ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





ՍԿԻԶԲԸ՝ ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
                ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
 
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ ընդհանրություններ և տարբերություններ գոյություն ունեն էմպաթիայի, կարեկցանքի և բարյացակամություն միջև: Սրանք երեքն էլ հաղորդակցության գործակիցներ են, սակայն բոլորն էլ տարբեր կատեգորիաներ են: Երբ կարեկցում ենք, խղճում ենք: Երբ բարյացակամ ենք` մաղթում ենք հաջողություն: Սակայն և՛ կարեկցանքը, և՛բարյացակամությունը ձե՛ր զգացմունքներն են: Դուք չգիտեք, թե ձեր խղճահարության կամ բարյացակամության օբյեկտը ինչ է զգում, ինչ է կատարվում նրա հոգում: Մինչդեռ էմպաթիայի դեպքում դուք ոչ թե կարեկցում եք կամ էլ համակրում, այլ կարծես մտնում եք նրա հոգու և զգացմունքների մեջ, նրա «մաշկի տակ», ձեզ դնում եք նրա տեղը:

Նախագահական ընտրություններից առաջ հրատարակած իր «Հույսի հանդգնություն» («The Audacity of hope») գրքում Բարաք Օբաման գրում է. «Դա (նկատի ունի փոխգործակցությունը, Ա.Ն.) կազմում է իմ բարոյական կոդեքսի անկյունաքարը , ոսկյա օրենքը: Ոչ թե խղճահարություն և կարեկցանք, այլ մեկ ավելի խորը բան: Ուրիշի դրության մեջ մտնելու, նրա տեսակետը հասկանալու ունակություն»: Այս սկզբունքը Օբաման տարածում է կյանքի բոլոր ոլորտների վրա: Նա փորձում է հասկանալ անգամ իր քաղաքական հակառակորդների տեսակետը: Համաձայն չլինելով Բուշի արտաքին քաղաքականության և դիվանագիտության հետ, նա ասում է: «Ես ինքս անպայման պետք է փորձեմ աշխարհին նայել Ջորջ Բուշի աչքերով»:

Էմպաթիայի երևույթն այժմ ակտիվորեն ուսումնասիրվում է բանակցային գործընթացի մասնագետների, մասնավորապես, դիվանագետների կողմից: Պրոֆեսիոնալ դիվանագետները, որոնց ճնշող մեծամասնությունն անթերի կրթված և բարձր զարգացում ունեցող մարդիկ են, քաջ գիտակցւոմ են էմպաթիայի դերն իրենց աշխատանքում և ձգտում են օգտվել դրա մեխանիզմներից:

Սակայն այդ մեխանիզմն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ հաջողվում է շրջանցել քաղաքական-գաղափարախոսական մտածելակերպի կարծրատիպերը, որը բարդ, երբեմն, անհեռանկարային գործ է:

Հավանաբար դա նկատի ունենալով է, որ անգլիացի անվանի դիվանագետ և տեսաբան Հարոլդ Նիկոլսոնը, իր «Դիվանագիտություն» հայտնի գրքում, որով դաստիարակվել են դիվանագետների սերունդներ, էմպաթիայի փոխարեն օգտագործում է «adoptaion», «հարմարվել», «ադապտացիա» բառերը:

Ես իմ մեջ համարձակություն եմ գտնում չհամաձայնել Նիկոլսոնի հետ: Իսկ եթե ես լինեի Էդուրարդ Նալբանդյանի կամ Սերգեյ Լավրովի տեղը և իմ դեսպաններից որևէ մեկը արտասահմանում աշխատեր ոչ թե էմպաթիայի այլ ադապտացիայի սկզբունքներով, ես նրան անմիջապես հետ կկանչեի:

Ինչու՞: Բացատրեմ: Դուք հասկացաք էմպաթիայի ինչ լինելը: Այն միայն օգուտ կարող է բերել կիրառողին: Իսկ մի
՞թե ադապացիան ի վիճակի է խաղալ նույն դերը: Երբե՛ք:

Իսկ ի՞նչ է կատարվում ադապտացվող դիվանագետի հետ: Եթե դիվանագետն հարմարվում է տեղի պայմաններին ո՛չ այնպես, և՛ ոչ այնքան, որքան հարկն է, ուրեմն նա խախտում է իր լոյալության սահմանները: Հետո՝ կորցնելով իրականությունն օբյեկտիվ գնահատելու կարողությունը, նա սկսում է վարդագույն ակնոցներով նայել դեսպանընկալ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը: Արդյունքում դիվանագետը տեղական հետաքրքրություններն աստիճանաբար վեր է դասում սեփական երկրի շահերից: Հատուկ ծառայությունները՝ լավ իմանալով այդ ամենը, ուշիուշով հետևում են դիվանագետներին և փորձում նրանց ներքաշել իրենց ցանցը:

Ադապտացիայի բարձրագույն աստիճանը կոնֆորմիզմն է: Երբ դիվանագետն անհույս կերպով կորցնում է իր քաղաքական «ԵՍ»-ը:

Իսկ էմպաթիա կամ էմպաթիա-հարմարվողականություն հավասարակշռության խախտումը կարող է ունենալ անցանկալի հետևանքներ: Այնպես որ էմպաթիայից ճիշտ կարող են օգտվել միայն փորձառու և խելացի մարդիկ:

Էմպաթիայի կամ հարմարվողականության հակավարկածը` անտիթեզը «կանխակալ կարծիքն է», «preconceived opinion», «предвзятое мнение»: Ինչպես նորահարսի համար ամուսնու տանն ամեն ինչ վատ է, այնպես էլ կան դեսպաններ, որոնց համար դեսպանընկալ երկրում եղանակից սկսած մինչև քաղաքական համակարգը՝ անտանելի է:

Կանխակալ սինդրոմով և էմպաթիայի բացակայությամբ սովորաբար տառապում են քաղաքական և գաղափարախոսական տարբեր բևեռներում գտնվող հասարակարգերի ներկայացուցիչները: Օրինակ՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի քաղաքական գործիչներն ու դիվանագետները: Ի՞նչ էմպաթիայի մասին կարող էր խոսք լինել Խրուշչովի և Քենեդիի և նրանց թիմակիցների միջև սառը պատերազմի տարիներին:

Սակայն էմպաթիան հաճախ բացակայում է դասակարգային համախոհների միջև ևս: Այս առումով հատկանշանական են ֆրանսիացիների և անգլիացիների հարաբերությունները: Ֆրանսիայի նախագահ Ժիսկար դ’Էստենը, օրինակ, Անգլիայի պրեմիեր-մինիստր Մարգարիտ Թեթչերին արհամարանքով անվանում էր խանութպանի դուստր զուտ այն պատճառով, որ վերջինս երբեք չէր մտնում դիմացինի դրության մեջ և հաշվի չէր նստում նրա կարծիքի հետ:

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության արգելակող հանգամանքներից մեկը, իմ կարծիքով, կողմերի միջև էմպաթիայի իսպառ բացականությունն է:

Քաղաքական մշակույթի և դիվանագիտական հոգեբանության տեսանկյունից կարիք կա վերանայելու նաև հայրենիք-սփյուռք հարաբերությունները: Կապերը արտասահմանի մեր հայրենակիցների հետ ավելի օգտաշատ և արժանապատիվ կլինեին, եթե դրանց հիմքում ընկած լինեին ոչ թե խղճահարությունն ու կարեկցանքը հայաստանցիների նկատմամբ, այլ էմպաթիայի երևույթը՝ որպես մարդկային հաղորդակցության կարևորագույն և ռացիոնալ գործոններից մեկը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
4804 reads | 17.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com