ՆԱԽԱՆՁԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ. ԻՍԿԱԿԱՆ ԴԵՄՔԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 





Սիրելի ընթերցող,

Հետադարձ հայացք նետելով ‹‹DIPLOMAT. AM››-ի անցած մեկ տարվա ուղուն` գոհունակությամբ կարող եմ նշել, որ մեր թիմը հիմնականում կատարել է իր խոստումը` անդրադարձել է այն թեմաներին, որոնք ի սկզբանե գրանցված են եղել մեր ‹‹պարտավորությունների›› ցանկում:

Մեր ջանքերն իզուր չեն անցել. կայքի բոլոր էջերը` սկսած դիվանագիտական - քաղաքական հոդվածներից վերջացրած գրական և երաժշտական, լսա-տեսանյութերով, ջերմ ընդունելության են արժանացել մեր այցելուների կողմից, որոնց թիվն այսօր մոտենում է 10 հազարի. մասնագետների կարծիքով` դա լավ ցուցանիշ է նշված ժամկետի համար:

Առաջնորդվելով սկսած հաջող ձեռնարկը շարունակելու ցանկությամբը, մենք բացում ենք նոր էջ` ‹‹ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ››, որը, իմ կարծիքով, կհետաքրքրի մեր մշտական լսարանին` երկու պատճառով` ա/թեման ուսումնասիրված չէ կամ գրեթե ուսումնասիրված չէ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում,
բ/ այն կներկայացվի գիտահանրամատչելի մեկնաբանությամբ, պարզ շարադրանքով և կօգնի քաղաքագետներին, վերլուծաբաններին ու դիվանագետներին, ինչպես նաև կնպաստի մարդկային հաղորդակցության կատարելագործմանը:
Առաջին թեման, որով մենք կսկսենք նոր հոդվածաշարը, նախանձի երևույթն է, նրա նշանակությունն անձի և հասարակության կյանքում: ‹‹ՆԱԽԱՆՁԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ››. այս հարցին մենք կանդրադառնանք հատուկ:

Նախանձի իսկական դեմքը

Երեխային ընտանիքում և դպրոցում ներշնչում են հատուկ անհանդուրժողական վերաբերմունք մարդու ամենաարատավոր հատկանիշներից մեկի` նախանձի նկատմամբ: Որպես այդ բառի հոմանիշ` բանավոր ու գրավոր խոսքի մեջ օգտագործում են տհաճ, զզվելի, ագրեսիվ, արգահատելի և նման այլ բացասական մակդիրներ ու ածականներ:

Նախանձը մարդկության տարեկիցն է: Այն ուղեկցում է գիտակից մարդուն` Homo sapiens-ին (պրիմատների խմբի հոմինիդների ընտանիքից ներկայում ապրող միակ` մարդկային ցեղը), անհիշելի ժամանակներից: Նախանձի մասին հիշատակումների մենք հանդիպում ենք քաղաքակրթության առաջին իսկ վկայություններում` նույնքան այլանդակ, նույնքան զարհուրելի կերպարանքով, որքան հետագա հիշատակություններում:


Հին հունական առասպելաբանության մեջ, օրինակ, նախանձը ներկայանում է ծերունու տեսքով, քնձռոտ, կեղտոտ, ցնցոտիներով, դեմքը` ծամածռված, ժանիք-ատամները`փտած և բորբոսնած, երկսայր դուրս ընկած լեզու, որից թույն է կաթում: Գլխին փշե պսակ է, մի ձեռքին` փշապատ ձեռնափայտ, մյուսին` մի խուրձ օձ, որոնք լիզում են նախանձի սիրտը: Նախանձն ապրում է գարշահոտ, կեղտոտ ու մութ քարանձավում, որի պատերը սևացած են լերդացած արյունից, իսկ գետնից բարձրանում են սև, զզվելի հոտ արձակող մշուշի քուլաներ: Նախանձի միակ կերակուրն օձի միսն է (իսկ Հայաստանի մեծահարուստների դելիկատեսներից մեկը կոկորդիլոսի միսն է):

Նախանձի արտաքինի այսքան մանրամասն նկարագրությունից հետո անցնենք նրա բարոյահոգեբանական հատկանիշներին և աշխատանքային գործունեությանը: Նախանձը ժպտում է բացառապես այն դեպքում, երբ իմանում է որևէ մեկի դժբախտության մասին: Ամենևին չի քնում` վախենալով բաց թողնել որևէ մեկի հաջողության մասին լուրը, իսկ երբ իմանում է այդ մասին, վատանում է և սրտի նոպաներ ունենում: Ուրիշների երջանկությունը նախանձի համար հավասար է մահվան: Նա քարանձավից դուրս է գալիս մարդկանց վատություն անելու և շուրջը չարիք սփռելու համար: Նախանձի անցած տեղերում ծաղիկները թոշնում են, խոտերը` դեղնում, իսկ շնչառությունը շրջապատում տարածում է դիակի գարշահոտություն:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
2028 reads | 16.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com