ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
![]() Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար ![]() Ի դեպ, Լևոն Սարգսյանը մտադրություն է ունեցել հյուպատոսություններ բացել նաև Իրանի հայաշատ այլ քաղաքներում ևս: Նա նամակով դիմում է շահական կառավարությանը Ղազվինում, Ռեշտում և Սպահանում Հայաստանի հյուպատոսական գործակալներ ունենալու առաջարկով, սակայն մերժում է ստանում: Սարգսյանը ստիպված դիմում է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչին` խնդրելով, որ Ռուսաստանի հյուպատոսարանները զբաղվեն նաև Խորհրդային Հայաստանի քաղաքացիների շահերի պաշտպանությամբ: Թեհրանում և Թավրիզում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բացումն ուներ քաղաքական մեծ նշանակություն տարածաշրջանի համար, իսկ հայ ազգաբնակչության համար հոգեբանական, քանի որ հարյուրամյակներ շարունակ պետականություն չունեցող միլիոնավոր զոհեր տված հայ ժողովուրդը վերջապես ստացել էր իր անկախ և ազատ երկրում ապրելու իրավունքը: ՀԽՍՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտոնապես իրենց պարտականություններին անցնելուց հետո ակտիվ պայքար են սկսում Հայաստանի առաջին Հանրապետության Թավրիզ տեղափոխված վտարանդի կառավարության դեմ, փորձում նրանց վարկաբեկել պարսկահայ համայնքի մոտ: Այդ իսկ պատճառով նրանք առաջին օրերին արժանանում են անբարյացկամ վերաբերմունքի թավրիզահայության կողմից: Պարսկական կառավարության վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի դիվանագետների նկատմամբ արտաքուստ լինում է սիրալիր և բարեկամական, սակայն ներքուստ արվում են միանգամայն հակառակ քայլեր, քողարկված արհամարական, երբեմն էլ թշնամական: Պարսկական գաղտնի գործակալների կողմից հաստատվում է վերահսկողություն նրանց նկատմամբ, երբեմն առգրավվում է դիվանագիտական փոստը, ամեն ինչ արվում է, որ նրանք քիչ շփվեն պարսիկների և այլազգիների հետ: Թեհրանում և Թավրիզում Խորհրդային Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գործում էին ՌԽՍՖՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցված, առանձին դեպքերում հանդես էին գալիս համատեղ հայտարարություններով ու հուշագրերով: ՀԽՍՀ արտաքին քաղաքականությունն ուղղված էր երկիրը դուրս բերել միջազգային մեկուսացումից, կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ: Պարսկաստանի հետ ձեռք բերված բարիդրացիական հարաբերությունները համարվում են այդ շրջանի լուրջ ձեռքբերումներից, որոնցում իր անփոխարինելի դերակատարությունն է ունեցել Իրանում ՀԽՍՀ դեսպանությունը` դեսպան Լևոն Սարգսյանի գլխավորությամբ: ![]() 1922թ. Անդրֆեդերացիայի և ԽՍՀՄ կազմավորումից հետո արտաքին քաղաքականություն իրականացնելու մենաշնորհը հանձնվեց Մոսկվային: Խորհրդային հանրապետությունների արտասահմանյան ներկայացուցչությունները փոխարինվեցին միասնական ներկայացուցչությունների: Հայաստանը կորցրեց իր անկախությունն ու ինքնուրույն արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերություններ իրականացնելու իրավունքը: Իրանի հետ հարաբերությունների մենաշնորհը հանձնվեց Մոսկվային, խորհրդային հանրապետությունները մնացին սոսկ որպես վիճակագիրներ, որ միայն փաստում էին կատարվածը և ի զորու չէին ազդել հարաբերությունների վրա: Հետագա տարիներին Խորհրդային Միության և Իրանի միջև գույություն ունեցող առևտրտնտեսական կապերում և մշակութային ծրագրերում առթից-առիթ երբեմն ներգրավվում էին նաև Խորհրդային Հայաստանի տարբեր մասնագետներ ու մշակույթի գործիչներ: Հայ-իրանական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ հարաբերությունները արհեստականորեն ընդհատվեցին և տասնամյակներ շարունակ դարձան խորհրդա-իրանական հարաբերությունների կցորդը: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո նկատի ունենալով Սփյուռքի առկայությունը` ԽՍՀՄ դեսպանություններում հայազգի դիվանագետների համար բացվեցին հատուկ հաստիքներ հայաշատ երկրներում հայ համայնքների հետ կապը պահպանելու նպատակով: Խորհրդային տարիներին Հայաստանը և Իրանը արհեստականորեն բաժանված լինելով իրարից, միմյանց նկատմամբ չկորցրին հետաքրքրությունը: Հայաստանում միշտ համակրանքով են վերաբերվել Իրանի նկատմամբ և ցանկացել, որ այդ երկիրը բարգավաճի լինի խաղաղություն և կայունություն, նկատի ունենալով, հազարամյա կապերը և որ իրանահայ համայնքն ամենամոտն է Հայասատանին լեզվական, մշակութային և աշխարհագրական առումով: 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը դարձավ ավելի փակ երկիր և խորհրդա-իրանական հարաբերություններում հայ մասնագետների մասնակցությունն ավելի նվազեց: Խորհրդային Միությունը ստիպված էր Իրանի նկատմամբ դրսևորել ավելի զուսպ և հավասարակշված քաղաքականություն, որպեսզի վերջնականապես դուրս չմղվեր Իրանից: ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ հանրապետությունները Իրանի հետ սկսեցին հաստատել ինքնուրույն հարաբերություններ: Հայաստանի համար կրկին հնարավորություն ընձեռվեց Իրանի հետ ունենալ անմիջական կապեր: | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ | |
2342 reads | 27.06.2013
| |