ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
ԳԱՌՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար











Իշխան Հովսեփ Արղությանը է ծնվել է 1865թ. Թիֆլիսում և սերում էր իշխանական տոհմից: Ավարտել ԹիՖլիսի Ներսիսյան դպրոցը: Արղությանը մանկավարժական գործունեություն է ծավալել Տրապիզոնում, Երևանում և Թիֆլիսում: 1892թ. Արղությանը վերադառնալով աքսորից կեղծ անձնագրով անցնում է Ատրպատական և մինչև 1897թ. լծվում կուսակցական- հեղափոխական աշխատանքի:

1894թ. Արղությանը տեղափոխվում է Վան, որտեղից կարևոր հանձնարարություններ ստացած, կրկին Պարսկաստան է վերադառնում 1895թ. գարնանը:

1897թ.-ին տեղի ունեցած Խանասորի արշավանքի ժամանակ Արղությանը հայդուկների կողմից ընտրվում է հրամանատարի տեղակալ: Սալմաստում պարսկական իշխանությունները սաստիկ հալածանքնքների են ենթակում արշավանքի մասնակիցներին, նրանց մի մասը ձերբակալվում է որպես ՙղաչաղ բաշի՚, այդ թվում նաև Հովսեփ Արղությանը: Բանտում նա մնում է ծանր և անտանելի պայմաններում և ենթարկվում պարսկական շահական բանտին հատուկ սոսկալի տանջանքներին: Թավրիզի ռուսական հյուպատոսի պահանջով նրան Սալմաստի բանտից տեղափոխում են Թավրիզի բանտ: Հյուպատոսը նրան ուղարկում է Կովկաս, որտեղից էլ ռուսական կառավարության որոշմամբ աքսորվում է Վոլոգդա քաղաքը:

Առաջին աշխարհամարտի տարիներին նա եղել է հայ կամավորական շարժման ջոկատների յոթ հրամանատարներից մեկը: Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հովսեփ Արղությանը Բաքվից Կասպից ծովի Էնզելի նավահանգիստ է ժամանում 1919 դեկտեմբերի 24-ին: Քաղաքի հայ բնակչության մի ստվար զանգված ՀՀ դեսպանի դիմավորման համար կոչված հանձնախմբի գլխավորությամբ նավահանգստում ցնծությամբ դիմավորում և բարի գալուստ է մաղթում Հ. Արղությանին: Դիմավորողների մեջ է լինում նաև քաղաքի դատավորը, արտաքին գործերի նախարարության ներկայցուցիչը, որը Պարսկաստանի կենտրոնական կառավարության անունից շնորհավորում է Հովսեփ Արղությանին Հայաստանի Հանրապետության անկախության առիթով և բարի գալուստ մաղթում վերջինիս: Իշխանը շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարձր մակարդակով դիմավորելու համար դրվատում է հայ-պարսկական հարաբերությունները և հայտարարում, որ այսուհետև ավելի սերտ հիմքերի վրա է դրվելու երկու հարևան երկրների բարեկամությունը:

Հ.Արղությանի հետ էնզելի են ժամանում իշխանուհի Սաթենիկ Արղությանը, օրիորդ Արփիկ Արղությանը, դեսպանության խորհրդական, մասնագիտությամբ բժիշկ Բ.Հարությունյանը և դեսպանության գլխավոր քարտուղար Սուրեն Առաքելյանը: Հայաստանի անդրանիկ դեսպանի ժամանման մասին անհապաղ հեռագրեր են հղվում Պարսկաստանի բոլոր հայաբնակ քաղաքներ:

Արղությանը բարձր ընդունելության է արժանանում նաև Ռեշտում և Ղազվինում, իսկ Թեհրան է հասնում հունվարի 4-ին: Նորանշանակ դեսպանն արարողակարգային այցելություններ է կատարում Իրանում Մեծ Բրիտանիայի, Բելգիայի և Ֆրանսիայի դեսպանություններ: Հանդիպում ունենում Ֆինանսների, հանրային աշխատանքի, կրթության, փոստի և հեռագրի նախարարների հետ: Հունվարի 16-ին դեսպան Արղությանը հանդիպում է ունենում նաև պատերազմի նախարար Ռեզա խանի հետ (հետագայում` Ռեզա Փեհլևի շահ): Բոլոր հանդիպումների ժամանակ ընդգծված կերպով արտահայտություն է գտնում հարգանքը Հայաստանի և դեսպանի նկատմամբ:

Հունվարի 16-ին Արղությանի նստավայր է ժամանում Պարսկաստանի արտաքին գործերի նախարարության արարողապետ Ջալալ էլ Մոլքը և Հայաստանի դեսպանին հայտնում, որ հաջորդ օրը նախատեսվել է հանդիպում և հավատարմագրերի հանձնում թագաժառանգին, քանի որ Ահմադ Ալի շահը գտնվում է եվրոպայում և նրան փոխարինում է եղբայրը:

Հունվարի 17-ին Արղությանն ու իրեն ուղեկիցները մեկնում են «Գոլեսթան» պալատ որտեղ «Ադամանդե» սրահում տեղի է ունենում թագաժառանգ Վալիահդ Մոհամմադ Հասան Միրզային հավատարմագրերի հանձնման արարողությունը:

Թագաժառանգը, որ երկար տարիներ ապել էր Ատրպատականում և մոտիկից ծանոթ էր հայերին և բարեկամական հարաբերություններ ուներ թեմակալ առաջնորդ Ներսես աքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի հետ Արղությանի ելույթից հետո բարձր է գնահատում պարսիկ և հայ ժողովուրդների բարեկամական կապերը և խոստանում աջակցել դրանց զարգացմանը:

Արղությանը ՀՀ կառավարությունից հանձնարարական էր ստացել Պարսկաստանի հետ կնքել բարեկամության և առևտրական պայմանագիր, ինչպես նաև երկաթուղային ու փոստ-հեռագրական համաձայնագիր: Նա պետք է պարզեր պարսկահայերի թիվը և կապեր նրանց Հայաստանի հետ` մասնակից դարձնելով Հայաստանի շինարարության գործին:

Հանձնարարված էր նաև ճշտել Միջագետքում (Բաքուբա) գտնվող գաղթականության թիվը, պարզել նրանց կեցության պայմաններն ու Հայաստանում վերաբնակեցնելու հնարավորությունները: Թեհրանում ՀՀ նորաստեղծ դեսպանությունը պետք է կապեր հաստատեր Հնդկաստանի և Միջագետքի հայերի հետ, պարզեր այն միջոցները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ
2601 reads | 05.06.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com