II. ՍՏԻԳՄԱՏՆԵՐԸ` ԽԱՐԻԶՄԱՏԻԿՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԻՉ ՆՇԱՆ: ԿԼՈՊԱՏՐԱՅԻ ‹‹ՍԵՔՍՈՒԱԼ ՀԻՊՆՈՍԸ››
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 






Հատկանշանական է, որ խարիզմատիկ անձնավորությունները սովորական մարդկանցից կարող են տարբերվել հատուկ նշաններով, որոնք կոչվում են ստիգմատներ: Ստիգմատները կարող են հանդես գալ անգամ հիվանդությունների կամ ֆիզիկական արատների ձևով: Դրա դասական օրինակը գաճաճ Նապոլեոնն է, միաչքանի Մոշե Դայանը կամ կաղ լորդ Բայրոնը: Անգլիական հեղափոխության առաջնորդ Օլիվիեր Կրոմվելը չի թաքցրել իր դեմքի անբուժելի խոցերը: Մարգարե Մոհամեդը, Պետրոս Մեծը, Ալեքսանդր Մակեդոնացին և Հուլիոս Կեսարը տառապել են ընկնավորությամբ (էպիլեպսիա), ինչն ամենևին չի պակասեցրել նրանց խարիզմը, այլ ավելի է ուժեղացրել այն:

Խարիզմը երբեմն թվում է առեղծվածային ոչ միայն ֆիզիկա-հոգեբանական և սոցիալ-քաղաքական տեսակետից, այլև պատմական առումով: Այսպես, դարեր շարունակ եգիպտական վերջին թագուհու` Կլեոպատրայի ( Ք.ա 69-30 ) անունը մեր ուղեղներում ասոցիացվել է կանացի գեղեցկության իդեալի
հետ: Հոլիվուդյան ֆիլմերում Կլեոպատրայի դերը կատարել են Վիվիեն Լին, Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը:

Սակայն վերջերս այդ չքնաղ կերպարը կարծես ուզում է խամրել: Լոնդոնի ‹‹British Museum››-ում բացվեց ցուցահանդես ‹‹Եգիպտացի Կլեոպատրան` պատմությունից մինչև առասպել››: Այցելուներին ներկայացված էին հնագույն դրամ Կլեոպատրիայի կիսադեմով, 11 արձան, որոնք մինչ այդ համարվում էին եգիպտական պատրիցիաների և ազնվականների արձանները, մի շարք այլ ցուցանմուշներ:

Եվ ի՞նչ: Ցուցահանդեսը խոսում է այն մասին, որ Կլեոպատրան իբր եղել է կարճահասակ` մեկուկես մետր, գեր, շատ երկար քթով, վզին` ճարպաշերտեր: Մի՞թե հնարավոր բան է: Չէ՞ որ նա եղել է անտիկ աշխարհի հզորագույն Հուլիոս Կեսարի ըղձանքի առարկան, ժամանակի ամենաառաջնակարգ հետերան, որի կերպարին անդրադարձել են Պուշկինը, Բեռնարդ Շոուն և շատ ուրիշ գրողներ ու արվեստագետներ:

Իսկ Շեքսպիրը գտնում է, որ Կլեոպատրան իր գեղեցկությամբ ‹‹գերազանցել է բնությանը››: ‹‹Անտոնիոս և Կլեոպատրա›› ողբերգությունում նա հետևյալ կերպ է բնութագրում եգիպտուհուն:

Ուրիշ կանայք միշտ հագուրդ են տալիս ախորժակներին,
Իսկ սա շարունակ
Քաղց է բորբոքում: Վատը նրա մոտ
Միշտ նոր թովչանքն է: Քուրմերը անգամ
Նրան օրհնում են, երբ նա պագշոտ է:
(Շեքսպիր ‹‹Անտոնիոս և Կլեոպատրա››, թարգ. Խ. Դաշտենցի):


Վերջապես, ո՞վ է եղել Կլոպատրան՟ Ժամանակակից փորձագետների կարծիքը նրա մասին, ինչպես ասվեց, կիսվում է: Մի մասը գտնում է, որ նա եղել է տգեղ, շատ տգեղ: Մյուս մասը պնդում է նրա արտակարգ կանացիության, գեղեցկության և կրքոտության մասին: Նշվում է, որ Կլեոպատրան տիրապետել է այնպիսի հատկության, որը նյարդաբան, հոգեբույժ և հոգեբան Վլադիմիր Բեխտերևն անվանել է ‹‹սեռական հիպնոս››: Նրա խարիզմն այնքան ուժեղ էր, այնքան անդիմադրելի, որ Մարկոս Անտոնիոսը, կորցնելով գլուխը, լքեց զորքերը և կործանեց կարիերան: Այդ շվայտաբարո, զեխ կյանքի սովոր սոլդաֆոնը` բռի զինվորը, կյանքում առաջին անգամ սիրահարվեց պատանու պես և ընկավ Կլեոպատրիայի խարիզմի ոստայնը` մոռանալով հայրենիքն ու Հռոմը, որոնց համար կյանքը չէր խնայել:


Թող Հռոմը Տիբեթ գետի ալիքներում հալչի, և թող կործանվի
Հսկա կամարներն այդ անեզր կայսրության. իմ բաժինն այս է:
Կա~վ է ամենայն թագավորություն. մեր գարշ աշխարհում
Արժանի կեր է անասունների և մարդկանց համար:
Կյանքի վեհությունը
Միայն սրա մեջ է (գրկում է նրան), զույգի երջանիկ
Այս հյուսվածքի մեջ, այս սիրո երթի…
(Շեքսպիր ‹‹Անտոնիոս և Կլեոպատրա››, թարգ. Խ. Դաշտենցի):


Սակայն, ինչ էլ որ ասվի կամ գրվի, Կլեոպատրան եղել է արտակարգ խելքի, ընդունակությունների և զարմանալի խարիզմի տեր կին: Լինելով տաղանդավոր դիվանագետ` նա ամեն ինչ ի սպաս է դրել Եգիպտոսի անկախության ապահովման և պետականության ամրապնդման համար, իսկ երբ հնչել է ժամը, հեռացել է կյանքից արիաբար և գեղեցիկ: Հենց դրանում էլ, ըստ իս, պետք է գնահատել Կլեոպատրայի խարիզմը և՛ որպես կնոջ, և՛ որպես քաղաքական գործչի:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
2519 reads | 06.07.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com