ՊՈՂՈՍ ՀԱԿՈԲՈՎ. ՔՉԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՏՆՏԵՍԱԳԵՏ ԴԻՎԱՆԱԳԵՏ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան








1932-ին հեղափոխության «մրրկահավ» Մաքսիմ Գորկու հռչակած «Եթե թշնամին չի հանձնվում, նրան ոչնչացնում են» կործանարար կարգախոսով ուղեկցվող` կոլխոզների բռնի ստեղծման ալիքը հասավ Վրաստան` իր հետ բերելով գյուղացիների մասսայական աղքատացում:

Ախալցխայի Սուխլիս գյուղի Հակոբովների ընտանիքը հայտնվեց սովի ճիրաններում: 6-ամյա Պողոսի մայրը թոքախտով անկողին ընկավ և այլևս ոտքի չկանգնեց: Իսկ գյուղում մոլեգնում էր կուլակաթափությունը և կոլեկտիվացումը: Այդ գործով Թիֆլիսից ժամանած հին բոլշևիկ հայազգի Օսիպովը նկատեց սնդիկի պես շարժուն և ժիր Պողոսին: Առաջարկեց հորը երեխային «տալ իրեն»:

-Հետո, ինձ Գիքորի պես տարան քաղաք,- կատակում է Հակոբովը:

Այսպիսով, նա ոչ միայն փրկվեց սովից, այլև հայտնվեց բարի և մարդասեր ընտանիքում, ուր Օսիպովի զարգացած և կրթական բարձր մակարդակ ունեցող լեհուհի կինը ընդունակ երեխայի մոտ սեր և հետաքրքրություն սերմանեց դեպի գիրն ու գրականությունը, արվեստներն ու երաժշտությունը, սովորեցրեց ռուսերեն:

Ավարտելով դպրոցը և Թիֆլիսի երկաթուղային տեխնիկումը՝ Հակոբովը սկսում է աշխատել Ռուսթավիի մետալուրգիական գործարանի շինարարությունում: Հետո մեկնում է Մոսկվա, ընդունվում և ավարտում Պլանային ակադեմիան (այժմ` Մոսկվայի պետական տնտեսագիտական ինստիտուտ): Աշխատում է միութենական ուժեղագույն տնտեսագիտական կազմակերպություններում: Լինելով աշխատասեր, նպատակասլաց և պրպտող` Հակոբովը լրջորեն ուսումնասիրում է երկրի տնտեսական զարգացման միտումներն ու կառույցները` առանձնապես խորանալով մետալուրգիական արդյունաբերության առաձնահատկությունների մեջ:

Երեսունն անց էր, երբ կանչում և ասում են, որ պետք է գնա սովորելու Բարձրագույն դիվանագիտական դպրոց (այժմ` Ակադեմիա): Հակոբովը դժկամությամբ է ընդունում նորությունը: Սիրում էր իր աշխատանքը, արագ բարձրանում էր ծառայողական աստիճաններով, կազմել էր ընտանիք, ուներ երկու երեխա, իսկ դիվանագիտությունն իր համար անհայտներով հավասարում էր: Սակայն ինչպե՞ս էր այն ժամանակվա կուսակցական դրվածքը. կանչում և ասում էին` «Պետք է» և որպես կանոն, պատասխանը լինում էր մեկը. «Պետք է, ուրեմն պետք է»:

Հակոբովն ԱԳՆ եկավ ոչ բարձր պաշտոնից: Նրա նման շատ-շատերը այդպես էլ մնացին դիվանագիտության outsiders վերջնապահներ, և քչերը կարողացան հասնել դեսպանի աստիճանի: Այդ քչերի շարքում էր Հակոբովը: Ինչո՞վ է բացատրվում նրա հաջողությունը: Նախ` վերուստ իրեն շնոհրված բնական ընդունակություններով: Հետո մոլեռանդ աշխատասիրությամբ: Նրան հանձնարարել էին սովորել դժվարագույն լեզուներից մեկը` արաբերենը, որի մասին կատակով ասում են «Այն դժվար է առաջին քսան տարում»: «Երկար ու անքուն գիշերներ» տքնեց, որպեսզի այն հասցնի պահանջվող մակարդակի, կարողանա աշխատել առանց թարգմանչի: Կարևոր է, որ բավական ուշ մտնելով դիվանագիտության մեջ` նա անցավ ծառայողական բոլոր աստիճաններով` երրորդ քարտուղարից մինչև դեսպան:

Հակոբովը տնտեսագետ էր և արտգործնախարարությունում այդպիսին էլ մնաց` անդավաճան իր հավատամքին, միայն տնտեսագետին ավելացավ միջազգայնագետի կոչումը: Հետագայում աշխատելով որպես դեսպան և իրականացնելով բազմակողմանի գործունեություն` Հակոբովը բոլոր դեպքերում գերակայությունը տալիս էր տնտեսագիտությանը` համարելով այն արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության հիմքերի հիմքը: Այդ նվիրվածությունը փոխադարձվեց և վարձատրվեց առաջին իսկ գործուղման ժամանակ:
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ
834 reads | 08.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com