ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ «ԹԵ, ԹԵ»-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՈՒՌ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ 
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ






ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի իրավական մեկնարկը գրավել է եղելությանը հետևողների ուշադրությունը և ողողել հայկական լրատվադաշտը տարաբնույթ մեկնաբանություններով:

Անկախ այն իրողությունից, որ այս հարցում երևանյան ընտրության հնարավորությունները սահմանափակված էին, խնդիրը պետք է փորձել դիտարկել նախ անշուշտ «կարելիի արվեստը» տեսության սահմաններում, ապա փորձել կատարել դրանից բխող իրավիճակի ընդհանուր գնահատականը:

Այսպես. Դեռևս պարզ չէ, որ ԵՏՄ-ի այլ անդամ երկրի հետ ընդհանուր սահման չունեցող ՀՀ-ն ի՞նչ տեսակի խնդիրներ կարող է ունենալ ոչ ԵՏՄ-ական հարևանների և ցամաքային ճանապարհով` դրանց միջոցով մյուս ԵՏՄ-ական երկրների հետ առևտուր զարգացնելու ընթացքում: Այստեղ ուղղությունները ունեն որոշակի տարբերություն: Մինչ Վրաստանի վրայով ՀՀ-ն կկապվի ԵՏՄ-ական Ռուսաստանի, Իրանի դեպքում հանգրվանային այդ հանգամանքը գոյություն չունի: Առևտրային հարաբերությունը պետք է քննել ԵՏՄ-Իրան գծի վրա և փորձել իմանալ, թե այնտեղ ի՞նչ տեսակի խոչընդոտներ կարող են հայտնվել:

Կա հնչող տրամաբանական տեսակետ, որ ԵՏՄ-ի առյուծի դիրքը գրավող ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրություն և ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին ի՞նչ կավելացնի գործնապես: Գեթ ՀՀ-ՌԴ առևտրային հարաբերությունների վրա:

Այս բոլորը հարցադրումներ են, որոնք կհստակացվեն ժամանակի ընթացքում: Հիշենք նաև բացարձակ հաստատումը այն մասին, որ ԵՏՄ-ն մեռած կառույց է` չծնված արդեն և պարզապես քաղաքական առանցք ունի, իբրև ՌԴ-ի ազդեցության գոտու ընդարձակման հիմնական մեխանիզմ:
Հիմա փորձենք մտածումներ զարգացնել այլ ուղղությամբ: «Թե, թե»-ի կամ «և ,և»-ի տեսությունը թվում է, որ չի աշխատում: Երևանը մինչև վիլնյուսյան բանակցությունները անվերջ շեշտում էր, որ երկու ուղղություններով է ընթանալու իր քաղաքականությունը «կամ կամ»-ի մոտեցմանը հակադրվում է և որոշ առումով տեղադրվում փոխլրացման կամ բազմակողմ հավասարակշիռ դիվանագիտության իրականացման քաղաքականության պարունակում: Վիլնյուսը իբրև կարևոր դարձակետ շրջեց այդ տեսությունը:

Սակայն, Վիլնյուսի շրջադարձը կամ բեկումնային պահը եվրոպական շրջանակների կողմից մեկնաբանվեց տարաբնույթ ձևով: Արևելյան գործընկերության մեջ ներգրավված քաղաքական գործիչները համեմատաբար կարծր դիրքորոշում ունեին Երևանի ձեռնարկած քայլի նկատմամբ. համարում էին, որ Երևանը վերջնականապես կատարել է իր ընտրությունը, ինչ որ ենթադրում էր որ ԵՄ-ի դռները փակվել են Երևանի առջև: Մյուսները, հատկապես Արևմտյան Եվրոպայի պետական գործիչները խոսում էին այլ ձևաչափերով ՀՀ-ի հետ ընկերակցության նոր փաստաթղթի մշակման հնարավորության մասին: Նոր փաստաթուղթը պիտի կրեր ոչ տնտեսական բնույթ և արծարծեր մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպական արժեհամակարգի հետ կապված սկզբունքներ:

Այստեղ է, որ թեմայի ոստում կարելի է կատարել, նկատելու համար, որ Երևանը ճիգ է թափում «թե թե»-ի տեսությունը իրականացնելու: եվրոպական արժեհամակարգի սկզբունքների որդեգրումը լինում է օրենքների ամրակայումով: Ամրագրված օրենքների ամբողջությունը երկրի սահմանադրությունն է: Գուցե ավելորդ չի լինի մտածել, որ սահմանադրության բարեփոխումը բխում է նաև այս շարժառիթից:

Կա մեկնաբանություն, որ իշխանությունների ձեռնարկած սահմանադրական բարեփոխումները ոչ թե համակարգային փոփոխության են առաջնորդում, այլ նույն համակարգում գործող հիմնական անձանց վերարտադրման են միտում: Առանց մտնելու այս բանավեճի մեջ, պարզապես չի կարելի զանց առնել նաև «թե թե»-ի տեսության իրականացման քաղաքականության մեջ սահմանադրության բարեփոխում կատարելու որոշումը, մանավանդ, որ նման հարցերով զբաղվող Վենետիկի հանձնաժողովը իբրև եվրոպական կառույց բարեփոխման գաղափարին տվել է դրական գնահատական:
Նախագահականից խորհրդարանական անցում կատարելու համակարգի փոփոխությունը միայն նախագահի լիազորությունների սահմանափակում և պետական տարբեր կառույցների իրար հակակշռելու մեքենականությունների և օրենքների որդեգրում չէ: Երբ հրապարակվեն իշխանությունների կողմից առաջադրված սահմանադրական բարեփոխումների հոդվածները, ավելի հստակ կդառնա, որ երկրորդ «թե»-ի կիրառման օգտի՞ն է առնված այս քայլը և թե հետ սահմանադրական բարեփոխման, ՀՀ-ին առիթ տրվո՞ւմ է ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման հատուկ ձևաչափով պատրաստված փաստաթուղթը: Սա արդեն որոշակի առումով կախյալ է ԵՏՄ-ն ղեկավարող բևեռի հակազդեցությունից։

Եվ, իհարկե, հայկական կողմի հաստատակամությունից` հետևողական լինելու հավասարակշռող քաղաքականության հետապնդման իր նախնական նպատակի մեջ:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
745 reads | 16.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com