ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
![]() Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Նորանկախ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն առաջին իսկ օրերից առավելագույնս կարևորում էր հարևան Իրանի հետ անմիջական հարաբերությունների և բազմաբնույթ կապերի հաստատումը: ![]() 1918-19թթ. ակտիվ շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Իրանի միջև, Հայաստան է այցելում պարսկական մի պատվիրակություն առևտրատնտեսական հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նույն պատվիրակության հետ Իրան է մեկնում ՀՀ կառավարական պատվիրակությունը: Մակուի խանությունում Հայաստանի ներկայացուցիչները սկսում են հացահատիկ և անասուն գնել սովից հյուծված Հայաստանի ազգաբնակչությանը հասցնելու համար: Նման կապերը և հարաբերությունները կանոնակարգելու համար անհրաժեշտություն է զգացվում երկու երկրների հարաբերություններին տալ քաղաքական բնույթ: 1919թ. հունիսի 11-ին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը (Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար) Պարսկաստանի կառավարության նախագահ Վոսուղ էդ Դովլեի հետ գրագրություն է հաստատում: Առաջին հեռագրում մասնավորապես նշված է լինում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայ և պարսիկ ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև գաղթականության, տրանզիտի, երկաթուղագծի և երկու երկրների կենսական շահերին վերաբերող այլ հարցերի լուծման համար խնդրում է շահի կառավարության համաձայնությունը` Հայաստանի հատուկ ներկայացուցչին Թեհրան ուղարկելու և վերոհիշյալ հարցերը լուծելու համար բանակցություններ սկսելու առաջարկով: Խատիսյանն իր հեռագրում հույս է հայտնում, որ պարսից կառավարությունը դրական լուծում կտա հարցին: ![]() Պատասխանը երկար սպասեցնել չի տալիս: Հունիսի 18-ին Երևանում Պարսկաստանի հյուպատոս Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը Ալեքսանդր Խատիսյանին է հանձնում Պարսկաստանի կառավարության պատասխան հեռագիրը, որում մասնավորապես նշվում է, որ Պարսկաստանի Ահմադ շահը հավաստում է Պարսկաստանի տարածքում իր կառավարության բարյացկամությունն ու հատուկ ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ և ցանկանում, որ հայ ժողովրդի իղձերը ի կատար ածվեն: Հուլիսի 7-ին Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում նրա հետ: Օգոստոսի 1-ին Ալեքսանդր Խատիսյանը հեռագրում է Թեհրան, որում, մասնավորապես, ասվում է «Որպես Պարսկաստանի կառավարության բարյացակամ պատասխանի հետևանք, Հայաստանի կառավարությունը Նորին կայսերական մեծության Շահի կառավարությանը կից լիազոր ներկայացուցիչ է նշանակում իշխան Արղությանին և նրան տալիս է մանդատ ` լուծելու բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանին»: Վոսուղ էդ Դովլեն Ալեքսանդր Խատիսյանին հասցեագրված Ֆրանսերեն պատասխան նամակով հայտնում է. «…Պարսից կառավարությունը կատարելապես տրամադիր է Հայաստանի մասնավոր ներկայացուցչին պաշտոնապես ընդունել Թեհրանում»: Կառավարությունը հրամանագրով Թեհրանում ՀՀ դեսպան է նշանակում Հովսեփ Արղությանին: Իրանահայ գաղութն այդ մասին տեղեկանում է Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարտիրոս Հարությունյանից: Դեսպանը տեղեկացնում է նաև, որ շուտով Արղությանը կճանապարհվի Թեհրան: Այդ օրերին Թեհրան մեկնող Արղությանը Բաքվում մասնակցում է հայ-ադրբեջանական խորհրդաժողովի աշխատանքներին, որում քննարկվում էին հայ-ադրբեջանական սահմանների, երկաթուղու, գաղթականների, հյուպատոսական և դատաիրավական հարցեր: Հայաստանի դեսպան նշանակելու լուրը կայծակի արագությամբ տարածվում է ամբողջ Պարսկաստանով մեկ, հայ համայնքն անհամբեր սպասում է նորանկախ հայրենիքի առաջին դեսպանի ժամանմանը: | |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ | |
2360 reads | 17.05.2013
| |