«ԼՈԿԱԼԻՍՏՆԵՐԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան






Հայկական դիվանագիտության մեջ կան դիվանագետների հայրենիք չվերադառնալու դեպքեր: Ավելորդ է ասել, որ նման դիվանագետներն անհույս վարակված են լոկալիտիսի սինդրոմով: Այլ կերպ, նրանք իրենց Հայրենիքը չէին փոխի նյու-յորքների, լոնդոնների և փարիզների հետ: Այս մասին այսքանը:

Իսկ այժմ խոսենք օտար դիվանագետների լոկալիտիսի մասին հայաստանյան իրականության մեջ: Զարմանալի է, բայց այդպես էլ է լինում:

Հայաստանում Ռուսաստանի առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը կարճ աշխատեց Երևանում: Պատճառը լոկալիտիսն էր: Սակայն նրա այդ «շեղումը» էապես տարբերվում էր դասականից այն առումով, որ Ստուպիշինը պաշտպանում էր Հայաստանի շահերը, բայց ոչ թե ի վնաս Ռուսաստանի, այլ երրորդ երկրի` Ադրբեջանի: Լեռնային Ղարաբաղի հարցում նա հրապարակայնորեն, բացեիբաց հանդես էր գալիս մեր դիրքերից:

Ռուսաստանը, մի կողմից ունենալով սեփական շահեր և Հայաստանում, և Ադրբեջանում, մյուս կողմից` լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի` հակամարտությունը կարգավորող խմբի անդամ, դեսպանի գործունեության պատճառով կորցնում էր օբյեկտիվ երևալու կեցվածքը: Ինչպես ինձ այդ կապակցությամբ կոնֆիդենցիալ զրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ-ի երկրների III վարչության այն ժամանակվա փոխտնօրեն Վիտալի Լիտվինը (մենք երկար աշխատել էինք արտասահմանում և մեր ընկերությունը շարունակվում էր), Ստուպիշինն իր դիրքորոշմամբ Հայաստանի համակիրներին զրկում էր մանևրելու հնարավորությունից:

Վատն այն էր, որ դեսպանի անթաքույց հայամետությունը, քաղաքական մշակույթի պակասի և դիվանագիտական անփորձության պատճառով, լայնորեն պրոպագանդվում էր հենց Հայաստանի ԶԼՄ-ների և առանձին պաշտոնյաների կողմից: Մենք ԱԳՆ-ում պարզ տեսնում էինք այդ ամենի վտանգավորությունը և զգուշացնում էինք Ստուպիշինին հնարավոր հետևանքների մասին: Բայց նա չփոխեց գործելաոճը: Հետո եղավ այն, ինչը պետք է լիներ: Մոսկվան փոխեց դեսպանին: Այսպիսով` Ռուսաստանը կորցրեց իր կադրային դիվանագետին, Ստուպիշինն` իր կարիերան, իսկ Հայաստանը ձեռք բերեց իսկական բարեկամի, ով այսօր էլ ոչ պաշտոնական դիրքերից պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի գործը: Սակայն քաղաքական առումով, թերևս, ավելի օգտակար կլիներ, եթե նա մնար Երևանում և շարունակեր իր գործունեությունը:
(Հեղինակի անձնական արխիվից)


Հետաքրքրություն է ներկայացնում մեկ այլ, ավելի թարմ դեպք` կրկին հայկական դիվանագիտական պրակտիկայից: Խոսքը վերաբերում է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին, որը ամերիկյան Կոլումբիա համալսարանում 1915-ի դեպքերը որակեց որպես Հայոց ցեղասպանություն: Այսպիսով, նա արտաբերեց այն, ինչից տարիներ շարունակ խուսափում է պաշտոնական Վաշինգտոնը: Դեսպանը հետ կանչվեց:

Դրան կրկին նպաստեցին Հայաստանը և Սփյուռքը, որոնք «արջի ծառայություն» մատուցեցին Էվանսին (այդ գործում մենք վարպետ ենք): Ողջ հայությունը ոտքի կանգնեց լոկալիտիսի մեջ «բռնված» դեսպանի պաշտոնաթողության դեմ: «Չենք թողնի». մատ թափ տվեց սփյուռքը: Իսկ Վաշինգտոնը կարծես թե չվախեցավ և իր որոշածն արեց: (Ամերիկյան ազգային զզվելի գիծ է. վատ բաներ անել ուրիշ ազգերին հակառակ):

Անկեղծ ասած, այս ողջ պատմությունն իմ մեջ հարցեր է առաջացնում: Իրո՞ք, ընդամենը մեկ տարի Հայաստանում աշխատած պրոֆեսիոնալ դիվանագետն այն աստիճան տարվեց հայկական հարցով, որ դեմ գնաց իր պետության պաշտոնական դիրքորոշմանը: Կասկածում եմ: Հետո, արդյո՞ք նման ուղղամիտ և ճշմարտախոհ դեսպանը կարող էր Հայաստանի համակարգը որակել ժողովրդական, երբ այն այդ շրջանում տատանվում էր ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի միջև, և մեկ էլ արդարացի համարել 2005-ի Սահմանադրական հանրաքվեն, որը քաղաքական բլեֆի դասական նմուշ էր: Նույնպես կասկածում եմ:

Չեմ բացառում, որ այս ամենն ամերիկյան դիվանագիտության և հատուկ ծառայությունների կոմբինացիայի արդյունք է` ուղղված Հարավային Կովկասում Վաշինգտոնի շահերի և աշխարհաքաղաքական դիրքերի հետագա ամրապնդմանը, որի իրականացման մեջ դեսպանը թերացել էր, ինչի համար էլ պատժվեց:

ՆԱԽՈՐԴԻՎ՝
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՇԱՐՔԻՑ. «ԼՈԿԱԼԻՏԻՍ»
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
1311 reads | 18.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com