ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
![]() Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար 1925-ի հոկտեմբերից մինչև 1926թ. Լ. Սարգսյանն աշխատում է Անդրկովկասյան Կենտրոնական գործադիր կոմիտեյի կից գիտական միության բաժնի վարիչ: Նույն թվականին տեղափոխվում է Մոսկվա, որտեղ էլ իր մահկանացուն է կնքում 1927թ.-ի հուլիս ամսին: ![]() Լևոն Սարգսյանն իր` ՀԽՍՀ արտգործժողկոմին հղած առաջին` նոյեմբերի 23-ի զեկուցագրում գրում է, որ Հ. Արղությանը դեռևս չի հանձնել ՀՀ դեսպանության արխիվը, կահույքը և ավտոմեքենան: Երկար քաշքշուկներից հետո, ի վերջո գույքի մի մասը հանձնվում է 1922թ. հուլիսին: 1921թ. սեպտեմբերի 27-ին ՀԽՍՀ ներկայացուցչության ժամանակավոր քարտուղար Երնջակյանը Թեհրանից հեռագրում է արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանին, որ Իրանում բացվել է ՀԽՍՀ ներկայացուցչությունը: Այն ժամանակավորապես ղեկավարում է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Ֆեոդոր Ռոտշտեյնը: Մեկ ամիս անց Իրան է ժամանում Խորհրդային Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Լևոն Սարգսյանը: Նա հոկտեբերի 17-ին մեկնում է Թիֆլիս, այնուհետև Բաքու: Թիֆլիսում Լ.Սարգսյանը այցելում է Պարսկաստանի գլխավոր հյուպատոսին: Բաքվում Լ.Սարգսյանը հանդիպում է Խորհրդային Ադրբեջանի Արտգործժողկոմ Հուսեյնովի և նրա տեղակալ Անդրևիի հետ: Հոկտեմբերի 27-ին «Թեհրան» շոգենավով մեկնում է Էնզելի: Էնզելիում նրան դիմավորում է Ռուսաստանի հյուպատոսական ներկայացուցիչը: Հաջորդ օր Ռեշտ-Ղազվին ճանապարհով հասնում է Թեհրան` ստանձնելու իր պարտականությունների կատարմանը: Ռեշտում Լ.Սարգսյանի պատվին հայ համայնքը կազմակերպում է ընդունելության մեծ հանդես: Ղազվինում նա ավելի սառը և համեստ դիմավորման է արժանանում: Նոյեմբերի երեքին Լ.Սարգսյանը ժամանում է Թեհրան: Նրան քաղաքից դուրս դիմավորում են Ռուսաստանի դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչները: Նա արժանանում է պարսկական արարողակարգով նախատեսված բոլոր պատիվներին: Նրան է այցելում արտաքին գործերի նախարարության արարողապետ Վահիբ էդ Սուլթանը և Իրանի կառավարության կողմից ողջունում Հայաստանի Խորհրդային Հանրապետության նորանշանակ դեսպանին: Հաջորդ օրը Լևոն Սարգսյանին է այցելում Ահմեդ շահի պալատական գլխավոր արարողապետը և տեղեկություն տալիս հավատարմագրերը հանձնելու օրվա և արարողության կարգի մասին: ![]() Լ.Սարգսյանն իր ժամանման մասին հատուկ հուշագիր է ուղարկում Պարսկաստանի արտաքին գործերի նախարարությանը և խնդրում հստակեցնել հավատարմագրերը հանձնելու օրը և երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ կազմակերպելու ժամկետները: 1921թ. նոյեմբերի 9-ին Սահաբ Ղրան պալատում մեծ շքեղությամբ տեղի է ունենում Սուլթան Ահմադ շահ Ղաջարին դեսպան Լևոն Սարգսյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Սարգսյանը Պարսկաստանի շահին հանձնում է նաև Հայաստանի ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի գրավոր ուղերձը, որում ՀԽՍՀ կառավարության ղեկավարը Խորհրդային Հայաստանի պատրաստակամությունն է հայտնում Պարսկաստանի հետ բազմակողմանի կապեր զարգացնելու հարցում: Ուղերձում նշված է լինում, որ «…ելնելով Իրանի և Հայաստանի միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական կապերի և վստահության ամրապնդման անկեղծ ցանկությունից, Հայաստանի կառավարությունը Պարսկաստանի շահական կառավարության մոտ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ է նշանակումընկ. Լևոն Սարգսյանին, որը տրված մանդատի համաձայն պետք է ջանա իրեն մատչելի բոլոր միջոցներով նպաստել երկու երկրների միջև փոխհարբերությունների զարգացմանը…»: ![]() Հավատարմագրերը հանձնելուց հետո Հայաստանի դեսպանին նույն պալատի Սպիտակ սրահում ընդունում են Իրանի վարչապետն ու արտգործնախարարը: Նույն օրը Լևոն Սարգսյանն իր առաջին զեկուցագիրն է ուղարկում արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանին և տեղեկացնում հավատարմագրերի հանձնման և իր առաջին հանդիպումների մասին: Նա տեղեկացնում է, որ իր կողմից արդեն ստեղծվել են բարեկամական ջերմ հարաբերություններ Իրանի կառավարության անդամների հետ: Մի քանի օրից Խորհրդային Հայաստանի դեսպանություն են այցելում Իրանի վարչապետ Ղավամ օլ Սալթանեն ու արտգործնախարարը, խորհրդարանի մի քանի անդամներ և պատերազմի նախարար Ռեզա խանը: Դեսպանությունը մեծ թափով սկսում է իր գործունեությունը: Լևոն Սարգսյանը հուշագրով դիմում է Իրանի կառավարությանն Եզեկել Երզնկյանին Ատրպատականի հայոց ընդհանուր հյուպատոս ճանաչելու, Ատրպատականում քուրդ առաջնորդ Սմկոյի դեմ ռազմական գործողություններ սկսելու և Հովսեփ Արղությանի կողմից նախկին դեսպանության գործերն ու գույքը հանձնելու մասին: Իրանի կառավարությունը կարճ ժամանակում տալիս է համաձայնություն` Երզնկյանին որպես հյուպատոս ճանաչելու և հյուպատոսարան հիմնելու մասին: Խորհրդային Հայաստանի ներկայացուցչությունը ևս աշխատանքներ է տանում պարսկահայերին Հայաստանի վերաշինությանը մասնակից դարձնելու համար: Դեսպանությունը սկսում է հայերենով հրատարակել մամուլի շաբաթական տեղեկագրեր, որոնցում տեղեկություններ է հաղորդվում Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական վիճակի մասին: Դեսպանությունը լայն աշխատանքներ է տանում Պարսկաստանի հայկական գաղութում, տեղի հայությանը հայրենիք հետ կապելու և նրա ներուժը երկրի վերաշինության մեջ օգտագործելու նպատակով: Նոյեմբերի 29-ին Թեհրանում տեղի է ունենում Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին տարելիցին նվիրված պաշտոնական ընդունելությունն ու ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությունը: Արարողության ժամանակ ելույթ են ունենում ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Լևոն Սարգսյանն ու ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Ֆ. Ռոտշտեյնը: Արարողությանը մասնակցում են Պարսկաստանի կառավարության մի շարք անդամներ: Ներկա են եղել նաև Խորհրդային Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչը, հնչակյան կուսակցության, դաշնակցության կուսակցությունիսց անջատված թևի, մի քանի դպրոցների և հաստատությունների ներկայացուցիչներ: Երեկոյան տեղի է ունենում ընդունելություն, որին մասնակցում են վարչապետ Ղավամ օլ Սալթանեն, մեջլիսի նախագահը, պատերազմի նախարար Ռեզա խանը, նախարարներ, Պարսկաստանի նախկին վարչապետներ, Ռուսաստանի, Անգլիայի, Նորվեգիայի, Աֆղանստանի դեսպանները: Հանդեսին չներկայացած մյուս դեսպանությունները ուղարկում են շնորհավորական հեռագրեր: Նույն օրը` նոյեմբերի 29-ին Թավրիզում տեղի է ունենում նաև ՀԽՍՀ հյուպատոսության բացման արարղությունը, չնայած հյուպատոսությունը գործում էր նոյեմբերի մեկից: Հանդիսություներին մասնակցում են նահանգապետարանի պարսիկ պաշտոնատարներ նահանգապետ Մոխաբեր էս-Սալթանեի գլխավորությամբ: Մասնակցում են նաև Թավրիզի Ռուսաստանի և Անգլիայի հյուպատոսները, ամերիկյան միսիոներական ընկերության, տեղի հայկական համայնքի և գաղթականության ներկայացուցիչները: | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ | |
2087 reads | 23.06.2013
| |