ԴՐՎԱԳՆԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ







Հայկական մամուլի արտացոլանքում դիվանագիտական աշխատանքն արտասահմանում սովորաբար պատկերվում է որպես բարձր վարձատրվող, պարապ-սարապ կյանք, որն ուղեկցվում է հայրենի կառավարության սուղ բյուջեի հաշվին տարբեր երկրներում պտույտներով, դիվանագիտական պարտություններով, զանազան անձնական բիզնես ծրագրերով, ինչպես նաև տվյալ երկրներում հաստատված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արհամարհական վերաբերմունքով: Գուցե որոշ առումներով իրավացի են քննադատները, սակայն դիվանագիտական աշխատանքում, ինչպես պետական ծառայության այլ ոլորտներում ևս, առկա է կյանքն իր բոլոր երանգներով ու նրբերանգներով:

Դիվանագիտական ծառայությունն իսկապես թանկ հաճույք է: Անցել են այն ժամանակները, երբ հայ դիվանագետները խանդավառությամբ էին ընդունվում մեր արտասահմանյան հայրենակիցների կողմից: Սփյուռքում համարյա յուրաքանչյուր ոք իր պարտքն էր համարում ուժերի ներածին չափով օգտակար լինել: Հայաստանի անկախության սկզբնական ժամանակաշրջանում դիվանագիտական ներկայացուցչությունները մեծ մասամբ անվճար տեղակայվում էին համայնքային կամ անհատ բարերարներին պատկանող շինություններում: Հիրավի ծանր պայմաններ էին, հայ դիվանագետներն ամիսներով աշխատավարձ չէին ստանում, նույնիսկ ստիպված էին լինում ապրել ներկայացուցչության շենքերում, ուր օրվա ընթացքում այցելուներ էին ընդունում, իսկ երեկոյան այն վերածում գիշերակացի: Նման հանգամանքը թույլ էր տալիս համայնքային կառույցներին և որոշ անհատների թելադրողի կեցվածք ընդունել և հաճախ անհարկի խորհուրդներ տալ:

Ներկայումս հիմնականում լուծված են շենքային պայմանները: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ են գործում ոչ միայն համայնքաշատ երկրներում, այլև նույնիսկ Վիետնամում ու Թաիլանդում, Նորվեգիայում ու Ֆինլանդիայում, Ինդոնեզիայում ու Ճապոնիայում: Դիվանագետները ժամանակին ստանում են իրենց աշխատավարձերը, որը նրանց թույլ է տալիս որոշ խնայողություններ կատարել և Հայրենիք վերադառնալուց հետո անհամբեր սպասել հաջորդ նշանակմանը:

Որպես կանոն, դիվանագետների կեցության համար տրամադրվող գումարը և աշխատավարձը հազիվ հերիքում է քաղաքի միջին կարգի թաղամասերում բնակարանի վարձակալման և համեստ ապրելակերպի համար: Դիվանագետների ներկայացուցչական ծախսերի մասին ավաղ միայն երազել կարելի է: Չնայած շատ է խոսվում, որ հայ դիվանագետները տվյալ երկրում բիզնեսով են զբաղվում, սակայն իրականում նմաններին իսկապես կարելի է մատների վրա հաշվել, հիմնականում մարդիկ լուռ և համեստորեն իրենց աշխատանքն են կատարում, որի մասին բարձրաձայնվում է միայն ձախողումների դեպքում:

Չնայած մամուլի բացասական արձագանքին, հայ դիվանագետները հիմնականում հաջողությամբ կատարում են իրենց հանձնարարված աշխատանքը, սակայն հասարակության համար բաց է մնում դիվանագետի աշխատանքի մի կարևորագույն հատված: Ասվում է, որ դիվանագետն աշխատանքային ժամանակ չունի, նրա աշխատանքային օրը 24 ժամ է և իսկապես բազմաթիվ անգամներ օրվա ցանկացած ժամի հյուպատոսը, դեսպանը և մյուսները լինում են աշխատավայրում, օդանավակայանում, կամ այլուր, փորձելով օգտակար լինել մեր հայրենկիցներին, մասնակցում են տասնյակ ժամեր տևող բանակցությունների, իրենց ընտանիքի հետ ազատ ժամանակն անցկացնելու փոխարեն, խանութներ ու տեսարժան վայրեր են ուղեկցում դեսպանընկալ երկիր ժամանած բարձրաստիճան հյուրերին, նրանց կանանց, երեխաներին, ազգականներին, սիրուհիներին, հաճախ նաև ականատես լինելով արված գնումների քանակին և անվայել պահվածքին:

Հայ դիվանագետի համար արտասահմանում աշխատելն ունի մի շարք յուրահատկություններ: Հատկապես հոծ հայկական համայնքի առկայության պայմաններում դիվանագետի կյանքն ընթանում է կարծես ապակյա անոթում, համայնքի ակընդետ հայացքի ներքո և անխուսափելի բամբասանքների ուղեկցությամբ: Հանրային քննարկման առարկա են դառնում թե դեսպանը և դիվանագետներն ինչ ռեստորան են այցելում, որ վարսավիրի կամ դերձակի մոտ են հաճախում, ինչ խանութից են օգտվում և այլ կենցաղային մանրուքներ:

Դիվանագետն այցելում է հայկական խորտկարան և հաջորդ օրն իսկ ամենատարբեր տեղերից լսում ես. «երեկ գիշեր աղվոր ճաշ մը կերած եք, այնպես չէ՞»: Եթե չես հաճախում հայկական խորտկարան կամ խանութ, ասում են. «մերիններն ասանկ են, մեզի չեն գար, դրամն օտարներուն կձգեն»: Ատամնաբույժի ես գնում, հաջորդ օրը մի քանի տասնյակ մարդ կարող է հետաքրքրվել ատամներիդ վիճակով....

Ազգային ջոջերի կերպարներն էլ համարյա նույնությամբ շարունակում են իրենց գոյությունը, որոշ փոփոխությունների ենթարկվելով ըստ տարածաշրջանի, երկրի ու տեղական իրականության: Բազմիցս համոզվել եմ, որ Հակոբ Պարոնյանն իսկապես մեր մեծագույն դասականներից է և համայնքային հերթական բամբասանքներին ակամա ծանոթանալուց կամ մշակութային միջոցառմանը մասնակցելուց հետո հարկ եմ համարել այցելել Ստամբուլի ժամանակին հայաշատ Միջին Գյուղի (Օրթաքյո) եկեղեցու նախասրահում գտնվող մեծ երգիծաբանի կիսանդրուն, քանի որ խեղճը շիրիմի էլ չարժանացավ:

Որպես կանոն, համայնքայինների համար դեսպանության կարևորագույն դեմքը հյուպատոսն է՝ կոնսուլը: Մեր դեսպաններից մեկին համայնքային հերթական միջոցառման ժամանակ ելույթից հետո ներկայացնում են որպես կոնսուլ: Դեսպանն արժանապատվորեն ուղղում է. «ես կոնսուլը չեմ, դեսպանն եմ»: Մանկական անմիջականությամբ պատասխանում են. «Վնաս չունի, օր մը դուն ալ կոնսուլ կըլլաս»:

Հատկապես սկզբնական շրջանում դիվանագետների համար որոշակի դժվարություններ է առաջացնում նաև արևմտահայերենի չիմացությունը, ինչը բավական զավեշտալի իրավիճակներ է ստեղծում: Հերթական համայնքային հրավերքի ժամանակ դիմավորելով դեսպանին և նրա տիկնոջը, ասում են. «Ուրախ ենք Ձեզի մեզի մեջ ունենալու համար և լիահույս ենք, որ ամբողջ գիշեր պիտի վայելենք»: Դեսպանի տիկինը սարսափած դիմում է ամուսնուն «ի՞նչ են ուզում մեզնից…»:

«Սիրո սեղանի» հրավերները թեթևակի շոկ են առաջացնում հատկապես կին դիվանագետների մոտ, մանավանդ եթե վերջիններս ծանոթ չեն համայնքային նիստ ու կացին և չգիտեն, որ սիրո սեղանն ընդամենը հանգանակության համար կազմակերպվող հերթական ճաշկերույթ միջոցառում է:

Հայկական համայնքային կազմակերպությունների հետ հարաբերությունների ճիշտ կառուցման կարևորագույն պայման է Հայ Առաքելական եկեղեցու թեմական առաջնորդների հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը: Առաջնորդների ձեռքում են կենտրոնացած համայնքների կառավարման հիմնական թելերը և դեսպանության և անձամբ դեսպանի համար շատ խնդիրներ լուծումներ են ստանում պայմանավորված դեսպան-առաջնորդ հարաբերություններով: Բարեկամական հարաբերություններ ստեղծելու և զարգացնելու համար յուրաքանչյուր դեսպան իր սեփական ճանապարհն է ընտրում: Մեկը պարբերաբար թուղթ կամ նարդի է խաղում թեմակալ առաջնորդի հետ, մյուսը բաժակակից է դառնում բազմաթիվ հրավերներին, հաջորդն անընդհատ իր մեծարանքն է ցուցադրում, դրանով ապահովելով զանազան նվիրատվություններ և անհրաժեշտ կապեր: Մի խոսքով, ամեն մեկն էլ առաջնորդներին սիրաշահելու մի ձև գտնում է: Հազվագյուտ դեսպաններ էլ պահպանում են հավասարակշիռ, բարեկամական և անկեղծ հարաբերություններ, բայց դրանք իրապես բացառություններ են:

Հայ դիվանագետների աշխատանքային ժամանակի գերակշիռ մասը ծախսվում է տեղական հայկական կառույցների հետ շահեկան հարաբերություններ հաստատելու և դրանք զարգացնելու վրա: Եթե համայնքում կա եկեղեցական երկու թեմ, դեսպանի գործը բավական դժվարանում է, քանի որ կողմերն ուշի ուշով հետևում են, թե դեսպանը քանի անգամ այցելեց և ինչքան հյուրընկալվեց Էջմիածնական թեմի առաջնորդի մոտ և որքան ժամանակ անցկացրեց Անթիլիասական առաջնորդի նստավայրում: Իսկ եթե առկա են նաև կաթոլիկ և բողոքական ծանրակշիռ համայնքներ ևս, դեսպանի դժվարությունները քառապատկվում են: Իսկ եթե երկրում գործում են նաև տարբեր կուսակցություններ դեսպաններն իրենց դիվանագիտական կարողությունների հիմնական մասը ստիպված ծախսում են եկեղեցական, համայնքային կառույցների և «ազգային ջոջերի» հետ հարաբերություններում խնդիրներ չունենալու վրա:

Դիվանագիտական "աշխատաժամանակի” կարևորագույն մաս է կազմում նաև Հայաստանից ժամանող զանազան պատվիրակությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց մերձավորների դիմավորումն ու ճանապարհումը: Բավական դեսպաններ այս ասպարեզում հանդես են բերում իսկական դիվանագիտական ճկունության հնարքներ: Նախապես ճշտում են ինչ է սիրում տվյալ պաշտոնյան, նրա տիկինը, երեխաները, սիրուհին, անգամ շունը:

Ոչ պակաս կարևոր է նաև մասնակցությունը համայնքային մշակութային միջոցառումներին: Մանավանդ, եթե համայնքային հեղինակավոր կառույցներից որևէ մեկն է հանդես գալիս կազմակերպչի դերում, դիվանագիտական ներկայացուցչությունը համարյա ողջ կազմով պարտավոր է մասնակցել միջոցառմանը, առավել ևս, եթե Հայաստանից հատուկ հրավիրված համույթի կամ արվեստագետի ելույթ է նախատեսված:

Պատահական չէ, որ տեղական պետական կառույցների հետ աշխատանքի համակարգման համար որոշ դեսպանությունների համար ժամանակը հաճախ չի էլ բավականացնում…..
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
1189 reads | 19.11.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com