ՆԱԽԱՆՁԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Սպիտակ, բարի նախանձը կարելի է գնահատել որպես հավասարեցման ձգտում, որով առաջնորդվում են այդ տիպի նախանձողները: Այս ազնիվ մղումն էությամբ իռացիոնալ է, ուտոպիստական, ինչպես Թոմաս Մորի երջանկության կղզին, և երբեք չի արդարացնում իրեն: Որպես օրինակ՝ կարելի է բերել Մաո Ցզեդունի խունվեյբինական քաղաքականությունը` անցյալ դարի կեսերին, որը ընդամենը հանգեցրեց նրան, որ միլիարդավոր չինացիներ սկսեցին հագնվել միանման: Ընդամենը: 

Նախանձողի նպատակներից մեկն էլ սոցիալական հսկողութուն հաստատելն է ուրիշի կյանքի, մարդկանց հասույթի, նյութական արժեքների և ապրելակերպի վրա: Դեժավյու, անմիջապես կասեն խորհրդային տարիներին ապրած մարդիկ` հիշելով ստալինյան ԳՈՒԼԱԳ-ները, որտեղ զոհվեցին միլիոնավոր մարդիկ, որոնց մատնել ու զրպարտել էին նրանց նախանձող գործընկերները, անգամ բարեկամներն ու հարազատները: 

Չնայած մեկնաբանությունների որոշ տարբերության` գիտնականների գերակշիռ կարծիքով նախանձը հիվանդություն է, իսկ նախանձողը` հիվանդ վարակիչ ախտով, որից պետք է պաշտպանել անհատներին ու հասարակությունը: Եթե նախանձողը մահացու հիվանդ է, ուրեմն նրան պետք է մեկուսացնել հասարակությունից և թաքցնել այն, ինչը շարժում է նրա նախանձը, այսինքն` բարեկեցության աղբյուրն ու մակարդակը: Ըստ սոցիոլոգիական տվյալների` այդպիսին է Գերմանիայի պետական ծառայողների 63 % -ը: 

Եթե նման կերպ են մտածում գերմանացի ինքնաբավ բյուրգերները, կարելի է պատկերացնել, թե ինչ է տիրում պրիմիտիվ հասարակություններում, որտեղ նախանձը սերտորեն կապված է այսպես կոչված ‹‹չար աչքի›› և ‹‹թուղթ ու գրի›› հետ: Ի դեպ, դրանց փոխկապակցվածության մասին, որքան էլ տարօրինակ հնչի, առաջինը խոսել է Զիգմունդ Ֆրոյդը: 

Հիմա տեսնենք, թե ինչ կապ կա, և արդյոք կա՞ մարդկային նախանձի, միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտության միջև: Ոչ միայն կա, այլև հին ու նոր պատմությունների ընթացքում տեղի են ունեցել հարյուրավոր պատերազմներ, հեղափոխություններ, ժողովրդական շարժումներ և տեղաշարժեր, որոնց հիմքում մի շարք կարևոր գործոնների կողքին ուրվագծվում է անհատի պարզ, սև նախանձը: 

Ֆրանսիական հեղափոխությունների, 1917 թվականի ռուսական և 1933 թվականի ֆաշիստական հեղաշրջումների մեջ որոշակի դեր են խաղացել նախանձից բխող ագրեսիան, մարդատյացությունն ու վանդալիզմը: Ձմեռային պալատ գրոհողները ոչ թե մտածում էին խլել բուրժուազիայի նյութական արժեքները, այլ ավելի շատ տարված էին փչացնելու, ոչնչացնելու մոլուցքով. նրանք առաջին հերթին սկսեցին կեղտոտել ցարական սկահակների մեջ և ջարդել դրանք: 

Դժվար է հիշել որևէ նշանակալի քաղաքական-դիվանագիտական իրադարձություն, որն այս կամ այն չափով չառնչվի նախանձի հետ: Թվարկենք դրանցից մի քանիսը: 

Հայոց Մեծ եղեռն: Թուրքերը նախանձով ու չարությամբ էին լցված հայ փոքրամասնության նկատմամբ` նրանց բարձր կենսամակարդակի և առևտրա-տնտեսական ակտիվության համար, որոնք վերջին հաշվով, նպաստում էին երկրի բարօրությանը: 

«Ո՞վ է առևտուր անում Թուրքիայում, համենայն դեպս՝ ոչ թուրքերը...,- գրում է Ֆրիդրիխ Էնգելսը: Ծովային խոշոր նավահանգիստներում հիմնավորված հույները, հայերը, սլավոնները և արևմտաեվրոպացիները իրենց ձեռքում են պահում ամբողջ առևտուրը։ Հեռացրեք Եվրոպայից բոլոր թուրքերին՝ առևտուրը դրանից բնավ չի տուժի»։ 

Իսկ գերմանացի նշանավոր հասարակական գործիչ և հոգևորական Լեփսիուսը խոսում է փաստերի լեզվով: ‹‹Անվիճելի է, որ ցեղասպանության ածանցյալ նպատակներից է եղել հայ ժողովրդի անհատական և հավաքական սեփականության յուրացումը։ Միայն մեծ նավահանգիստներ ներկրվող ապրանքների արժեքը տարեկան կազմում էր 15 մլն օսմանյան ոսկի, և դրա առյուծի բաժինը պատկանում էր հայերին››: 

Անվանի գրող Խաչատուր Դադայանը, նախանձը որակելով թուրքական ազգային հավաքական հատկանիշ, նշում է. ‹‹Պաշտոնյա զինվոր ու խաշնարած թուրք մեծամասնությունը տեսնում էր հայ բարեկեցիկ փոքրամասնության մարդավայել ապրելակերպը /հիմնականում՝ քաղաքներում/ և ‹‹բնական›› ցանկություն ուներ դրան տիրելու: Եվս մեկ պատճառը հեշտությամբ հարստանալու, անաշխատ եկամուտ ‹‹վաստակելու›› հնարավորությունն էր, ինչպես նաև ցեղասպանության ‹‹գործի›› ֆինանսավորումը, զանգվածային կոտորածներ իրականացնող մարդագազանների ամենատարրական վարձատրումը»: 

‹‹Արաբական գարնան›› հետ քաղաքական ասպարեզ իջած արմատական իսլամիստների գործողությունների հիմնական պատճառը դարձյալ նախանձն է, որը նրանք փորձում են քողարկել կրոնական գաղափարախոսությամբ: 

Հարուստ Հյուսիսի ու աղքատ Հարավի լարված հարաբերությունները, որոնք ձևավորվեցին սառը պատերազմից հետո և պայմանավորված էին նյութական բարիքների և արժեքների վերաբաշխմամբ, նույնպես նախանձի ու դրանից բխող թշնամանքի հետևանք են: 

Նախանձն առաջնային դրդապատճառ է գաղափարախոսական և ինֆորմացիոն աշխատանքներում: Խորհրդային դիվանագետներն ու հետախույզները գաղափարական հակառակորդների արտաքին և ներքին քաղաքականությունը Կենտրոն ներկայացնելիս հաճախ կոպիտ սխալներ էին անում, քանի որ, չնայած իրենց բարձր պրոֆեսիոնալիզմին, ենթագիտակցաբար, տուրք էին տալիս գենետիկորեն իրենց մեջ նստած նախանձի զգացողությանը` իրենցից լավ ապրող օտար գործընկեր-դիվանագետների նկատմամբ: 

Տողերիս հեղինակը արտասահմանում երկար տարիներ ականատես է եղել այդ իրողությանը:
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
3776 reads | 17.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com