ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
ԳԱՌՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար










1920թ. հունվարի19-ին Անտանտի գերագույն խորհուրդը որոշում է ճանաչել Անդրկովկասի երկրների անկախությունը (Ադրբեջանինը և Վրաստանինը` մեկ շաբաթ առաջ): Այդ մասին դեսպան Արղությանին հայտնում է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Պերսի Քոկսը, որ մինչ այդ խուսափում էր ՀՀ դեսպանի հետ պաշտոնապես հանդիպելուց:

1920թ. փետրվարին ՀՀ դեսպանությունում կազմավորվում է տեղեկատվական կենտրոն, որը նպատակ ուներ հայկական գաղութին տեղյակ պահել Հայաստանի քաղաքական, ֆինանսական և տնտեսական կյանքի առավել կարևոր իրադարձությունների մասին և պարսկահայությանը կապեր հայրենիքի հետ: Կենտրոնն ուներ երկու բաժին և ամեն շաբաթ հրատարակում էր տեղեկագիր:

ՀՀ դեսպանությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի օգտին հանգանակություններ կատարելու «Ոսկու ֆոնդ»-ի համար և փոխառություններ կազմակերպելու հարցում: Արղությանն իր Երևան ուղարկած հեռագրերում և նամակներում կառավարությունից համապատասխան թույլտվություն է խնդրում այդ գործը սկսելու համար: Կազմավորվում է Իրանի «Անկախության փոխառության կենտրոնական մարմին»-ը:

Ստանալով կառավարության համաձայնությունը, Արղությանը 1920թ. ամռան ընթացքում Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Ղազվինում և մյուս հայաշատ քաղաքներում ստեղծում է հանձնաժողովներ և կոմիտեներ, ձեռնամուխ լինում հանգանակության գործին` անձամբ շրջագայելով այդ վայրերում:
Մինչև Արղությանի ներկայացուցչության Իրան ժամանելը և նրան կից հյուպատոսական բաժին ստեղծելը, հյուպատոսական գործառույթները իրագործում էր Ատրպատականի առաջնորդարանը: Անձնագրերը տրվում էին անվճար, սակայն Ատրպատականի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը նամակով դիմում է ՀՀ արտգործնախարարությանը և խնդրում անձնագրերի համար գանձումներ կատարելու թույլտվություն:
Արտգործնախարարությունը տալիս է նման թույլտվություն, սահմանվում են համապատասխան սակագներ: Առաջնորդարանին տրվում են հաշվեմատյաններ, տարբեր բլանկներ, անձնագրեր և այլն:

Թեհրան ժամանելուց հետո Արղությանը ՀՀ ներկայացուցչությանը կից ստեղծում է հյուպատոսական բաժին: Պատրաստվում են անձնագրեր, հյուպատոսական գրքեր, տպագիր դիմումներ, որոնք, մյուս քաղաքներում հյուպատոսություններ չլինելու պատճառով, տարածվում էին տեղական համայնքների խորհուրդների միջոցով: ՀՀ քաղաքացիություն ընդունել ցանկացողները պարտավոր էին լրացնել այդ դիմումները և կից ներկայացնել երկու լուսանկար: Սահմանվում են նաև հյուպատոսական գանձումների չափերը`մեկ տարով տրվող անձնագրի համար գանձվում էր հինգ թուման, կես տարվա համար` երեք թուման: Անձնագրերի վիզավորման համար տասնհինգ ղռան, իսկ վկայականնների, տեղեկանքների և ամեն կարգի ակտերի համար տաս ղռան: Հինգ ղռան էր գանձվում ստորագրությունների հաստատման համար: Աղքատ խնդրատուներին անձնագիրը տրվում էր անվճար, իսկ գաղթականներին` անձնագրի փոխարեն ժամանակավոր վկայականներ: Ի դեպ, գանձումների այս սակագները կազմվել էին ռուսական և Թեհրանում գործող այլ երկրների հյուպատոսական գանձումների օրինակով:

Դեսպանությունը զբաղվում է հպատակության հարցերով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ տասնյակ հազարավոր հայերի Իրանը ապաստան էր տվել: Չնայած իրանական կառավարության հոգատար վերաբերմունքին, նրանց վիճակը ծանր էր: Բազմաթիվ հայեր ցանկություն են հայտնում դառնալ Հայաստանահպատակ և վերադառնալ հայրենիք: Դեսպանությունը պատրաստում է հատուկ անկետաներ և դրանք տարածում գաղթականության շրջանում:

Գաղթականների ամենամեծ կուտակումը Թավրիզում էր, ուստի այդտեղ էլ որոշվում է հիմնել Հայաստանի հյուպատոսություն:

Առևտրտնտեսական հարաբերություններ սկսելու նպատակով Արղությանը ՀՀ կառավարության լիազորագրով բանակցություններ է սկսում Պարսկաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն 1920թ. հունիսին Իրանում տեղի է ունենում կառավարության նախագահի փոփոխություն: Վոսուղ Էդ Դոուլեին փոխարինում է Մոշիր Էդ Դոուլեն:

Բանակցություններն ընդհատվում են: ՀՀ դեսպանությունը փորձում է Պարսկաստանից մի առևտրական պատվիրակություն ուղարկել Հայաստան երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորելու համար, որը ցավոք տեղի չի ունենում Պարսկաստանի ներքաղաքական կյանքի լարվածության և Ղարաբաղի հարցով սկսված հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով:

1920թ. հոկտեմբերին Արղությանը Իրանական կառավարության համաձայնությամբ Թավրիզում հյուպատոսական գործակալ է նշանակում Մուշեղ Տեր-Զաքարյանին, որը հազիվ կարողանում է տեղավորվել, սակայն որևէ լուրջ գործողություն չի հասցնում անել Խորհրդային Հայաստանի հյուպատոսի ժամանման պատճառով:

Ի դեպ, հյուպատոսությունների մասին, Իրանն օրինակ, Անդրկովկասում դեսպանություններ չուներ: Թիֆլիսի հյուպատոսությունը համարվում էր կենտրոնական, իսկ գլխավոր հյուպատոսը համադրում էր Կարսի, Երևանի և Բաքվի հյուրատոսությունների աշխատանքները, կատարում դեսպանության գործառույթներ և ուներ լայն լիազորություններ:

1920թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ելնելով նյութական միջոցների սղությունից, որոշում է կայացնում լուծարել Թեհրանում ՀՀ ներկայացուցչությունը և դիվանագիտական անձնակզմին ետ կանչել Երևան: Արղությանին հրահանգ է տրվում գործերը հանձնել տեղացիներից մեկին, նշանակելով նրան ՀՀ պատվավոր ներկայացուցիչ, առանց պետական գանձարանից վճարումներ ստանալու իրավունքի:

ՀՀ դեսպանության աշխատակիցներից Ս.Առաքելյանը հետագայում համաձայնվում է աշխատել Խորհրդային Հայաստանի դեսպանությունում, իսկ Հովսեփ Արղությանը լքված վիճակում մնալով մինչև 1922թ. ստիպված է լինում ընտանիքով տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ էլ մահանում է 1925թ.-ին և թաղվում Փարիզում: Այսպսով ընդհատվում է Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանության մոտ մեկամյա գործունեությունն Իրանում:

Հայաստանի Հանրապետությունը գոյատևեց երկուսուկես տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից` Հայաստանի առաջին հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ
2507 reads | 14.06.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com