ՆԱԽԱՆՁԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 

 
 
 
 
 
‹‹Հոգեբանություն›› (1990) բառարանում նախանձը բնորոշվում է որպես նպատակային դրդապատճառ, երբ որևէ մեկի իրական կամ երևակայական առավելությունը և ձեռքբերումները (սոցիալական բարիքներ, նյութական արժեքներ, հաջողություն, կարգավիճակ, անձնական հատկանիշներ) սուբյեկտը ընկալում է որպես սպառնալիք սեփական ‹‹ԵՍ››-արժեքներին, և այն ուղեկցվում է աֆեկտային ապրումներով ու գործողություններով: 

Գերմանացի հոգեբան Հելմուտ Շյոքը երկար տարիներ է նվիրել այդ ֆենոմենի ուսումնասիրմանը և եկել այն եզրահանգման, որ նախանձը հիմնականում ագրեսիվ երևույթ է, երբ նախանձողը ցանկանում է վերաբաշխել որևէ արժեք կամ բարիք (նյութական կամ ոչ նյութական), որը, նրա կարծիքով, անարդար կերպով պատկանում է ուրիշի, և կուզենար, որ իրենը լիներ: Ընդ որում, այդ ագրեսիվ մտորումները մեծ մասամբ չեն վերածվում ռեալ վարքագծի, այլ մնում են չձևավորված (ամորֆ)` ներփակված անձի ներսում, և ավելի շատ տանջում ու վնասում են նրան, քան նախանձի օբյեկտին: Իզուր չի ասել Վոլտերը, որ նախանձը թույն է սրտի համար, իսկ Բալզակն այն անվանել է ատելության ամենագործուն տարրերից մեկը: Եզնիկ Կողբացին էլ չարիքների պատճառը փնտրում է մարդու նկատմամբ նախանձի մեջ: 

Սակայն նախանձի սոցիալ-հոգեբանական կոնցեպտն ընդգրկում է զգացմունքների ու վարքագծի շատ ավելի լայն և խոր շերտեր` քան ատելությունն ու ագրեսիան են, և մարդը հազիվ թե երբևիցե ազատվի այդ ախտից, եթե անգամ նա սուրբ է: Նախանձի հիմքում ընկած է ժառանգականությունը: Նախանձը գործում է, երբ մեկը տաղանդավոր է, իսկ մյուսը` ոչ, մեկը գեղեցիկ է, մյուսը` տգեղ, մեկն աշխատասեր է, մյուսը` ծույլ, և ոչ մի կերպ չի կարող հաղթահարել այդ արատը: 

Այդ խորհրդային հասարակությունում էր, որ նրա անդամները համարվում էին իդեալական և զերծ` բացասական հատկանիշներից, այդ թվում նախանձի զգացողությունից, ճիշտ այնպես, ինչպես որ այդ հասարակությունում սեքս չկար: 

Նախանձն ամենագնա է և արգելք չի ճանաչում: Գիտնականներն ապացուցել են, որ ամուսինների 58%-ը նախանձում են իրենց կանանց պրոֆեսիոնալ հաջողություններին: 

Մենք նշեցինք, որ մարդիկ նախանձում են իրենցից ավելի լավ ապրողներին և կցանկանային լինել նրանց տեղը: Գոյություն ունի նաև հակառակ երևույթը: Նախանձողը ոչ թե երազում է հավասարվել նրան, այլ ամեն ինչ կտար, որ հարուստ հարևանը կամ բարեկամը իջներ իր անապահով մակարդակին: Այս դեպքում` հավասարությունն աղքատության մեջ, ինչպես ասում են, բալասան է: 

Նախանձը` զուգակցված ցածր կուլտուրայի, հիմարության ու բամբասանքի հետ հատկապես տարածված է գավառներում և ավելի շատ` փոքր խմբերում: Այստեղ պահանջվում է հանդես գալ միասնաբար` ընդհանուր ճակատով, իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվում խաղի կանոններին, այսինքն նախանձողի կողմից չեն, ենթարկվում են օբստրուկցիայի, նույնիսկ վտարվում են հասարակությունից` ‹‹Ով մեզ հետ չէ, մեր դեմ է›› չգրված օրենքի համաձայն: 

Նշենք, որ որոշ գիտնականների կարծիքով, նախանձը լինում է ոչ միայն սև, այլև սպիտակ, և որ այդ արգահատելի հատկանիշը կարող է նաև օգտակար լինել: Այսպես` իմ դժգոհությունը, թե ուրիշն ունի իմ ցանկացած իրը, դեռ նախանձ չէ, կամ կարող է դիտվել որպես սպիտակ նախանձ և պատճառ դառնալ նույն իրը ձեռք բերելու համար: Սակայն եթե իմ ջանքերն անցնում են ապարդյուն, հուսահատությունը կարող է փոխակերպվել թշնամանքի ու դառնալ սև նախանձ: 

Այդուհանդերձ, սպիտակ նախանձը կարող է խթանել մարդու ստեղծագործական ակտիվությունը: Այս վարկածի կողմնակիցներն ապացուցում են, որ եթե չլիներ նախանձը, մարդիկ չէին հասնի նվաճումների և չէին անի հայտնագործություններ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
4579 reads | 08.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com