​ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳԻՏԱԿՑԱԿԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԵՏԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ


Արժեքներն որպես մտավոր-իմացական, էսթետիկական և պրակտիկ-բարոյական ոլորտներում մարդկային մտքի դրսևորման տարբեր ձևերի ու հնարավորությունների արտահայտություն, արդարև արժանացել է պատշաճ ուշադրության և խորազննին ուսումնասիրության հասարակական տարբեր գիտությունների, մասնավորապես՝ աքսիոլոգիայի կողմից:

Հասարակագիտական և փիլիսոփայական գրականության մեջ մենք հանդիպում ենք արժեքների ծագման և  իմաստի բազմաթիվ մեկնաբանություններ, ինտերպրետացիայի տարբեր եղանակներ, որոնց առանցքում դրված է խորապես փաստարկված և տեսականորեն հիմնավորված այն միտքն ու գաղափարը, համաձայն որի արժեքները մարդկային կենսագործունեության, շահերի, պահանջմունքների և հետաքրքրությունների տիրույթում ներառված շրջակա միջավայրի այն առարկաները, բնական օբյեկտներն ու  երևույթներն են, որոնք մարդու համար, վերջինիս որոշակի աշխարհայեցողության տեսանկյունից ունեն անձնական ու հասարակական իմաստ, մարդկային, սոցիալական ու կուլտուրական նշանակություն, առանձնահատուկ որակական հատկանիշներ:
Արժեքների՝ մարդու համար էական իրերի ու երևույթների նշանակելիության և կարևորության բացահայտումը իրականացվում է գնահատում-արժևորում տարբեր չափորոշիչների կիրառման ճանապարհով՝ որն ըստ էության ոչ այլ ինչ է, եթե ոչ թվային փոփոխականներով արտահայտվող արժեքային-աքսիոլոգիական հարաբերություն մեզ շրջապատող աշխարհի առարկայական բազմազանության նկատմամբ:

Այդ  հարաբերությունների իրական, ճշմարիտ բնույթն առավել պարզորոշ և լիարժեք ձևով արտահայտվում է մեկ կողմից հասարակական կենսաձևի, հասարակության մեջ տիրապետող  մշակութա-քաղաքակրթական մոդելի կամ համակարգի, մյուս կողմից անձնային արժեհամակարգի փոխհարաբերակցության մեջ` փոխհարաբերակցություն, որի ամենից էական և հատկանշական կողմն ու երեսը պիտի համարել մշակութաքաղաքակրթական մոդելին օրինաչափորեն վերագրվող արժեքավարքանշային <<առաքելությունն>> ու առանցքային դերակատարությունն աձնավորության արժեքային կողմնորոշման համակարգի ձևավորման, վարքագծային ուղենիշների և գործողութենական ծրագրերիՙ, նպատակների ընտրության գործում: Ասել է թե՝ աշխարհի հանդեպ արժեքային հարաբերությունը նախ և առաջ անցնում է մշակույթի և քաղաքակրթության պրիզմայով և վերջինիս զարգացման կոնկրետ մակարդակով պայմանավորված հանգեցնում մարդկային, հասարակական սուբյեկտի արժեքային կողմնորշման կայացմանը, կամ էլ արժեքային զարգացման դրական կամ բացասական վեկտորների հայտնությանը:

Անձի արժեքային կողմնորոշման համակարգի դերն ու նշանակությունը հասարակական ընդհանուր խորապատկերի վրա կարևորվում է այնքանով, որքանով այն հանդիսանում է ճշգրիտ մի ցուցիչ կամ ինդիկատոր, որով հնարավոր է որոշել կամ չափել տվյալ հասարակության ինքնակազմակերպվածության, կենսունակության, կայունության և առաջադիմության ընդհանուր մակարդակը: Այս առումով, օրինակ՝ առանձանակի լավատեսություն չի ներշնչում  միջին վիճակագրական հայաստանցու կենսադիրքորոշման արժեքային բնույթը, քանզի վերջինիս գիտակցության ինտենցիոնալ կառուցվածքում արժեքային կողմնորոշման խնդիրը  լուրջ և համակողմանի քննության առնելու պարագայում, մեզ համար ակնհայտ են դառնում որոշակի բացասական տեղաշարժեր ու փոփոխություններ,որոնք կատարվել նրա գիտակցության խորքային շերտերում:

Այսօր ցավոք ունենք վերջին տասնամյակներին հասարակության ընդերքում տեղի ունեցած արմատական, խորը փոփոխություններով և նախկին արժեքների ու վարքի ձևերի վերարժևորումով ստեղծված մի աննախանձելի՝ նորմատիվային անորոշության և արժեքային խառնաշփոթության վիճակ, երբ մարդկանցից շատերը չգիտեն ինչ անել, ինչպես դրսևորել իրենց նման պայմաններում, ինչպիսի արժեքներ որդեգրել մարդկային փոխհարաբերություններում կողմնորոշվելու և իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար:

Շատ շատերն էլ նորմատիվ անորոշության իրադրությունում կորցնում են վարքային ինքնակարգավորման, բանական ինքնավերահսկողության, գիտակցական ինքնասահմանափակման հոգևոր պաշարամիջոցները և անձնատուր լինում կեղծ սպառողական արժեքների կամ էլ քրեական սուբմշակույթի տիրակալությանը: Այս կեղծ արժեքների առկայության անվիճարկելի փաստն արդեն իսկ խոսում է հայ հասարակության որոշակի շերտերում գոյություն ունեցող հոգեբարոյական խորը ճգնաժամի, նույն այդ շերտերի հասարակական պատկերն ու դիմագիծը աղճատած թե բարոյական ու հոգևոր հսկայական ավերածությունների և թե հոգեախտաբանական որոշակի նշանների, այն է՝ իրականության ընկալումի և ճանաչողության պրոցեսի մասնակի խանգարման՝ ագնոզիայի, կամքի պաթոլոգիական վիճակի՝ ապրաքսիայի և այլ հիվանդագին վիճակների մասին:

Ապրաքսիայի ակներև դրսևորումներից է հանդիսանում, օրինակ՝ կաշառակերություն կոչվող արատավոր երևույթի շուրջ Հայաստանում ձևավորված հասարակական անբավարար անհանդուրժողականության մթնոլորտը` մթնոլորտ, որը հանգեցրել է նրան, որ վերոնշյալ երևույթն որպես մի քայքայիչ ախտ ու ծանր հիվանդություն արագ ծավալվող մետաստազներով ճարակել է եթե ոչ հասարակական ողջ օրգանիզմը, ապա նրա մի մասն, այդպիսով իսկ առավել առարկայական և շոշափելի դարձնելով հայ հասարակության որոշակի հատվածների՝ ռելիկտային մասսայի վերածվելու հեռանկարները:

Հասարակական անտարբերությամբ և անբավարար անհանդուրժողականությամբ է պայմանավորված նաև այն շատ բնութագրական փաստը, որ ակնհայտ գողի, ավազակի կամ կաշառակերի խարանը կրող անձը գիտակցաբար կատարելով հակաիրավական գործողություններ, բացահայտվելով և, ի վերջո, կանգնելով դատարանի առաջ, իր գործողություններն արդարացնելու և հնարավոր հատուցումից ու արդարադատությունից խույս տալու համար, առանց դույզն ինչ ամոթի նշույլի շատ հաճախ  ի գործ է դնում կոգնիտիվ հատուկ մոտեցումներ կամ տեխնիկա, ինչպիսիք են, օրինակ՝ պատասխանատվության դիֆուզիան կամ վերահասցեավորումը, դեհումանիզացիան, էվֆեմիստական աճպարարությունը, սեփական մեղքի վերագրումը ուրիշներին կամ հանգամանքներին, գործողութենական հետևանքների յուրովի ընկալումն ու մատուցումը, կոնկրետ օրենքի սուբյեկտիվ մեկնաբանությունը և այլն:

Մինչդեռ պատասխանատվության բարոյագիտությամբ կառուցված հասարակական կայուն արժեհամակարգի տիրապետման պայմաններում քրեական մոտիվացիաներով առաջնորդվող, քրեական հակումներ ունեցող անձը ստիպված կլիներ էականորեն նվազեցնել հակաօրինական գործողություններ կատարելու ռիսկը՝ հաշվի առնելով թե քրեական պատասխանատվության, թե ամենակարևորը՝  հասարակության կողմից բարոյական օստրակիզմի ենթարկվելու խիստ որոշակի հեռանկարը:

Հայ հասարակությունը պատած արժեքային և հոգևոր-բարոյական ճգնաժամը իռացիոնալ, շեղվող վարքագծի այնքան թարմ օրինակներ է մատուցում, որ դրանց հանդեպ ցանկացած ողջախոհ և գիտակից հայ մարդ չի կարող խուլ ու անտարբեր գտնվել, ցանկացած ազնիվ, Մեծ սրտի և Մեծ մտքի տեր հայ մտավորական չի կարող անհաղորդ ու անհոգ լինել: Ահա ինչու ստեղծված ոչ բարվոք հոգեբարոյական վիճակը և ներհայաստանյան հասարակության առողջացման դժվարին խնդիրը պիտի խորապես մտահոգի հայրենահոգ յուրաքանչյուր գիտակից և ազնիվ հայ մտավորականի և մղի նրան նախ և առաջ գտնելու  հետևյալ հարցի սպառիչ և համոզիչ պատասխանը, այն է ՝ հնարավոր է արդյոք իրականացնել արժեքային և վարքային հեղափոխություն ներհայաստանյան հասարակության նորմայազրկված, արժեքաբանական տեսանկյունից անկայուն, խոցելի խմբերում և ստրատներում, հնարավոր է արդյոք վերափոխել այդ ստրատները ներկայացնող՝ մտավոր-իմացական, էթիկական և էթիկետային ցածր արժեքային համալիր, սահմանափակ բարոյական գիտակցություն և անկատար բարոյական մշակույթ ունեցող մարդկանց ինտենցիոնալ գիտակցության կառուցվածքն իր համաչափության և պարզունակության մեջ և կողմնորոշել այն բացարձակ և ճշմարիտ արժեքների ուղղությամբ:

Այս արժեքների լիարժեք յուրացումն վստահաբար ինքնարարման, ինքնամաքրագործման և ինքնակատարելագործման լայն դաշտ կապահովեր հետարդիական հայ հասարակության անկատար պատկերն ու դիմագիծը կրող հայ մարդու համար և վերջին հաշվով կդառնար վերջինիս թե լիարժեք վերափոխման, թե մտավոր և բարոյական զարգացման բարձրագույն՝ պոստկոնվենցիոնալ մակարդակի կայացման և ձևավորման կարևորագույն նախադրյալներից մեկը: Վերոնշյալ հույժ ճակատագրական և կարևորագույն հարցին դրական և հուսադրող պատասխան գտնելու ճանապարհին, ըստ իս հարկ կլինի առավել սերտորեն առնչվել և հանդիպել մարդկային գիտակցականի ոգուն և էությանը՝ նորովի բացահայտելու համար գիտակցության կերպերի ձևավորման, զարգացման և դրսևորման ֆենոմենոլոգիական ուղիները, նորովի ըմբռնելու ու բովանդակորեն մեկնաբանելու համար մարդկային գիտակցականում որպես կանոն արձանագրվող ֆլուկտուացիոն տեղաշարժերի, ներկառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների, առաջ եկող անկայունության և, ի վերջո, սրանց հաջորդող ինքնակարգավորման և դինամիկ հավասարակշռության վերականգնման մեխանիզմի ողջ նրբությունը, առանձնահատկություններն, բարդությունները:

Մարդկային գիտակցականի կոննոտացիոն արժևորումն, իր հերթին կարող է նաև հնարավորությունների ու նպաստավոր պայմանների լայն դաշտ բանալ անհատական վարքային ինժեներիայի, անհատական վարքային կառավարման ու կարգավորման միանգամայն նոր, ոչ գծային ու անհամաչափ միջոցների ներգրավման ու գործարկման համար, որոնց շրջանակներում, ինչ խոսք, իրենց կարևորագույն դերակատարությունը կարող են ունենալ թե Ա. Բանդուրայի՝ անհատական վարքի ներքին ու արտաքին ամրապնդման ինտերակտիվ պատճառական մոդելը, թե սկիններյան օպերանտային ուսուցման տեսությունը: Մարդու գիտակցականի արժևորման խնդրիրն, ըստ էության կայանում է այնտեղ, որտեղ ի հայտ է բերվում գիտակցականն իր այն բովանդակության մեջ, որին վերագրվող կառուցվածքային և ֆունկցիոնալ շատ տարրեր, ակտեր, գործողություններ, նորացման և փոփոխության ներքին որոշակի կարողություններ հասկանալի են դառնում միայն մարդկային վարքի, շրջակա միջավայրի և նույն այդ գիտակցականի ռեցիպրոկալ կամ փոխադարձ ներգործության տիրույթում:

Ասել է թե՝ հենց այս փոխներգործության դաշտում է մարդկային գիտակցականը հանդես գալիս որպես ինքնանորոգումի և ինքնակազմակերպումի ներուժով օժտված սիներգետիկական մի համակարգ, որն ունակ է թե արտաքին միջավայրից և թե ներքին աղբյուրներից որոշակի խթաններ և ազդակներ ստանալու պարագայում ի հայտ բերելու ներկառուցվածքային թարմացման, նորացման և վերափոխումի բնական միտումներ կամ ռեֆլեքսիա և հասնելու, ի վերջո, թե համակարգային նոր բնութագրիչների ձեռքբերման և, թե  սեփական տեսակի հիմնարար փոփոխության: Մարդկային գիտակցականի վերափոխման խնդրի հետ կապված ակամա ծնվում է հետևյալ հարցը՝ ինչպես, գործնական ինչպիսի միջոցներով, ներգործության ինչպիսի լծակներով ու մեխանիզմներով է հնարավոր գիտակցության չափման նախակոնվենցիոնալ և կոնվենցիոնալ մակարդակում արթնացնել բարեփոխումի և ինքնանորոգումի այն հզոր ոգին, որ բարիքի իդեայի յուր հզոր էմանացիայով պիտի նպաստի իռացիոնալ ուժերի դուրս մղմանը մարդկային ներաշխարհից և ապահովի  վարքային կառավարման և արժեքային կողմնորոշման գործառույթի լիարժեք փոխանցումը բանականության, գիտակցականության և խղճի ոլորտին:

Ներկայումս, ինչպես հայտնի է, նշյալ հիմնախնդրի լուծման, այն է անհատական և զանգվածային գիտակցության, ինչպես նաև մարդու վարքի վրա ներգործության ուղղությամբ զարգացած երկրների գիտափորձարարական հեղինակավոր տարբեր կենտրոններում լուրջ և ծանրակշիռ աշխատանքներ են տարվում, որոնց վերաբերյալ Միչիգանի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ջ. Մաք Քոննելը հույժ ուշագրավ դիտարկում է անում՝ նշելով. «Ես կարծում եմ, որ կգա այն ժամանակը, երեբ մենք զգայական դեպրիվացիան խելամտորեն համակցելով դեղաբուժության, հիպնոսի, ինչպես նաև պատժի ու խախուսանքի հիմնավորապես մշակված կուռ և ամբողջական համակարգի հետ, կարող ենք հասնել անհատական վարքի նկատմամբ լիարժեք վերահսկողության»:

Մարդկային հոգեգիտակցականի վրա ներգործության ցարդ եղած ամենաարդյունավետ և հուսալի միջոցների շարքում և համալիրում այսօր իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի դեռևս 1954 թվականին ամերիկացի նշանավոր բժիշկ հոգեվերլուծաբան Ջոն Լիլլիի հայտնագործած և 1970-ական թվականներին Բրիտանական Կոլումբիայի Համալսարանի գիտնականներ Ռոդերիկ Բորրիի և Փիթեր Սյուդֆելդի ջանքերով կատարելիության հասցված սենսորային դեպրիվացիաների փակախուցը կամ ֆլոաթինգ պատիճը, որն իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, եթե ոչ լիովին ձայնամեկուսացված և լուսաանթափանց մի փակ ջրամբար կամ ռեզերվուար՝ լցված մինչև 36 c ջերմաստիճան ունեցող և բարձր խտության անգլիական աղի լուծույթ պարունակող ջրով՝ մարմնի անկշռելիության վիճակ ապահովելու համար: Սենսորային դեպրիվացիաների ուղղությամբ նշյալ գիտնականների կողմից կատարված գիտափորձարարական հետազոտությունները բացահայտել են կարևոր մի իրողություն, այն է՝ ներգործության օբյեկտի երկարատև ներկայությունը սենսորային դեպրիվացիայի փակախցում բերում և հանգեցնում է նրան, որ վերոհիշյալ օբյեկտի հոգեգիտակցական համակարգը կամ դաշտը ենթարկվելով սենսորային քաղցի կամ դեֆիցիտի, սկսում է արձանագրել որոշակի տեղաշարժեր և ի հայտ բերել հուզական, էմոցիոնալ տարբեր վիճակների զարգացման հետաքրքրաշարժ միտումներ ու յուրօրինակ դինամիկա(անցում ֆիզիկական և հոգեկան լավազգացողությունից, էյֆորիայից դեպի սահմանային և գիտակցության փոփոխված վիճակներ)՝ հանգամանք, որը վկայում է վերոնշյալ համակարգի՝ վերափոխման փուլ մտնելու կամ էլ ներկառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունների ոչ գծային գործընթացի մեջ ներառվելու ակնհայտ և անժխտելի նշանների մասին: Այդ ոչ գծային գործընթացների տրամաբանությունը հուշում է այն մասին, որ հոգեգիտակցական համակարգի պարամետրերը կրիտիկական նշանակության հասնելու պարագայում, նույն համակարգը անխուսափելիորեն պիտի դուրս գա հարաբերական դինամիկ կայունության՝ հոմեոստազային վիճակից կամ հավասարակշռության կետից և մղվի դեպի բիֆուրկացիոն կամ երկճյուղության կետ՝ այստեղից հնարավոր բարերար միջամտությամբ կրկնակի փոխադարձ կարգավորման մեխանիզմների գործարկման պարագայում ինքնակազմակերպման և ինքնանորոգումի նոր մակարդակի անցնելու համար: Երկարաժամկետ սենսորային մեկուսացումը, ինչպես ցույց են տալիս Ջ. Լիլլիի և հեղինակավոր այլ գիտնականների կողմից արված էմպիրիկ բազմաթիվ դիտարկումներն ու ներկայացված հույժ արժեքավոր փաստական տվյալները, բերում է ոչ թե մարդկային հոգեգիտակցական ոլորտի ավերածության, կամ էլ մարդկային ուղեղի գործունեության խաթարման, այլ կրեատիվ կամ կոնստրուկտիվ քաոսի առաջացման՝ քաոս, որն ունակ է մարդկային գիտակցականին ինքնացնցումի, ինքնամաքրագործման և ինքնանորոգման այնպիսի հզոր իմպուլսներ հաղորդել, որ այն վերածվելով բաց համակարգիՙ ի զորու լինի նաև ձեռք բերել բարձր ընկալունակություն ներգործման սուբյեկտի կողմից մատուցվող դրական նոր արժեքների հանդեպ:

Մարդկային գիտակցականի և վարքագծի մշակման նոր ուղիների և էֆեկտիվ տարաբնույթ տեխնոլոգիաների կիրառման մասին խոսելիս, այստեղ հնարավոր չէ չհիշատակել նաև ձայնախոսքային խորը ներգործության, ներշնչումի և հիպնոտիկ վիճակների՝ որպես թե տիպային նոր վարքագծի, տիպային նոր գիտակցականի խթանման ազդեցիկ գործոնների մասին: Հիպնոսի միջոցով, ինչպես ցույց են տալիս էքսպերիմենտալ հետազոտությունները, հիրավի հնարավոր է հասնել գլխուղեղի նյարդային բջիջների՝ նեյրոնների այնպիսի տեսակների ակտիվության, որոնց շնորհիվ մարդկային բիոհամակարգչի որոշ մետածրագրեր և ծրագրեր ենթարկվելով խորը որակական փոփոխությունների, կատարելագործվելով և ձեռք բերելով համակարգային նոր կողմնորոշիչներ ու ուղեցույցներ, որպես այդպիսին կօժտվեին նաև բացառիկ նոր հնարավորություններով բացահայտելու համար մարդու գենային էնտելեխիայի կամ նախասկզբի մեջ կոդավորված արժեքաստեղծ ողջ կարողություններն ու նեգէնտրոպիկ ներուժը: Սա նշանակում է, որ ներգործման օբյեկտին հիպնոտիկ տրանսի մեջ ներքաշելով լիարժեք հնարավորություն է ստեղծվում ոչ միայն ազդել վերջինիս ֆիզիկական կարողությունների վրա, այլև կյանքի կոչելու նրա էնդոգեն, բնածին էթիկական այն հատկանիշներն ու մտավոր ունակությունները, որոնք ինչ-ինչ պատճառներով, առարկայական և ենթակայական հանգամանքների բերումով զրկված են եղել ինքնադրսևորումի անհրաժեշտ պայմաններից ու նախադրյալներից:

Մարդկային գիտակցականի և վարքագծի վերափոխման առումով այսօր որոշ երկրներում, մասնավորապես՝ Կանադայում և ԱՄՆ-ում վերոնշյալ միջոցների կողքին ոչ պակաս հաջողությամբ կիրառվում են (իհարկե որոշակի վերապահումներով և բացառություններով) նաև պսիխոդելիկ այնպիսի պրեպարատներ կամ հալյուցինոգեններ, ինչպիսիք են լիզերինգային թթվի դիէթիլամիդը՝ LSD-ն և պլացեբոն՝ հզոր դեղամիջոցներ, որոնք ունակ են ներգործման օբյեկտին մտքի  և հոգու յուրօրինակ պայծառացման, լուսավորումի այնպիսի սուր ապրումներ հաղորդել, որ վերջինս հրաժարվելով  արատավոր շատ սովորույթներից, բռնի անձնական հոգեբարոյական վերածննդի ու ինքնանորոգման  ճանապարհը: Այս առումով պատահական չէ, որ նշված պատրաստուկները լինելով գիտակցության մանիպուլյացիայի ամենագործուն միջոցներից մեկը, դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին արժանացել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հատուկ ուշադրությանը և MK-ULTRA հատուկ ծրագրի շրջանակներում լայնորեն կիրառվել ռազմավարական նշանակության տարբեր խնդիրների լուծման նպատակով: Ինչ վերաբերվում է  ներհայաստանյան հասարակությունում արժեքային հեղափոխության և վիճակագրական միջին հայաստանցու գիտակցականի բարեփոխման խնդիրներին, պիտի նշել, որ դրանց լուծումը մեծամասամբ և մեծ հաշվով կախված է նրանից, թե մարդկային գիտակցության և վարքագծի մոդիֆիկացիայի ոչ գծային եղանակներից և օպերանտային ուսուցման նորահայտ միջոցներից որոնք  կիրառություն կգտնեն հայկական իրականության մեջ և ինչպես, ինչպիսի արդյունավետությամբ ու հետևողականությամբ կգործադրվեն  հայ հասարակության կոնկրետ խմբերի ու շերտերի վերաբերությամբ:  

Այս առումով, օրինակ՝ եթե հասնենք նրան, որ հասարակության որոշ ընչաքաղց և ագահ ներկայացուցիչների նկատմամբ խստորեն կիրառվեն Ջ. Մակ Քոննելի մատնանշած հույժ ազդեցիկ ու ներգործուն միջոցները(առանց դագանակի մեկ հարվածի անգամ, սակայն պարտադիր էլեկտրաշոկով զուգակցված), ապա վստահաբար կարող ենք պնդել, որ դա կբերի նրան, որ այդ ներկայացուցիչները անտրտունջ և անմռունչ կբանան իրենց նյութական ողջ կարողությունների քսակը՝ այն ի սպաս դնելով հայրենյաց պաշտպանության զոհասեղանին: Ամեն դեպքում ապրենք և հուսանք: 
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
734 reads | 25.10.2016
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com