ուղեկցեց ինձ հատկացված բնակարանը: Պայմանավորվեցինք, որ մի քանի ժամ հանգստանալուց հետո միասին կայցելենք Ներկայացուցչություն:

Բազմոցին պառկած սպասում էի Կ. Միրզոյանի զանգին, երբ լսեցի, որ բնակարանի դուռը դրսից բացվում է: Ստամբուլ մեկնելուցս առաջ շատերն իրենց պարտքն էին համարել զգուշացնել թուրքերի նենգության, հայատյացության և ինձ սպասող բազմաթիվ վտանգների, հնարավոր սադրանքների մասին, սակայն բնավ չէի սպասում, որ դա կարող էր պատահել իմ ժամանման հենց առաջին օրը:

Ինչևէ, բացված դռնից ներս մտավ մի երիտասարդ կին, իսկ նրանից հետո՝ նիհարակազմ ու փոքրամարմին տղամարդ: Իմ երևակայությունն արդեն նկարում էր ամենահայտնի սադրանքներից մեկը. ամուսինը բնակարանում բռնացնում է կնոջ սիրեկանին, այսինքն՝ ինձ, և հրահրվում է սկանդալ: Այն, որ դեպքը կատարվում էր ժամանելուս առաջին իսկ օրը, այդ պահին ինձ այնքան էլ էական չէր թվում: Կնոջ հետևից ներս մտնող փոքրամարմին տղամարդն ավելի համոզեց ենթադրությանս մեջ և պատրաստվում էի արժանի դիմադրություն ցույց տալ, մինչև կկարողանամ տեղեկացնել Ներկայացուցչին: Նոր էի վերցրել սեղանին դրված հեռախոսս, երբ բաց դռնից ներս մտավ մի աժդահա տղամարդ, մոտ երկու մետր բոյով, հսկա ձեռքերում՝ մի հաստ պարան: Կինն ինձ տեսնելով սկսեց գոռգոռալ: Այն ժամանակ սակավաթիվ թուրքերեն բառերից բաղկացած բառապաշարս թույլ տվեց հասկանալ, որ հարցնում է՝ ի՞նչ գործ ունեմ բնակարանում: Տղամարդիկ զարմանալիորեն լուռ էին և առաջ չէին գալիս, համեստորեն ու գլխահակ կանգնած մնալով դռան շեմին: Հեռախոսն արդեն ձեռքումս էր և տենդագին հավաքեցի Միրզոյանի համարը: Արագ-արագ ասացի, որ բնակարան մարդիկ են ներխուժել՝ մի կին և երկու տղամարդ: Իսկույն անհանգստանալով՝ նա հրահանգեց հեռախոսը փոխանցել դրանցից մեկին:

Հեռախոսը փոխանցում եմ կնոջը և արագախոսությունից ու հաճախ լսվող "Կարեն բեյ”, "Կարեն բեյ” բառերից հասկանում եմ, որ իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ, ինչքան ինձ էր թվում: Կինն ինձ է տալիս հեռախոսը և Կարեն Միրզոյանն անվրդով ասում է. "մի անհանգստացիր, բնակարանի տանտիրուհին է, եկել է սառնարանը տանելու”: Այստեղ արդեն իրոք "անհանգստանում եմ”. բա ես առանց սառնարան եմ մնալո՞ւ: Կինը սկսում է գոռգոռալով ինչ որ բաներ ասել ինձ:

Իմիջիայլոց, երբ դիմացինի լեզուն չեն հասկանում, համարյա բոլորը սկսում են գոռալով խոսել, չգիտես ինչու, համոզված լինելով, որ բարձրաձայն կամ գոռալով ասված խոսքն ավելի հասկանալի կարող է լինել: Կինն ընդամենը ներողություն էր խնդրում՝ ասելով, որ ինձ սպասում էր հաջորդ օրը:

Գոռգոռոցից հետո առաջ անցավ աժդահան, որը ձեռքի պարանով փաթաթելով խոշոր սառնարանը, հեշտությամբ ուսին դրեց և դուրս եկավ բնակարանից, իսկ փոքրամարմին տղամարդը ուղղորդում էր նրա շրջադարձերը բավական նեղ ու ոլորապտույտ աստիճանավանդակներում: Բեռնակիրներ էին...

Իսկ սառնարան բերեցին հաջորդ օրը՝ նույն շքախմբով:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
3728 reads | 28.11.2014
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com