I. ՀՄԱՅՔ. ՀՄԱՅԻՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԸ, ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՇՈՒՆՉ ԱՌԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆՆԵՐԸ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





«Գեղեցիկին նկատում են,
հմայիչին չեն մոռանում»

ՍՈՖԻ ԼՈՐԵՆ

«Ճանաչու՞մ եք արդյոք այնպիսի արտիստների, որոնք հենց որ հայտնվում են բեմում, հանդիսատեսներն անմիջապես սիրում են նրանց: Ինչի՞ համար: Գեղեցկությա՞ ն: Բայց հաճախ այդ գեղեցկությունը չկա: Ձայնի՞ համար: Դա էլ է հաճախ բացակայում: Տաղանդի՞ համար: Այն միշտ չէ՞, որ արժանի է հիացմունքի: Ուրեմն ինչի՞ համար են նրանց սիրում: Նրանց սիրում են այն անորսալի հատկության համար, որը մենք անվանում ենք հմայք» (թարգ.Ա.Ն.): Այս տողերը կարդում ենք Կոնստանտին Ստանիսլավսկու «Դերասանի աշխատանքն իր վրա» քրեստոմատիայում:

Հմայք բառը հայերենում ունի բազմաթիվ հոմանիշներ՝ հրապուրանք, կախարդանք, դյութանք, թովչանք, գայթակղություն, առինքնություն և այլն: Մի այդքան էլ հոմանիշ կա հին հայերենում: Ռուսերեն՝ обаяние, անգլերեն՝ charm, ֆրանսերեն՝ charme:

Երկու կարծիք լինել չի կարող, որ հմայքը հսկայական դեր է խաղում մարդկային փոխհարաբերություններում:

Այդուհանդերձ, այն գրեթե չուսումնասիրված կամ քիչ ուսումնասիրված թեմա է, և կարծիքները նրա ծագումնաբանության (գենեզիս) շուրջ մնում են առկախված:

Հմայքի բնորոշման համար կարևոր նշանակություն ունեցավ ֆրանսիացի նշանավոր հոգեբան Գյուստավ Լըբոնի «Ժողովուրդների և զանգվածների հոգեբանություն» կոթողային աշխատությունը, որտեղ նա զանգվածներին դիտում է որպես ամբոխ, որպես իռացիոնալ կործանիչ ուժ, որը ճնշում է մարդու անհատականությանը: Բացի այդ, հոգեբանը մերժում է սոցիալական հավասարության և սոցիալիզմի գաղափարը: Նշված աշխատությունը եղել է Լենինի, Տրոցկու, Ստալինի, Մուսոլինիի և Հիտլերի սեղանի գիրքը:

Լըբոնի բնորոշմամբ` «հմայքը որևէ գաղափարի տիրապետումն է անհատի մտածելակերպի վրա»: Բացի այդ, նա հմայքը մեկնաբանում է միստիկայի և գուշակության տեսանկյունից: Հմայքը, ըստ այդ վարկածի, բաղկացած է իրարամերժ զգացմունքներից՝ հիացմունքից և վախից: Դրանով է բացատրվում այն, որ հանգուցյալները մեզ վախ ներշնչելուց բացի, կարող են նաև հիացնել: Օրինակ՝ Կոնֆուցիոսը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Հիսուս Քրիստոսը և ուրիշներ:

Հմայքը կարող է լինել ձեռքբերովի` պայմանավորված անձի կարգավիճակով, հեղինակությամբ կամ հարստությամբ: Պաշտոնը, փողը և դիրքը հաճախ հասարակության աչքին հմայիչ են դարձնում մարդկանց, որոնք իրականում ոչնչություն են: Դուք հավանաբար ամեն քայլափոխի ականատես եք լինում նման երևույթի այսօրվա հայկական իրականությունում:
 
Հմայքը ներգործում է շրջապատի վրա համազգեստի և տարբեր աքսեսուարների օգնությամբ: Դրանց թվին են պատկանում զինվորական համազգեստը, ուսադիրները, բժշկի խալաթը և այլն: Պասկալն ասել է, որ դատավորն առանց պարեգոտի կորցնում է իր հեղինակության երեք քառորդը:

Մարդկային հաղորդակցության մեջ որոշիչ է դեր է խաղում առաջին տպավորությունը, երբ 3-5 վայրկյանի ընթացքում կարծիք է ձևավորվում անծանոթի նկատմամբ, որը կարող է լինել ճիշտ կամ սխալ: Իսկ առաջին տպավորության առաջին գործոնը հագուստն է: Այնպես որ, հմայիչ լինելու համար հարկ է տիրապետել ճիշտ, ճաշակով և տեղին հագնվելու արվեստին (dress code), որին, ցավոք, շատերը չէ, որ տիրապետում են Հայաստանում: Իսկ երիտասարդները, տուրք տալով զանգվածային նորաձևությանը և խճճվելով եվրոպական, ամերիկյան և արևելյան էթիկայի նորմերի մեջ, իջնում են անճաշակության աստիճանի:

Գալով ձեռքբերովի հմայքին` ասեմ, որ այն կարող է հեշտությամբ անհետանալ, եթե կորցնի իր բաղադրիչները` պաշտոնը, փողը, համազգեստը և այլն:

Հետաքրքիր է, որ հմայքն ընդունակ է տարածվելու անշունչ առարկաների` հուշարձանների, գրական և գեղարվեստական ստեղծագործությունների վրա: Խնդիրն այն է, որ մարդիկ միշտ կարիք ունեն պատրաստի կարծիքի: Եվ այդ կարծիքը հաճախ կախված չէ կոնկրետ առարկայի արժեքից ու նրա մասին ճշմարտությունից, այլ պարուրված է այդ առարկայի մեջ պարունակվող հմայքի աստիճանից, որը երկար տարիներ, անգամ դարեր կրկնվող առասպելների, դատողությունների և գնահատանքի արդյունք է: Այս դեպքում հմայքը վերածվում է քարացած կարծրատիպի և վերանայման ենթակա չէ:

Օրինակ` զբոսաշրջիկներն ակնապիշ հիանում են Կիպրոսի հյուսիսում գտնվող ‹‹Աֆրոդիտեի բաղնիսով››, որն ընդամենը կիսաքանդ պատերի անհրապույր տեսարան է, բայց նրա շուրջը լեգենդներ են հյուսված, որոնք հմայք են հաղորդում խղճուկ փլատակներին ու բորբոքում մարդկանց երևակայությունը:

Մեկ այլ օրինակ` Կազիմիր Մալևիչի ‹‹Սև քառակուսին››: Այն, որ հեղինակը հանճարեղ նկարիչ է և հիմնել է ավանգարդիզմի նոր ուղղություն` սուպրեմատիզմը, կասկածից վեր է: Մինչդեռ 79,5 x 79,5 չափերով անշուք կտավի առաջ կանգնած այցելուների մեծ մասը, համոզված եմ, ոչինչ չի զգում և հասկանում: Սակայն հիացական բացականչություններն անպակաս են սրահում: Ինչո՞ւ: Որովհետև կտավն արդեն հարյուր տարի է` հմայքի անվիճելի առարկա է, և դա վերանայման ենթական չէ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
3292 reads | 25.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com